ՀՀ բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների լավագույն առաջադիմությամբ ուսանողների անվանական կրթաթոշակների տրամադրման 2024 թվականի մրցույթում ԵՊԲՀ-ից հաղթող է ճանաչվել ընդհանուր բժշկության ֆակուլտետի 5-րդ կուրսի ուսանող Մհեր Կուրղինյանը։
Նա մեզ հետ կիսվել է լավագույն ուսանող ճանաչվելու սպասելիքների և զգացողությունների մասին, խոսել է առաջադիմության, գիտական, հասարակական ակտիվության, ուսումառության մասին:
«Հաղթանակին մեծ հույսով էի սպասում, քանի որ վստահ էի ուժերիս և անցած փորձիս վրա։ Արդյունքների հայտարարման պահին գնահատվածության զգացողություն ունեցա, որ քո ներդրված ջանքն ու եռանդը տալիս են իրենց արդյունքը»,-նշում է ուսանողը։
Խոսելով մասնագիտության ընտրության մասին, Մհերը նշում է՝ «Հիշում եմ՝ փոքր ժամանակ անատոմիայի ատլաս կար մեր տանը։ Այնտեղ ինձ շատ էր հետաքրքրում գլխուղեղի նկարը, անընդհատ նայում էի և ոչինչ չէի հասկանում։ Հետագայում հետաքրքրությունը կենսաբանության և հիվանդությունների հանդեպ հիմք ծառայեցին, որ ընտրեմ բժշկի մասնագիտությունը։ Արդեն որոշել եմ, որ դառնալու եմ մանկական նյարդաբան։ Գլխուղեղի զարգացումը և գործառույթները անչափ հետաքրքիր են և անվերջ կարելի է այն հետազոտել։ Նաև զգում եմ, որ երեխաների հետ աշխատանքը ավելի հոգեհարազատ է ինձ»։
Ապագա բժշկի համալսարանական կյանքը պետք է լինի բազմազան և ակտիվ։ Այս համոզմանն է հերացիականը:
«Փորձում եմ մասնակցել տարբեր ծրագրերի, միջոցառումների, ներկայացնել զեկույցներ արտերկրում և Հայաստանում։ Այսպես ապագա բժիշկը ստեղծում է նոր ծանոթություններ, միգուցե ապագա համագործակցություններ, հայտնվում է մասնագետների շրջապատում և թրծվում է հենց այդ միջավայրում։ Ըստ իս՝ ներկայումս դասախոս-ուսանող հարաբերությունները միայն ակադեմիական չեն։ Այժմ շատ դասախոսներ բավականին երիտասարդ են ու ավելի անմիջական հարաբերություններ են ստեղծում իրենց ուսանողների հետ։ Այսպես հմտությունների և գիտելիքների փոխանակումը ավելի արդյունավետ է տեղի ունենում, քանի որ ուսանողները ավելի ազատ են արտահայտում իրենց մտքերը և չեն խուսափում կառուցողական կրիտիկայից։ Նրանք չեն կաշկանդվում տալ հետաքրքիր հարցեր, և դասախոսները պատրաստ են միասին ուսումնասիրել այն և փորձել միասին գտնել պատասխան»,- հավելում է Մհերը, ով որպես լավագույն ուսանող բժշկի համար ամենաշատը կարևորում է հետազոտություններ իրականացնելը.
«Շատերը կարծում են, որ բժիշկը պետք է ունենա գիտելիքի մեծ պաշար, բայց ես կարծում եմ որ 21-րդ դարի բժիշկն առաջին հերթին պետք է լինի հմուտ և տիրապետի տարբեր ռեսուրսներից օգտվելու ձևերին։ Տեղեկատվությունը այլևս պետք չէ հիշել, այն կարելի է գտնել։ Գիտելիքները փոխվում են և դրանց փոխում են նոր հետազոտություններն ու բացահայտումները։ Բժիշկը պետք է փորձի դուրս գալ կաղապարներից և տալ անսովոր հարցեր, կազմել հիպոթեզներ և փորձել գտնել դրանց պատասխանները տարբեր մեթոդներով ու ձեռք բերած հմտություններով»։
Մհեր Կուրղինյանն ամփոփելով իր խոսքը երիտասարդ ապագա բժիշկ֊հետազոտողներին խորհուրդ է տալիս չվախենալ դժվարություններից, եթե որևէ բան հետաքրքիր է և դրանով զբաղվելը հաճույք է պատճառում, ապա այնտեղ ոչինչ դժվար չի լինի և չի հոգնեցնի։