Սիրելի՛ առաջին կուրսեցիներ, սովորողներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեր մուտքը նոր ուսումնական տարի:
Գիտելիքի և դպրության օրվա խորհուրդը բազմապատկում է յուրաքանչյուրիս պատասխանատվությունը վաղվա օրվա հանդեպ:
Գիտելիքի կարևորության գիտակցումն է, որ կարող է «ձեռնոց նետել» գլխապտույտ արագությամբ փոխվող աշխարհում հաճախ անլուծելի թվացող խնդիրներին:
Բժշկական մայր բուհի գործունեության գլխավոր շեշտադրումը շարունակում է մնալ կրթական մակարդակի, կրթության որակի բարձրացումը, սպիտակ բանակի շարքերը պրոֆեսիոնալ կադրերով համալրելու առաքելությունը:
104-ամյա համալսարանը կարևոր է համարում նաև բուհի ու կից կառույցների շենքային պայմանների, ենթակառուցվածքների բարելավման աշխատանքները:
Նոր ուսումնական տարին կնշանավորվի ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցի վերակառուցված շենքի բացման արարաղությամբ:
Մի քանի տարի ընթացող շինարարության արդյունքում ունենք միջազգային, ժամանակակից չափանիշներին համապատասխան կրթագիտական հաստատություն, որտեղ ապահովված են արդյունավետ կրթական գործընթացի իրականացման բոլոր հնարավորությունները:
Սիրելի՛ ուսանողներ, սովորեք անհոգնել՝ յուրացնելով պրոֆեսորադասախոսական կազմի տված գիտելիքն ու նրանց փորձառությունը՝ հանուն ձեր բարեկեցիկ ապագայի, հանուն համընդհանուր մեր նպատակի՝ Հայաստանի կայուն ու խաղաղ ապագայի, հանուն ժողովրդի առողջության:
ԵՊԲՀ ռեկտոր
Արմեն Մուրադյան