Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի բժշկական գենետիկայի ամբիոնի մասնագետները (դոցենտ, Քաղցկեղի գենետիկայի և գենոմիկայի լաբորատորիայի ղեկավար Դավիթ Բաբիկյանը, դասախոս, բժիշկ-գենետիկ Նաթելլա Կոստանդյանը և բժիշկ Նատալյա Մինասյանը), որոնց թվում՝ ARICE ծրագրի փորձագետները, Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում մասնակցեցին Հազվագյուտ և չախտորոշված հիվանդությունների 12-րդ միջազգային համաժողովին (Undiagnosed Diseases Network International – UNDI 2023)։
Հոկտեմբերի 22-23-ը կայացած բժշկագիտական կարևոր միջոցառմանը ելույթ ունեցավ Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոնի արտասահմանցի գործընկեր, Փարիզի Նեկեր հիվանդանոցի անվանի պրոֆեսոր Ալան Հովնանյանը։
Համաժողովին մասնակցելու հայտ էր ներկայացրել շուրջ 250 բժիշկ աշխարհի տարբեր երկրներից, ներառյալ՝ ԱՄՆ, Սաուդյան Արաբիա, Իսրայել, Ավստրալիա, Միացյալ Թագավորություն, Կանադա, Շվեդիա, Ֆրանսիա, Նորվեգիա, Իսպանիա, Չեխիա, Հունգարիա, Հնդկաստան, Գերմանիա, Իտալիա, Թաիլանդ, Նիդերլանդներ։
Կոնֆերանսի նպատակն էր շարունակել տվյալների փոխանակումը՝ որպես չախտորոշված հիվանդությունների միջազգային ծրագրերի (UDPs) կոնսորցիում, խթանել հազվագյուտ հիվանդությունների ախտորոշումը և նոր հիվանդությունների հայտնաբերումը՝ նոր մեխանիզմների և ուղիների միջոցով: