ԵՊԲՀ պրոֆեսոր, «Գերձայնային ախտորոշումը մանկաբարձությունում, գինեկոլոգիայում և ֆետալ բժշկությունում» կուրսի վարիչ Կարինե Թոխունցն ընտրվել է Մանկաբարձության և գինեկոլոգիայի ուլտրաձայնային հետազոտությունների միջազգային միության (International Society of Ultrasound In Obstetrics and Gynecology – ISUOG) դեսպան (ISUOG AMBASSADOR)։
Կազմակերպության պատմության ընթացքում առաջին անգամ ISUOG դեսպանն ընտրվել է Հարավկովկասյան և Մերձավորարևելյան տարածաշրջանից։
ISUOG Նոմինացիոն կոմիտեն ընդունել է Կարինե Թոխունցի թեկնածությունը, իսկ Հոգաբարձուների խորհուրդը՝ վավերացրել նրա նշանակումը՝ որպես ISUOG դեսպան։ Սա նշանակալի ձեռքբերում է ինչպես մեր երկրի համար, այնպես էլ բժշկական բուհի միջազգայնացման գործընթացում։
Միության ամենամյա ընդհանուր ժողովն այս տարի կկայանա Սեուլում՝ հոկտեմբերի 16-ին:
Դեսպանները կամավոր սկզբունքով ակտիվորեն ներգրավվում են ISUOG գործունեության մեջ, և, լինելով որակավորված մասնագետներ, ստանձնում են որոշակի պարտականություններ՝ աջակցելու Միության առաքելությանը նշված աշխարհագրական տարածաշրջանում:
Նշենք, որ Մանկաբարձության և գինեկոլոգիայի ուլտրաձայնային հետազոտությունների միջազգային միությունը հատուկ առաքելություն ունի, մանսավարապես՝ ուլտրաձայնային հետազոտությունը հասանելի դարձնել յուրաքանչյուր կնոջ համար:
Միջազգային մասնագիտական այս ասոցիացիան միավորում է ավելի քան 15.000 բժիշկ. մանկաբարձներ, գինեկոլոգներ, ուլտրաձայնային ախտորոշման մասնագետներ ամբողջ աշխարհից: