Ընդհանուր բժշկության ֆակուլտետի 6-րդ կուրսի ուսանող Սոֆի Էլիզբարյանը վստահ է՝ իր ուղին բժշկության մեջ է։ Նա մեծացել է բժշկական միջավայրում, ու դեռ փոքրուց որոշել էր՝ դառնալու է բժիշկ։
«Ամբողջ գիտակից կյանքս գիտեի, որ բժիշկ եմ լինելու, երբեք չեմ կասկածել՝ որտեղ եմ ընդունվելու։ Հայրս, մայրիկս ու տատիկս այս բուհն են ավարտել, և փոքրուց միշտ բժիշկներով էի շրջապատված։ Տանը բժիշկներ էին, ծնողներիս ընկերները՝ բժիշկներ։ Երբ դայակս չէր գալիս, մայրիկիս հետ հիվանդանոց էի գնում, և ինձ ամբողջ բուժանձնակազմը ուշադիր նայում էր մինչև մայրիկս աշխատանքն ավարտեր։ Երբ սկսեցի խոսել, հարցնում էին՝ «Ի՞նչ ես դառնալու», ես ասում էի՝ «երեխա ծնեցնող»։ Հետո ծնողներս ինձ ծանոթացրին տարբեր ոլորտների հետ, փորձեցի տարբեր խմբակների, միջոցառումների ու ամառային դպրոցների մասնակցել, բայց բժշկությունից դուրս ինձ երբեք չեմ պատկերացրել»,-նշում է նա։
Սոֆիի խոսքով՝ բժշկության ընտրությունը ոչ միայն անձնական հետաքրքրություն է, այլև գիտակցված որոշում՝ լի զոհաբերություններով, բայց նաև խորը բավարարվածությամբ։
«Ծանր է, բայց հետաքրքիր։ Բժշկականը զոհաբերությունների մասին է՝ տալիս ես ժամանակդ, առողջությունդ, ցանկություններդ, սոցիալական հարաբերություններդ։ Փոխարենը ստանում ես բժշկի կոչում, և իրականում` արժե։ Դժվար է, հատկապես եթե աշխատում ես և փորձում ես այլ բաների հետ համատեղել։ Չնայած գերազանց եմ սովորում, հասկանում եմ՝ գնահատականը չի որոշում մասնագետ լինելու որակը։ Շրջապատված եմ խելացի կուրսընկերներով, որոնք, վստահ եմ, ապագայում լավ մասնագետներ կդառնան:
Գնահատականը շատ բաների արդյունք է՝ ինտելեկտ, հիշողություն, դիսցիպլինա։ Որոշ ոլորտներում լավ հիշողությունը բավարար է բարձր գնահատական ստանալու համար, բայց լավ մասնագետ դառնալու համար բավարար չէ»,-անկեղծանում է հերացիականը։
Նա վստահ է՝ ցանկացած բարդություն հաղթահարելի է, եթե կա նպատակ և հետևողականություն. «Ես ունեմ հետաքիրի հատկություն. երբ ամեն ինչ դժվար է, անջատվում են էմոցիաները, միանում է մեքենայական աշխատանքը։ Կենտրոնանում եմ նպատակի վրա և վստահ եմ՝ չկա բան, որը չի կարող ստացվել, պարզապես անհրաժեշտ է բավարար մոտիվացիա ու կարգապահություն»։
Խոսելով ուսումնառության, դասախոսական կազմի մասին, ԵՊԲՀ ուսանողը շեշտում է.
«Շնորհակալ եմ համալսարանին, որ հանդիպեցի նման դասախոսների։ Նրանք ոչ միայն լավ մասնագետներ են, այլև հրաշք մարդիկ, որոնց հետ շարունակում եմ կապ պահել, որոնցից միշտ սովորում եմ, խորհուրդ ստանում»։
Սոֆին նեղ մասնագիտության ընտրության հարցում դեռ հստակ որոշում չի կայացրել, բայց սիրում է աշխատել երեխաների ու կանանց հետ։
Գիտելիքը տարածելը Սոֆիի համար նույնքան կարևոր է, որքան այն ստանալը։ Նա վարում է բժշկական կրթական բլոգ, որտեղ հանրամատչելի ձևով ներկայացնում է բժշկական թեմաներ, խոսում միֆերից, հիվանդություններից։
«Փոքրուց սիրում էի ուսումնասիրել ու հետո պատմել՝ ընկերներին, ծնողներին։ Կոնֆերանսներ էի սիրում, բարձրանալ բեմ ու խոսել իմ հետազոտածի մասին, ամառային դպրոցներ վարել՝ երեխաներին կրթել։ Ուզում եմ օրինակ ծառայել հայ աղջիկներին՝ ցույց տալ, որ կարևոր է կրթվել, դնել մեծ նպատակներ և լինել անկախ»,- խոսքը եզրափակում է ապագա բժիշկը։