Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Գիտակրթական կարողությունների զարգացումը՝ ուշադրության կենտրոնում

Գիտակրթական կարողությունների զարգացումը՝ ուշադրության կենտրոնում

Բժշկական մայր բուհում անցկացվեց «Երիտասարդները՝ բժշկագիտության մեջ» խորագրով Առողջապահության համաշխարհային կազմակերպության հայաստանյան գրասենյակի և ԵՊԲՀ-ի կողմից նախաձեռնած գիտաժողովը, որի ընթացքում ուսանողները հանդես եկան իրենց հետազոտական և վերլուծական աշխատանքներով։

Նախքան զեկույցների մեկնարկը, Հետբուհական և շարունակական կրթության գծով պրոռեկտոր Գառնիկ Ավետիսյանը ողջունեց նախաձեռնությանը՝ մասնակիցներին հաջողություններ մաղթելով գիտակրթական կարողությունների զարգացման ճանապարհին:

«Նման հետաքրքիր միջոցառումը հնարավորություն է տալու մեր երիտասարդ գործընկերներին բժշկագիտության մեջ իրենց դիտարկումներն ու ուսումնասիրությունները ներկայացնելու: Համոզված եմ, որ նախաձեռնությունը մեծացնելու է մեր հնարավորությունները՝ հետագայում շատ ավելի մեծ և ծավալային աշխատանքներ իրականացնելու գործում: Զեկույցները բավականին հետաքրքիր են ու բովանդակալից»,-նշեց Գառնիկ Ավետիսյանը՝ արգասաբեր և արդյունավետ օր մաղթելով բոլորին:

ԱՀԿ հայաստանյան գրասենյակի Իմունականխարգելման պորտֆոլիոյի ղեկավար Լյուդմիլա Նիազյանը կարևորեց նման միջոցառումների անցկացման շարունակականությունը՝ ընդգծելով, որ հետազոտական աշխատանքները հնարավորություն են տալու հասկանալու, թե ինչպես այս կամ այն խնդիրը լուծելու ուղիներ գտնել, որպեսզի ունենանք կյանքի որակի բարելավում և ապրելիության երկարաձգում:

«Ուրախ եմ ողջունելու ձեզ այսպիսի գիտակրթական ծրագրի շրջանակում: Այս փուլում մենք շատ հետաքրքիր ներգրավվածություն ունենք, կրթական ծրագրերում մենք ավելի մեծ ուշադրություն ենք դարձնելու հետազոտությանը, կառավարելի վարակներին: Լիահույս եմ, որ մոտակա մի քանի ամիսը ձեզ կմոտիվացնի, որպեսզի դուք ինտենսիվ կերպով կատարեք հետազոտական աշխատանքներ, և ապրիլի վերջին լսումներից հետո մենք կընտրենք մի քանի լավագույն աշխատանքներ, որոնք հնարավորություն կունենան տպագրվելու միջազգային գիտական ամսագրերում, ինչպես նաև այցելելու միջազգային գիտաժողովների»,-հավելեց Լյուդմիլա Նիազյանը:

Այնուհետև, հերացիականները հանդես եկան մասնագիտական զեկույցներով՝ բազմաթիվ կարևոր և արդիական խնդիրների անդրադառնալով: