Գիտական խորհրդի ապրիլի 26-ին հրավիրված նիստը նվիրված էր ԵՊԲՀ համալսարանական հիվանդանոցների 2019-2022թթ. գործունեության հաշվետվությանը:
Ներկայումս ԵՊԲՀ-ի կազմում գործում են «Հերացի» թիվ 1, «Մուրացան» հիվանդանոցային համալիրները և «Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտը՝ բազմապրոֆիլ վիրաբուժական և թերապևտիկ ծառայություններով, 603 մահճակալների ընդհանուր թվով:
«Համալսարանական կլինիկաների գործունեության նախորդ հաշվետվությունը ներկայացվել է Գիտական խորհրդին 2019 թվականի ապրիլի վերջին: Covid-19 համավարակով և 44-օրյա պատերազմով պայմանավորված երկարատև դադարից հետո, ներկայացնում եմ համալսարանական հիվանդանոցների 2019-2022թթ. գործունեության հաշվետվությունը՝ նշված ժամանակահատվածում համալսարանական կլինիկաների առջև դրված խնդիրների կատարողականը»,- ելույթի սկզբում մանրամասնեց Կլինիկական աշխատանքների գծով պրոռեկտոր Արմեն Մինասյանը:
Համալսարանական հիվանդանոցների կազմում գործում են նաև երկու առողջության առաջնային պահպանման պոլիկլինիկաներ, որտեղ հավաքագրված բնակչության ընդհանուր թիվը 2022թ. կազմել է 39.360 մարդ, (21.726 երեխա (0-18 տարեկան) և 17.634 մեծահասակ (18 տարեկանից բարձր) և 4 ստոմատոլոգիական պոլիկլինիկա, ինչպես նաև հանրապետական նշանակության կենտրոններ:
Պրոռեկտորի փոխանցմամբ, չնայած հիվանդանոցների տարածքային սահմանափակ հնարավորություններին, երեք հիվանդանոցներում դասավանդման կազմակերպման համար տրամադրվել են 180 ուսումնական սենյակներ և լսարաններ, որոնցով ուսումնական տարվա ընթացքում անցնում են շուրջ 450 խումբ, ինչը կազմում է կլինիկական ուսումնական գործընթացի մոտ 30%-ը:
Համալսարանական հիվանդանոցներում ընդհանուր բուժաշխատողների թիվը 2022թ. 1.763 է: 2019թ. համեմատությամբ միայն բժիշկների թիվը ավելացել է 25%-ով: Ամբողջ բուժանձնակազմը 2022թ. ՀՀ ԱՆ կողմից ստացել են մասնագիտական գործունեության հավաստագրեր:
Կորոնավիրուսային համավարակի մեկնարկից ի վեր համալսարանական մեծ թիմը հսկայական աշխատանք է իրականացրել:
ԵՊԲՀ ռեկտորի հրամանով մշակվել են հակահամաճարակային և կանխարգելիչ միջոցառումների փաթեթներ` սցենարներով, որոնք իրենց մեջ ներառեցին նաև ուսումնական գործընթացը: Իրականացվել է հիվանդանոցային համալիրների կարողությունների և պատրաստվածության գնահատում, վեր են հանվել առկա և հնարավոր բոլոր խնդիրները, որոնց ուղղությամբ ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցառումներ: Ստեղծվել են հակահամաճարակային միջոցառումների իրականացումը կարգավորող հանձնաժողովներ և օպերատիվ խումբ:
Հիվանդանոցային համալիրներում 2020թ. փետրվարին կազմակերպվել են մահճակալային ֆոնդի և դրանց թթվածնով ապահովման, կադրային ռեսուրսի պատրաստվածության բարձրացման աշխատանքներ, ինչը միտված էր բժշկական ծառայությունների հասանելիությանը:
Անհետաձգելի բուժօգնության ծառայության բաժանմունքը ընդլայնվեց և վերապրոֆիլավորվեց: Ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնի ներգրավվածությամբ անմիջապես կազմակերպվեցին վերապատրաստումներ տարբեր մասնագիտությամբ բժիշկների համար՝ COVID-19–ի կասկածելի և հաստատված դեպքերի տեսակավորման, որակյալ և գրագետ բուժօգնության կազմակերպման համար: Նոր կորոնավիրուսի առաջին դեպքի արձանագրումից և հանրապետությունում արտակարգ դրության հայտարարումից հետո 2020թ. մարտի 1-ից համալսարանական երեք հիվանդանոցները բերվեցին բարձր պատրաստվածության ինչպես բուժական, այնպես էլ նյութատեխնիկական, մասնագիտական և կրթական ասպարեզում:
Հաշվի առնելով հիվանդանոցային համալիրներ դիմելիությունը և երկրում տիրող իրավիճակը, «Հերացի» հիվանդանոցում մարտի 25-ից ստեղծվեցին մեկուսարաններ: Իրականացվեցին բժիշկների, միջին և կրտսեր բուժանձնակազմի, կամավոր ուսանողների թրեյնինգներ հիվանդների հետ ճիշտ և անվտանգ աշխատելու ուղղությամբ:
Անհապաղ կատարվեցին անհրաժեշտ անբարեկարգ կիսանկուղային տարածքների, նախկին ճաշարանի վերանորոգման աշխատանքներ, որոնք հնարավորություն ստեղծեցին ընդլայնել անհետաձգելի բուժօգնության ծառայությունը:
«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիավանդանոցի վերապրոֆիլավորման արդյունքում, ՀՀ առողջապահության նախարարի հրամանով, մեծահասակների շրջանում վարակիչ հիվանդություներով պացիենտների բժշկական օգնության կազմակերպումը դրվեց «Հերացի» թիվ 1 համալիրի վրա, որի արդյունքում ստեղծվեց ինֆեկցիոն ծառայություն:
Նախապատրաստական աշխատանքներ զուգահեռաբար իրականացվեցին երեք հիվանդանոցներում։
Հանրապետությունում օրեցօր ավելացող հիվանդների քանակը կաթվածի էր ենթարկում ողջ առողջապահական համակարգը, ուստի ԵՊԲՀ-ն պատրաստ լինելով մարտահրավերին երկու օրվա ընթացքում «Հերացի» թիվ 1 հիվանդանոցում գործածության մեջ դրեց 41 լրացուցիչ մահճակալ՝ ստեղծելով Covid բաժանմունք:
Վերը թվարկած աշխատանքների հետ զուգահեռ կատարվեցին ահռելի աշխատանքներ՝ բուժանձնակազմին COVID-19-ի նկատմամբ պատվաստելու առումով, և արդեն հոկտեմբերին ՀՀ ԱՆ բուժաշխատողների պարտադիր պատվաստման մասին հրամանի մեկնարկին առկա էր 98% պատվաստումային ընդգրկվածություն:
Նույն տարվա ապրիլի 9-ին «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի Մանկական դիմածնոտային վիրաբուժության և ԼՕՌ կլինիկայում բարեհաջող իրականացվեց հանրապետությունում առաջին վիրահատական միջամտությունը` COVID-19 վարակ ունեցող չորսամյա երեխայի մոտ:
Նախօրոք կազմակերպվեց հիվանդին շտապօգնության մեքենայով հիվանդանոց տեղափոխումը` մուտքի, վիրասրահում միջամտության, հիվանդանոցում գտնվելու և դուրս գրվելու ճանապարհային ուղիները:
«Մուրացան» համալսարանական հիվանդանոցի մանկաբուժական թիվ 1 և նորածնային վերակենդանացման կլինիկաները իրականացրին վարակված նորածինների բուժօգնությունը:
Մեծ ծավալի աշխատանքներ իրականացվեցին «Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտում, որի արդյունքում 2021թ. mարտին, ՀՀ առողջապահության նախարարության հետ համատեղ, բացվեց 140 մահճակալով COVID կենտրոնը, 40 վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի մահճակալներով:
Այսպիսով, երեք հիվանդանոցային համալիրներում հաշվետու ժամանակահատվածում բուժօգնություն է ստացել 5.247 պացիենտ:
ԵՊԲՀ-ում ստեղծվեց բուժկետի մեկուսարան` հագեցված անհրաժեշտ կահավորանքով և պարագաներով:
Հաշվի առնելով, որ բուհում ուսանում են նաև օտարերկրյա ուսանողներ, համավարակի ընթացքում հակահամաճարակային միջոցառումներ իրականացվեցին նաև նշված տարածքում:
«Համավարակի ընթացքում ուսանողները վերադարձան իրենց երկրներ, սակայն, քանի որ նրանց բժշկական կրթական գործընթացը չէր կարող իրականացվել առցանց, անհրաժեշտություն առաջացավ Հնդկաստանից հնդիկ ուսանողներին տեղափոխել Երևան: Այդ ժամանակահատվածում ավիափոխադրումները դադարեցված էին, սակայն բժշկական համալսարանը հանդես եկավ Հնդկաստանից դեպի Երևան չարտերային չվերթ իրականացնելու նախաձեռնությամբ և 2020թ. սեպտեմբերի 25-ին ուսանողները ժամանեցին Հայաստան: Հետագա անվտանգությունն ապահովելու և վիրուսի տարածումը զսպելու համար Երևան ժամանած 170 ուսանողները 10-օրյա կարանտինի ենթարկվեցին Ծաղկաձորի հանգստավայրերում, որտեղ ամենօրյա բուժզննում էին անցնում համալսարանական վարակաբանների և համաճարակաբանի կողմից»,- ասաց պրոֆեսոր Մինասյանը:
Շարունակվող նոր կորոնավիրուսի համավարակի պայմաններում սեպտեմբերի 27-ին Հայաստանը կանգնեց նոր արհավիրքի առջև՝ պատերազմ: ԵՊԲՀ հիվանդանոցային համալիրներները նոր մարտահրավերի առաջ հայտնվեցին:
Համալսարանական հիվանդանոցների ողջ բուժանձնակազմը անմիջապես ներգրավվեց վիրավորներին բուժօգնություն ցուցաբերելու գործին: Կազմվեցին մասնագիտական խմբեր փորձառու բժիշկներից և բուժքույրերից, շուրջ 70 մասնագետ կամավոր մեկնեց պատերազմական գոտի և նրա հարակից բուժհաստատություններ: Այս գործընթացը իրականացվում էր հերթափոխով:
Միաժամանակ կլինիկաների ընդլայնված և ծավալված տարածքներում բուժօգնություն ստացան 1.103 մարտական գործողությունների մասնակիցներ և տուժած անձինք, որոնցից 615-ին կատարվել է վիրահատական միջամտություն:
«Բազմաթիվ վիրավորում ստացած անձինք մինչ օրս էտապային բուժօգնություն են ստանում համալսարանական կլինիկաներում»,- ընդգծեց Արմեն Մինասյանը` հավելելով, որ մեծ ծավալի աշխատանքներ իրականացվեցին «Հերացի» համալսարանական հիվանդանոցի Արյունաբանական կետում:
Միայն 2020թ. սեպտեմբեր-դեկտեմբերին իրականացվեց 1.900 արյունատվություն, ինչը ապահովեց արյան և նրա բաղադրամասերի մեծ պաշար: Ռազմական գործողությունների ընթացքում անձնվեր աշխատանքի, խիզախության, հայրենիքի անմնացորդ ծառայության համար մի շարք աշխատակիցներ պարգևատրվեցին պատվոգրերով և շքանշաններով:
Անդրադառնալով համալսարանական կլինիկաների գործունեությանը, ուսումնասիրելով վերջին տարիների համալսարանական հիվանդանոցների բուժական գործունեությունը՝ պրոռեկտորն արձանագրեց, որ նկատվում է բուժօգնության դիմած հիվանդների ընդհանուր թվի աճ:
Դիմելիության ակնհայտ աճ է գրանցվել նաև համալսարանական հիվանդանոցների ամբուլատոր ծառայություններում:
2019-2022թթ. նորածնային վերակենդանացման կլինիկայի սանավիացիայի ծառայության կողմից ընդհանուր առմամբ գրանցվել է սպասարկված կանչերի նվազում 2,2 %-ով: 2019թ. այն կազմել է 696, իսկ 2022թ.-ին՝ 681: Կանչերը սպասարկվել են ինչպես Երևանի տարածքում, այնպես էլ հանրապետության տարբեր մարզերում:
Ընդհանուր առմամբ երեք հիվանդանոցներում գրանցվել է վիրահատվող պացիենտների թվի աճ՝ «Հերացի»-ում 19%-ով, «Մուրացան»-ում` 17% և «Միքայելյան»-ում՝ 112%:
«Համագործակցությունը մշտապես ուշադրության կենտրոնում է, քանի որ ապագայում սպասվում է բնակչության պարտադիր ապահովագրության ներդրման գործընթացը, ուստի համալսարանական կլինիկաները պետք է հնարավորինս ներգրավված լինեն այդ գործընթացին»- տեղեկացրեց նիստի հիմնական զեկուցողը:
2022թ. բժշկական բուհի ղեկավարությունը սեփական ներուժով իրականացրեց «100 տարի` ժողովրդի թիկունքին» ծրագիրը, որի նպատակն էր համալսարանական առաջատար մասնագետների կողմից անվճար և արտոնյալ պայմաններով բուժօգնություն տրամադրել ՀՀ բնակչությանը:
Երեք հիվանդանոցում 100 օրվա ընթացքում կատարվեց 2.282 խորհրդատվություն և իրականացվեց 223 վիրահատություն:
Պրոռեկտորը նշեց, որ համալսարանական հիվանդանոցների 2019-2022թթ. գործունեությունը նաև բխում էր 2019թ. ապրիլի 30-ի Գիտական խորհրդի որոշմամբ ամրագրված ծրագրի դրույթներից:
Արդյունքում՝ «Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտը համալրվել է գինեկոլոգիական, կրծքային վիրաբուժության, ինվազիվ սրտաբանության, հեմոդիալիզի, «Հերացի» թիվ 1 համալիրը` անհետաձգելի բուժօգնության, կրծքային վիրաբուժության և հեմոդիալիզի ծառայություններով, վերջինս հնարավորություն տվեց «Հերացի» համալսարանական հիվանդանոցի վերակենդանացման ծառայությունը դարձնել 3-րդ մակարդակի:
Դեռևս կյանքի չի կոչվել «Մշակել համալսարանական ստոմատոլոգիայի հայեցակարգ և կլինիկաների օպտիմալ միավորման և տեղակայման նախագիծ»-ը, քանի որ պահանջում է ստոմատոլոգիական մասնագիտական կրթության ոլորտում համակարգային և ծրագրային փոփոխություններ:
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանն առանձնակի անդրադարձավ համալսարանական ստոմատոլոգիական գործունեության հետ կապված արտադրական հզորությունների հարցին։ Նա պրոռեկտորին հանձնարարեց ոլորտի արդիականացման ուղղությամբ գործուն քայլեր իրականացնել։ Քննարկվող հարցի շուրջ տեսակետներ ներկայացրին ստոմատոլոգիական ոլորտում բարեփոխումների վերաբերյալ։
Կազմվել է «Մուրացան» հիվանդանոցի զարգացման ծրագիր՝ ստեղծելով ժամանակակից բազմաֆունկցիոնալ մանկաբուժական կենտրոն:
«Մուրացան» համալսարանական հիվանդանոցը համալրվել է բարոթերապիայի, մանկական գաստրոէնտերոլոգիայի, մանկական ալերգոլոգիայի, մանկական նեֆրոլոգիայի, մանկական ինֆեկցիոն ծառայություններով:
Մեծաքանակ ամբուլատոր հոսքերի կառավարման նպատակով ստեղծվեց ամբուլատոր խորհրդատվությունների ծառայություն, որի օրական շարժը կազմում է շուրջ 50 պացիենտ՝ բեռնաթափելով ընդունարանի ծանր աշխատանքը:
ԵՊԲՀ անեսթեզիոլոգիայի և վերակենդանացման ամբիոնի կազմում, «Մուրացան» հիվանդանոցի բազայի վրա ստեղծվեց մանկական անեսթեզիոլոգիայի և վերակենդանացման կուրսը, որը նպատակ ուներ պատրաստել մանկական անեսթեզիոլոգներ և ռեանիմատոլոգներ՝ առկա կադրային դեֆիցիտը համալրելու նպատակով:
Շարունակվում է «Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտի զարգացման գործընթացը` լիարժեք օգտագործելով մահճակալային ֆոնդը:
Ստեղծվել և իր գործունեությունն են ծավալել` 18 մահճակալով՝ կոմֆորտ, 20 մահճակալով՝ ինֆեկցիոն բաժանմունքները, ԱՆ աջակցությամբ վերանորոգված և կահավորված 100 սոմատիկ և 40 վերակենդանացման մահճակալով Քովիդ-19 վարակակիրների բուժման բաժանմունքը: Այստեղ է տեղակայված նաև Զինվորի տուն վերականգնողական կենտրոնի ինտենսիվ թերապիայի և վերականգնողական բուժման բաժանմունքը՝ 18 մահճակալով: Ստեղծվել են ուսումնական գործընթացի համար նախատեսված տարածքներ, ինչպես նաև 122 անձի համար նախատեսված հանրակացարան:
Կշարունակվի համալսարանական կլինիկաների ժամանակակից սարքավորումներով վերազինման գործընթացը:
Համալսարանական հիվանդանոցներում գործողությունների ստանդարտ ընթացակարգերի ներդրման գործընթացը շարունակվում է, մշակվել և ներդրվել են մի շարք ընթացակարգեր, կարգեր և ուղեցույցներ:
Վերջին չորս տարում իրականացվել են համալսարանական հիվանդանոցներում առկա անբարեկարգ տարածքների վերանորոգման աշխատանքներ:
Հիվանդանոցների հետագա ծրագրերը 2023-2026թթ. ընթացքում կներառեն «Թվային համալսարան» ծրագրի շրջանակում «Թվանյացված կլինիկայի» իրականացումը, որի միջոցով պացիենտի վարման ամբողջ ընթացքը կկազմակերպվի էլեկտրոնային եղանակով:
Նոր ծառայությունների ստեղծումը և առկա ծառայությունների զարգացումը, համալսարանական կլինիկաների վերազինումը ևս օրակարգային է: Ծրագրերի թվում է «Մուրացան» հիվանդանոցային համալիրի բազայի հիման վրա Մանկաբուժական դպրոցի ստեղծումը:
«Լսելով այս տարիներին չզեկուցված, բայց, այնուամենայնիվ, կարևոր ցուցանիշները, մասնավորապես խոսքը գնում է 2020 թվականի առաջին ամիսներից մինչ այսօր կատարված աշխատանքներին, շնորհակալություն եմ հայտնում ձեզ և մեր բուժանձնակազմին, որ գործնականում ապացուցել եք հայրենասիրություն և բժշկական պարտք բառերի նշանակությունը, և ցույց տվել ձեր օրինակը ուսանողներին: Երախտագիտության խոսքեր եմ ցանկանում հնչեցնել մեր կլինիցիստներին այս տարիների աշխատանքի համար, մասնավորապես՝ արհավիրքների և փորձությունների ընթացքում, և հույս հայտնել, որ այն քննարկումները, որոնք մենք ծավալում ենք մշտապես միտում ունեն բարելավվելու»,- ամփոփելով նիստը նշեց ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը` հավելելով, որ մշտապես լինելու են խնդիրներ, մշտապես նոր մարտահրավերներ, նոր մոտեցումներ, քանի որ հիվանդանոցային համալիրներում գիշեր-ցերեկ աշխատանքը պահանջում է գերուժեր, և, այդ բոլոր հարցադրումները չպետք է ստվերեն վիթխարի աշխատանքը, որն իրականացրել է համալսարանական, կլինիկական մասը:
Հաջորդիվ, Գիտական խորհուրդը հաստատեց բուհական տարբեր կանոնակարգերում փոփոխություններ և լրացումներ կատարելու հարցերը, շնորհեց պրոֆեսորի և դոցենտի կոչումներ։