Գիտելիքն ամենակարևորն է, ինչ մարդ կարող է ձեռք բերել կյանքում. Թամարա Կարապետյան

Գիտելիքն ամենակարևորն է, ինչ մարդ կարող է ձեռք բերել  կյանքում. Թամարա Կարապետյան

Դեղագիտական ֆակուլտետի քիմիայի ամբիոնի դոցենտ Թամարա Կարապետյանն արդեն 52 տարի է, ինչ իր աշխատանքային գործունեությունն է ծավալում բժշկական մայր բուհում: Մեզ հետ զրուցելու ընթացքում սիրով ու ջերմությամբ է հիշում ինչպես ուսանողական տարիները, այնպես էլ աշխատանքային յուրաքանչյուր տարին:

Թամարա Կարապետյանը 1969 թվականին ավարտելով ընդհանուր բժշկության ֆակուլտետն աշխատանքի է անցնում քիմիայի ամբիոնում որպես ասիստենտ:

1971-1977թթ.  քիմիայի ամբիոնում աշխատում է որպես կրտսեր գիտաշխատող, իսկ 1977-1984 թթ. ԵՊԲՀ դեղագիտական քիմիայի ամբիոնի ասիստենտ: 1984-2007 թթ. նույն ամբիոնի դոցենտ է եղել, 2007-2012թթ. ԵՊԲՀ անալիտիկ և ֆիզիկական կոլոիդային քիմիայի ամբիոնի վարիչ, 2012 թվականից մինչ օրս  ԵՊԲՀ դեղագիտական ֆակուլտետի քիմիայի ամբիոնի դոցենտ է:

Անցել է մասնագիտական մի շարք վերապատրաստումներ,  որակի բարձրացման դասընթացներ տարբեր երկրներում և հաստատություններում:

«Կյանքիս մեծ մասն այստեղ եմ անցկացրել, դպրոցն ավարտելուց հետո սովորել եմ Ընդհանուր բժշկության ֆակուլտետում, որից հետո սկսել եմ աշխատել: Միշտ սիրել եմ բժշկական ոլորտը, երբևէ այլ մասնագիտության մեջ չեմ կարողացել պատկերացնել ինձ»,-անկեղծանում է ԵՊԲՀ դոցենտը:

Որպես երկարամյա դասախոս՝ խոսելով դասախոս-ուսանող հարաբերությունների մասին նշում է, որ յուրաքանչյուր սերունդ ունի տարբեր մոտեցումներ և ընկալումներ թե՛ կյանքի, թե՛ գիտելիքների հետ կապված:

Կապը նախկին ուսանողների հետ երբեք չի կորցնում, արդեն կայացած մասնագետները հաճախ են հիշում իրենց դասախոսին՝ հաճախ հրավիրելով տարբեր առիթների, միջոցառումների:

«Ունեինք ինտելեկտուալ ակումբ, որտեղ կազմակերպում էինք հանդիպումներ, յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ ուսանողները հավաքվում էին, տարբեր թեմաներ քննարկում. գրականություն, փիլիսոփայություն, հոգեբանություն, երաժշտություն, մրցույթներ էինք կազմակերպում»,-նշում է նա:

Այժմ էլ աշխատում է խորհուրդներով լինել ուսանողների կողքին՝ միշտ հիշեցնելով, որ գիտելիքն ամենակարևորն է, ինչ մարդ կարող է ձեռք բերել այս կյանքում.

«Դասապրոցեսը հետաքրքիր դարձնելու համար հիմա էլ եմ փորձում ինտելեկտուալ զրույցներ վարել՝ բժշկությունից զատ այլ թեմաների շուրջ ևս հետաքրքրություն առաջացնելով ապագա դեղագետների մոտ: Ինձ ցավ է պատճառում, երբ տեսնում եմ, որ ուսանողն ունի նեղ աշխարհայացք: Անչափ կարևոր է դպրոցից ձեռք բերված գիտելիքը: Դպրոցի հիմքը ինչքան ամուր լինի, այնքան հեշտ կլինի բժշկական համալսարանում ուսանելը»:

Թամարա Կարապետյանի համոզմամբ՝ բժիշկը, դեղագետը պետք է լինի մտածող, ունենա զարգացած տրամաբանություն, կարողանա ճիշտ վերլուծել և ելքեր գտնել ցանկացած իրավիճակում, և ամենակարևորը,  երբեք անտարբեր չլինի գիտելիքի հանդեպ:

Դեղագիտական ֆակուլտետի քիմիայի ամբիոնի դոցենտը ընդգծելով մասնագիտության կարևորության մասին՝ շեշտում է, որ ֆիզիկական կոլոիդային քիմիան համարվում է բոլոր գիտությունների հիմքերից մեկը, տալիս է դեղերի պատրաստման, օրգանիզմի վրա դրանց ներգործության մասին լայնածավալ տեսական գիտելիքներ, որոնք հետագայում իրենց մասնագիտական գործունեության ընթացքում մեծ դեր են ունենալու:

Խոսելով գիտական գործունեության մասին, նա նշում է, որ տարբեր տարիների ընթացքում բազմաթիվ գիտական աշխատանքներ է կատարել, պաշտպանել է կենսաբանական գիտությունների թեկնածուական թեզ, դասագրքեր է գրել, կազմել է գործնական պարապմունքների և թեստերի գրականություն  երեք լեզվով: Երկարամյա մասնագետը պարգևատրվել է մի շարք շնորհակալագրերով և մեդալներով: