Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Հանդիպում ապագա դեղագետների հետ

Հանդիպում ապագա դեղագետների հետ

Բժշկական մայր բուհը դեղագետների պատրաստման առաջատար հաստատություն է: Լավ դեղագետ դառնալու համար պետք է նպատակասլացություն, աշխատասիրություն և ձգտում:

ԵՊԲՀ դեղագործության կառավարման ամբիոնի վարիչ, դոցենտ Մարթա Սիմոնյանը համալսարանական հետաքրքիր բացօթյա անկյուններից մեկում անմիջական հանդիպում ունեցավ ապագա դեղագետների հետ՝ խոսելով մասնագիտության ընտրության, առանձնահատկությունների մասին: 

«Մեր հանդիպման հիմնական նպատակն այն է, որպեսզի ուժեղացնենք մեր ոլորտը, իսկ այն չենք կարող հզորացնել առանց լավ կադրերի»,-նշեց ամբիոնի վարիչը՝ հավելելով, որ որակյալ կադրեր ձևավորվում են հենց առաջին կուրսից, ուստի պետք է լավ սովորել, լինել պատասխանատու և աշխատասեր: 

Նրա խոսքով՝ դեղագետի մասնագիտութունն ամենապահանջվածներից է, և լավ մասնագետ դառնալու դեպքում յուրաքանչյուրին լայն հնարավորություններ են սպասվում մասնագիտական գործունեության մեջ: ԵՊԲՀ շատ շրջանավարտներ այսօր կայացած դեղագետներ են աշխարհի տարբեր անկյուններում: Օրեր առաջ ԵՊԲՀ դեղագիտական ֆակուլտետի 50-ամյակի և այդ առթիվ սեպտեմբերի վերջին անցկացված «Դեղերի ստեղծման առաջընթացը նախագծումից մինչև սպառում» միջազգային գիտաժողովին շրջանավարտներից շատերը միացան առցանց, մասնակցեցին և իրենց գործունեությանը նվիրված հաջողության պատմություններում մեկ անգամ ընդգծեցին դեղագետ դառնալու գործում բուհում ստացած իրենց բազային կրթության կարևորությունն ու արժեքը: 

Ուսանողների կողմից հնչեցին հարցեր, կարծիքներ, հանդիպումն անցավ ջերմ, ինտերակտիվ մթնոլորտում: