Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Հանրային առողջապահության 25 մագիստրոս ավարտեց բժշկական բուհը

Հանրային առողջապահության 25 մագիստրոս ավարտեց բժշկական բուհը

ԵՊԲՀ 25 շրջանավարտի այսօր շնորհվեց Հանրային առողջապահության մագիստրոսի աստիճան` «Հանրային առողջություն և առողջապահություն․ առողջապահության կազմակերպում և կառավարում» մասնագիտությամբ:

Հանրային առողջության ֆակուլտետի՝ այս տարվա շրջանավարտներին խոսք հղեց դեկան Մարինե Հովհաննիսյանը:

«Այս ընթացքում մենք ձեզ փորձել ենք տալ ժամանակակից կրթություն, որը վերաբերում է առողջապահության կազմակերպմանը, հանրային առողջապահական առկա խնդիրներին: Դասախոսները ձեզ են փոխանցել իրենց փորձը, միջազգային լավագույն գիտելիքը, և դրանով զինված դուք մտնում եք առողջապահական համակարգ», – շնորհավորելով ներկաներին՝ նշեց նա` հույս հայտնելով, որ իրենց օրինակով ավարտողները կնպաստեն առողջապահական համակարգի զարգացմանն ու բարելավմանը:

«Համակարգն անընդհատ փոփոխվում է, և դուք եք այն մասնագետները, որոնք կնպաստեն փոփոխությունների իրականացմանը` բնակչության համար ձևավորելով առավելագույն բարիք: Պահպանե՛ք կապ դեկանատի հետ, որովհետև գործատուները հաճախ հենց ֆակուլտետի հետ են պահպանում կապը կադրեր փնտրելիս», – մանրամասնեց դեկանը:

 Մագիստրոսներին շնորհավորեց ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը:

«Ողջունելով ձեր այսօրվա հաղթանակը՝ ես, անշուշտ, ցանկանում եմ և՛ մեզ, և՛ ձեզ այս հարցում լինել համապատասխանող, որովհետև առողջապահական ոլորտում իրականացվող բարեփոխումները աներևակայելի արագություն են հավաքում։ Ձեր կատարած յուրաքանչյուր գործողություն իր մեջ պարունակում է այն կրթական հատվածը, որ ստացել եք բժշկական համալսարանում։ Կցանկանայի հատուկ ձեզ շնորհավորել նաև այլ առիթով․ դուք առաջին շրջանավարտներն եք, որոնք ավարտում են արդեն հավատարմագրված բուհ։ Ուրախ եմ, որ հնարավորություն ստեղծվեց ձեզ շնորհավորել՝ որպես ռեկտոր, որպես բուհի ղեկավար։ Սա պատմական պահ է և՛ ձեզ համար, և՛ բուհի համար։ Շնորհավորում եմ բոլորիդ, յուրաքանչյուրիդ՝ առանձին-առանձին, և կարծում եմ, որ մեր համատեղ գործունեությունը, հաշվի առնելով, թե ինչ առարկա եք ավարտել, չի կարող սահմանափակվել այսօրվա միջոցառմամբ», – ասաց նա` հավելելով, որ առաջիկա համատեղ անելիքները շատ են:

Ֆարմակոլոգիայի ամբիոնի դասախոս Իսկուհի Աղամալյանը գերազանցությամբ է ավարտում Հանրային առողջության ֆակուլտետը: Վստահ է, որ գիտելիքը կիրառելու է հավուր պատշաճի, քանի որ առողջ ապրելակերպի մեծ ջատագով է:

«Հանրային առողջությունը հիվանդությունների կանխարգելման, առողջության խթանման և կյանքի տևողության երկարացմանն ուղղված  գիտություն է և արվեստ, որը մշտադիտարկում է  այն բոլոր գործոնները, որոնք անհրաժեշտ են առողջ ապրելակերպի, հիվանդությունների արդյունավետ կանխարգելման համար», – ասաց Աղամալյանը` երախտիքի խոսքեր հղելով դասախոսական կազմին, բուհին:

ԵՊԲՀ քոլեջի ավագ մասնագետ Ծովինար Փիրումյանը ևս այսօր Հանրային առողջապահության մագիստրոսի դիպլոմ ստացավ:

Մեկ ու կես տարվա ուսումնառության ավարտն ազդարարող միջոցառմանը մայրիկին` շրջանավարտ Մարգարիտ Հովսեփյանին, ուղեկցում էր 3-ամյա Նարեն, որը սեփական ցանկությամբ էր եկել՝ կիսելու մայրիկի և նրա համակուրսեցիների ուրախությունը:

Դիպլոմների հանձնման արարողությունը եզրափակվեց ավանդական լուսանկարով: Ռեկտորը լուսանկարեց արդեն միջազգային հավատարմագրում ստացած նոր կարգավիճակում համալսարանի առաջին շրջանավարտների խմբին` հետագա մասնագիտական իրացման, հաջողությունների մեծ ցանկությամբ: