Գիտությունը` ԵՊԲՀ-ում և համալսարանական գիտությունը` միջազգային հարթակում. այս դիտակետից էր կազմված Գիտության գծով պրոռեկտոր Կոնստանտին Ենկոյանի հաշվետվությունը, որը դեկտեմբերի 4-ին անցկացված Գիտական խորհրդի գլխավոր զեկուցվող նյութն էր։
Ներկայացնելով մեկ տարվա գիտական գործունեությունը՝ պրոռեկտորը շեշտեց, որ հիմնական ասելիքն ուղղված է արդյունավետությանը, նրան, թե ինչ է արվել։
«Արտացոլելու ենք այն, թե յուրաքանչյուր ամբիոն` որպես գիտական մեծ համակարգի մաս, ինչ գիտական գործունեություն է ծավալում», – ասաց նա։
Տեսականից դեպի կլինիկական բժշկություն էքսկուրսը հնարավորություն տվեց ներկաներին ամբիոն առ ամբիոն ծանոթանալ իրականացվող և կյանքի կոչվող աշխատանքներին, մասնավորապես՝ միջազգային դրամաշնորհներին, կլինիկական փորձարկումներին, հետազոտական թեմաներին, գիտական հրապարակումներին, կադրային քաղաքականությանը։
Պրոռեկտորը հանգամանալից խոսեց հրապարակվող հոդվածների թվաքանակի աճի, դրանում յուրաքանչյուր ստորաբաժանման ներդրման, իրականացվող միջազգային դրամաշնորհային ծրագրերի մասին, մասնավորապես՝ անդրադարձ կատարեց Համաշխարհային բանկի հետ համագործակցությամբ իրականացվող «Ուղեղի վիզուալիզացիայի լաբորատորիա» դրամաշնորհային ծրագրին, որի արդյունքում ստեղծվելիք համանուն լաբորատորիան կնպաստի ոլորտում իրականացվող թիրախային հետազոտությունների ընդլայնմանը և որակապես նոր հարթություն տեղափոխելուն, ՌԴ «Առողջապահության ոլորտում առաջադեմ տեխնոլոգիաների կենտրոն» ինքնավար ոչ առևտրային կազմակերպության և «Վեկտոր» վիրուսաբանության և կենսատեխնոլոգիայի պետական գիտական կենտրոնի հետ համատեղ իրականացվող «ՀՀ-ում շրջանառվող Հեպատիտ C-ի՝ հակավիրուսային դեղորայքի նկատմամբ ռեզիստենտ տեսակների մոլեկուլյար կենսաբանական վերլուծությունը» ծրագրին, որի արդյունքները հետագայում կարող են ներդրվել նաև գործնական բժշկության մեջ, ԵՄ ՀՈՐԻԶՈՆ 2020 ծրագրի շրջանակում իրականացված` «Ser-Col` մատից լաբորատորիա. անհատականացված և ավտոմատացված շիճուկների հավաքածու լաբորատոր ախտորոշման համար» SCAUT ծրագրին, որի արդյունքում վալիդացվել է արյան նմուշառման վակուտայներին փոխարինող տեխնոլոգիապես նոր SER-COL սարքը:
Զեկույցի եզրափակիչ մասում պրոռեկտորն անդրադարձ կատարեց համալսարանի գիտական գործունեության արդյունավետության հիմնական ցուցիչներին՝ առանձնացնելով դրանցից մի քանիսը. Թայմսի բարձրագույն կրթության՝ աշխարհի համալսարանների վարկանիշավորման կազմակերպությունը բժշկական բուհին դասակարգել է “reporter” կարգավիճակում, համալսարանն արժանացել է Հետազոտության ոլորտում մարդկային ռեսուրսների կառավարման գերազանցության մրցանակին (HRS4R) և ամրապնդել իր դիրքը ԵՄ գիտակրթական տարածքում, ԵՄ Horizon 2020 շրջանակային ծրագրի Marie Skłodowska-Curie Innovative Training Networks գործողության “Serotonin and Beyond” նախագծի շրջանակում “Metris B.V.” կազմակերպության և ՆԹ Ռադբաուդի համալսարանի երիտասարդ հետազոտողը 6-ամսյա ժամկետով գործուղվել է ԵՊԲՀ «ՔՈԲՐԵՅՆ» կենտրոն՝ իրականացնելու իր ատենախոսության մի մասը, «Նոր հայկական բժշկական հանդես» պարբերականը դիրքավորվել է Web of Science միջազգային հրապարակումների շտեմարանում` որպես ազդեցության գործոն և քառորդ ունեցող պարբերագիր:
Ամփոփելով՝ Կոնստանտին Ենկոյանը խոսեց առաջիկա անելիքների մասին՝ ձևակերպելով դրանք առաջարկությունների տեսքով:
Առաջարկությունները, մասնավորապես, ուղղված էին ներքին դրամաշնորհային ծրագրերի տրամադրման, գիտության ոլորտի գերազանցության ծրագրերի աջակցության, ճանապարհորդական դրամաշնորհների տրամադրման մեխանիզմների մշակմանը, աշխատակիցների աշխատավարձի և բոնուսային գնահատման համակարգում գիտական բաղադրիչի ներդրմանը, ուսանողների նորարարական գիտական գաղափարների իրականացմանն աջակցելուն:
Գիտական խորհրդի անդամները բազմաթիվ հարցեր հղեցին զեկուցողին։ Պատասխանելով տեսական ամբիոններում երիտասարդ կադրերի պատրաստման հարցին` Կոնստանտին Ենկոյանը նշեց, որ համաձայն վիճակագրության՝ երիտասարդների միայն 6 տոկոսն է գնում դեպի գիտություն։
Հարցի առնչությամբ ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը նշեց, որ պետք է սևեռել ուշադրությունն այն հարցին, թե ինչպես գտնել մեխանիզմ երիտասարդների աշխատանքները միջազգային ընկալելի դաշտում ներկայացնելու ուղղությամբ։
«Երիտասարդացման գործընթացը պետք է ենթարկել ինտենսիֆիկացիայի», – ընդգծեց ռեկտորը` հանձնարարելով պրոռեկտորին կարճ ժամկետում մշակել և ներդնել վերոնշյալ մեխանիզմները հաշվառելի գիտության դաշտում, ինչպես եղավ 2016-2017 թվականներին, երբ վարչարարության և ճիշտ մշակված գիտական քաղաքականության, խրախուսելու շնորհիվ շահագրգրվածություն ձևավորվեց գիտական հոդվածները տպագրել բարձր ազդեցության գործակից ունեցող պարբերականներում, ինչի արդյունքները տարիների ընթացքում տեսանելի են։
Գիտության ոլորտում կադրերի պատրաստման հարցը, բուհի ղեկավարի գնահատմամբ, օրակարգային է, որովհետև հենց գիտական կադրերն են որոշում համալսարանի ապագան։
Նիստն ընթացավ կարծիքների ակտիվ փոխանակմամբ. պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները խոսեցին գիտական աշխատանքների իրականացման մասին` շեշտադրելով, որ գործուն քայլեր պետք է ձեռնարկել դասախոսական կազմի գիտական զբաղվածությունն ավելացնելու ուղղությամբ։
Գիտության վարչության պետ Սեյրան Քոչարյանը գիտության ոլորտում բարեփոխումների շուրջ առաջարկություններ ներկայացրեց։
«Այս առաջարկությունները և դիրքորոշումները հիմնված են նաև հնչած հարցերի պատասխանները գտնելու վրա: Որպեսզի ավելի պատկերավոր լինեն առաջարկությունները և դրանց լուծումները, զեկույցս սկսում եմ` գիտական համակարգի պատկերը ներկայացնելով: Գիտական համակարգում ունենալով ղեկավար մարմիններ` և’ Հոգաբարձուների, և’ Գիտական խորհուրդ, և’ համալսարանի ռեկտոր, այնուհանդերձ, հարցերի լուծումները պատկերացնում ենք քննարկումների և ելքեր գտնելու մեջ, որտեղ կարևորվում է Գիտակորդինացիոն խորհուրդը` որպես քննարկվող և համակարգող մարմին: Վերջին օրերին օրակարգի թիվ մեկ հարցերից է արհեստական բանականությունը, դրա ներդրումը համալսարանում` որպես գերակա ուղղություն, հետազոտական նախագծերի մեջ արհեստական բանականության ներմուծումը: Թեմայի շրջանակում ռեկտորի հանձնարարությամբ արդեն իսկ ձևավորվել է աշխատանքային խումբ, և երեկ տեղի է ունեցել այդ խմբի առաջին հանդիպումը», – մանրամասնեց նա` առաջարկելով համալսարանի գերակա ուղղություն ընդունել արհեստական բանականության դերը և կիրառությունը բժշկագիտության գիտակրթական համակարգում:
Զեկուցողի փոխանցմամբ` ռեկտորի հանձնարարությամբ մշակվել է զարգացման ծրագիր, որը քայլ առ քայլ կյանքի կկոչի համալսարանի գիտական, կրթական, ինչու ոչ, թվային առողջապահության ոլորտում արհեստական բանականության տարրերի ներդրումը:
Արհեստական բանականության և թվային բժշկության ամբիոն ստեղծելու կոնցեպտը ներկայացրեց Կարիերայի զարգացման կենտրոնի ղեկավար Խաչատուր Մարգարյանը:
Հարցի առնչությամբ Արմեն Մուրադյանը նշեց, որ առաջին անգամ է նման ամբիոն ստեղծվում, երբ դասախոսները ֆիզիկապես չեն լինելու բժշկական համալսարանում, այլ հրավիրված են աշխարհի հեղինակավոր բուհերից: Նախաձեռնությունը բուհի շրջանավարտների և գործընկերների հետ համատեղ է կյանքի կոչվում:
Մասնավորապես` այս գործում մեծ ներդրում ունի ԵՊԲՀ պատվավոր պրոֆեսոր, Ավստրիայի Գրացի բժշկական համալսարանի միջազգային բիոբանկի հիմնադիր և գործադիր տնօրեն, ԱՀԿ փորձագետ, ԱՄՆ Կալիֆորնիայի Cedars-Sinai բժշկական համալսարանի օնկոբիոբանկավորման գիտական տնօրեն Կարինե Սարգսյանը:
«Բոլորս հասկանում ենք, որ գիտությունն անխուսափելիորեն զարգանում է դեպի արհեստական բանականություն: Կան առանձին ոլորտներ, որոնք ակտիվ կիրառվում են, մասնավորապես, ռադիոլոգիայում, մորֆոլոգիայում: Դիագնոստիկան առաջիկայում լայնորեն կօգտվի արհեստական բանականութան հնարավորություններից, և եթե այսօր մենք չծառայեցնենք այս ուղղությունն ի նպաստ համալսարանի, կան ռիսկեր, որ մենք կսկսենք ծառայել այս նոր ձևավորված, մեզ համար բավականին հետաքրքիր և մեծ հնարավորություններով, բայց և ռիսկերով նոր ուղղությանը», – ասաց ռեկտորը:
Այս ուղղությամբ կատարված աշխատանքների հիմնավորումների մասին խոսելով` Խաչատուր Մարգարյանը փոխանցեց, որ թվայնացման և արհեստական բանականության ներդրումը հնարավորություն կտա կառուցել առողջապահության ապագան նորարարական լուծումներով, որոնք ավելի ճշգրիտ կդարձնեն ախտորոշումը և կկրճատեն ախտորոշման և բուժման ժամանակը, ինչը նաև մրցակցային առավելություններ կձևավորի բուհի համար այս դաշտում:
Հաջորդիվ, փակ գաղտնի քվեարկությամբ Գիտական խորհուրդը դոցենտի գիտական կոչման շնորհման երաշխավորություն տվեց բժշկական գիտությունների երեք թեկնածուի. Օրթոպեդիկ ստոմատոլոգիայի ամբիոնից` Աննա Հակոբյանին, Ընդհանուր վիրաբուժության ամբիոնից` Հայկ Հարությունյանին, և Պաթոլոգիայի ամբիոնի վարիչի պաշտոնակատար Փառանձեմ Խաչատրյանին: