Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Հանրային առողջապահության ֆորում՝ հայ և գերմանացի մասնագետների մասնակցությամբ

Հանրային առողջապահության ֆորում՝ հայ և գերմանացի մասնագետների մասնակցությամբ

Հաննովերի բժշկական դպրոցի ուռուցքաբանության ոլորտի գերմանացի մասնագետները հայ գործընկերների հետ քննարկեցին հանրային առողջապահական ոլորտի նորությունները, ներկայացրեցին իրենց փորձը՝ Հայ-գերմանական ուռուցքաբանության դպրոցի (ARGOS-Armenian German Oncology School) 6-րդ հանդիպման շրջանակում անցկացվող Հանրային առողջապահության ֆորումի ընթացքում:

Հանրային առողջության ֆակուլտետի դեկան Մարինե Հովհաննիսյանի խոսքով՝ արդեն տասնամյա հայ-գերմանական ուռուցքաբանության դպրոցն ունի կլինիկական և հանրային առողջապահական ուղղվածություն:

«Յուրաքանչյուր տարի գերմանացի գործընկերները հյուրընկալվում են բժշկական համալսարանում և համատեղ անցկացվում է հանրային առողջապահության թեմաներին վերաբերող քննարկումներ: Դրա շրջանակում հայ և գերմանացի մասնագետները ներկայացնում են իրենց փորձառությունը քաղցկեղի վաղ հայտնաբերման, կանխարգելման, հետազոտության թեմաներով»,-ասաց նա՝ ավելացնելով, որ նպատակ ունեն փորձի փոխանակման միջոցով նվազեցնել քաղցկեղի տարածումը և նպաստել վաղ հայտնաբերմանն ու բուժմանը:

ԵՊԲՀ հրավիրված պրոֆեսոր, Քաղցկեղի կենտրոնի գլխավոր տնօրեն, Հաննովերի բժշկական դպրոցի գիտահետազոտական աշխատանքների գծով պրոֆեսոր Յորգ Հայերն ասաց, որ մեծ թվով պացիենտներ մեկնում են Գերմանիա բուժման նպատակով:

«Նրանցից շատերը, ցավոք, դիմելով ուշ փուլում մահանում են: Մեր նպատակն է կարողանալ ճիշտ ուղղորդել այս պացիենտներին: Նրանց մեծ մասն օնկոլոգիական խնդիրներ ունեցող մարդիկ են: Գերմանիայի կառավարությունն աջակցում է մեր գործունեությանը տարբեր դրամաշնորհային ծրագրերի միջոցով, որը հնարավորություն է տալիս իրականացնել փոխանակման ծրագրեր երկու երկրի պրոֆեսորների, օնկոլոգների և այս ոլորտի այլ մասնագետների մասնակցությամբ»,- շեշտեց պրոֆեսորը՝ ավելացնելով, որ քայլ առ քայլ զարգացնում են հարաբերությունները բոլոր ուղղություններով՝ այդ թվում հանրային առողջապահության ոլորտում:

Հաննովերի բժշկական դպրոցի Բժշկական սոցիոլոգիայի բաժնի դոկոտր Յոհաննես Բելլերը ներկայացրեց վիճակագրությունը Հանրային առողջապահության ոլորտում, խոցելի խմբերի բացահայտման հետազոտությունը:

«Խոցելի խմբում են՝ ցածր եկամուտ ունեցող բնակչությունը, տարեցները, հաշմանդամություն ունեցող մարդիկ»,- ասաց նա` ավելացնելով, որ այս խմբերի բացահայտումն ուժեղացնում է հանրային առողջության արդյունքները:

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի բժշկական պատասխանատու Տիգրան Աղասյանը խոսեց Հայաստանում ՊԱՊ թեստի ներդրման, պարտադիր սկրինինգային հետազոտության թեմայով:

«Չարորակ ուռուցքների դեմ պայքարը բնակչության համար կարևոր բժշկական և սոցիալ-տնտեսական մարտահրավեր է: Տարեցտարի չարորակ ուռուցքային հիվանդությունների թվի զգալի աճ է նկատվում: Դրանք կարելի է կանխարգելել»,- նշեց նա՝ շեշտելով, որ, հատկապես, արգանդի վզիկի քաղցկեղը հիվանդություն է, որը հնարավոր է ախտորոշել, կանխարգելել և բուժել վաղ շրջանում, նույնիսկ նախաքաղցկեղային փուլերում:

Հետազոտական տվյալներ մեջբերելով, նրա փոխանցմամբ՝ ռազմավարական ուղղություններից է արգանդի վզիկի սկրինինգը դարձնել պարտադիր, որի արդյունքում առաջին 5 տարվա ընթացքում կունենանք արգանդի վզիկի քաղցկեղի դեպքերի ամենացածր մակարդակը տարածաշրջանում, իսկ 10 տարվա ընթացքում՝ կհասնենք գոհացնող ցուցանիշի՝ 100000 կնոջից մեկ դեպք:

Հաննովերի բժշկական դպրոցի, Բժշկական սոցիոլոգիայի բաժնի պրոֆեսոր Զիգֆրիդ Գեյերի զեկույցը «Բնակչության շրջանում չարորակ հիվանդությունների բաշխման սոցիալական անհավասարությունները. Ուսումնասիրությունների նախագծման բացահայտումներ և մեթոդներ» թեմայով էր: Գերմանացի մասնագետը ցույց տվեց՝ ինչպես են սոցիալական անհավասարությունները՝ կրթությունը, մասնագիտությունը, եկամուտները ազդում սոցիալական համաճարակաբանության վրա:

Հանրային առողջության և առողջապահության կազմակերպման ամբիոնի վարիչ Արտաշես Թադևոսյանն անդրադարձավ «Հանրային առողջության հետազոտություն Հայաստանում. մարտահրավերներ և խոչընդոտներ» թեմային:

Պրոֆեսորի գնահատմամբ` հանրային առողջապահության բնագավառի հետազոտություններում բացերը շատ են:

«Այսօր ունենք խնդիրներ ինչպես երիտասարդ մասնագետների, այնպես էլ ֆինանսավորման և նյութատեխնիկական բազայի տեսանկյունից: Երիտասարդ մասնագետների համար պետք է իրականացվեն փոխանակման ծրագրեր»,- ասաց նա՝ ավելացնելով, որ յուրաքանչյուր միջազգային հանդիպում դրական արդյունք կտա, եթե կիրառելի դառնա:

Համաճարակաբանության ամբիոնի ավագ դասախոս Նաիրա Մելքոնյանը ներկայացրեց «HPV վարակի տարածվածությունն աշխարհում և Հայաստանում» զեկույցը: Խոսելով հիմնախնդիրների և կանխարգելման ուղղությունների մասին՝ ընդգծեց, որ չնայած պապիլոմա վիրուսը պատվաստումների միջոցով կանախարգելվող հիվանդություն է, դեռևս շարունակվում է նոր դեպքերի արձանագրումն ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում:

«Մեր երկրում ունեք ահազանգող իրավիճակ, քանի որ պատվաստումները չեն ապահովել բարձր ընդգրկվածության մակարդակ՝ դեպքերի 50 տոկոսից ավելին հայատնաբերվում է հիվանդության ուշ փուլում: Այսօր առաջարկվում են առկա նոր մոտեցումներ, նոր ռազմավարական ուղղություններ որպեսզի ապահովվեն պատվաստումներով ընդգրկվածությունը՝ մինչև 15 տարեկան աղջիկնրի համար առնվազն 90 տոկոս, ՊԱՊ թեստի կատարողականը՝ առնվազն 70 տոկոս և դեպքերի վաղ հայտանաբերումը՝ 90 տոկոսով, որպեսզի հնարավոր լինի հասնել վարակի վերացմանը, քանի որ այսօր աշխարհը գնում է պապիլոմավիրուսային վարակի վերացման ռազմավարության ուղղությամբ»,- տեղեկացրեց նա:

Հայաստանում առողջապահական համակարգում քաղցկեղի դեմ պայքարում վարվող քաղաքականությանն անդրադարձավ Համաճարակաբանության ամբիոնի ասիստետնտ Լուսինե Քոչարյանը` ներկայացնելով առողջապահական համակարգի  նոր փաստաթղթերը,  կանխարգելիչ միջոցառումները, բացերը, կառավարության նոր ծրագրերը:

«Քանի որ Հայաստանում քաղցկեղի տարածվածությունը բարձր է, կաևորվում է կանխարգելման քաղաքականությունը»,- ասաց նա՝ խոսելով ծխախոտի դեմ պայքարում ինչ հաջողություններ է գրանցվել, գործող նոր օրենքը և ինչպես այն կարող է ազդել այս հիվանդության դեմ պայքարում:

ԵՊԲՀ հրավիրված պրոֆեսոր, Քաղցկեղի կենտրոնի գլխավոր տնօրեն, Հաննովերի բժշկական դպրոցի գիտահետազոտական աշխատանքների գծով պրոֆեսոր Յորգ Հայերը հայ գործընկերների հետ կիսվեց  հանրային առողջության ասպեկտների, քաղցկեղի արդյունքների և կանխարգելիչ ծրագրեր վերաբերյալ իր հետազոտությունով:

Հանրային առողջության ֆակուլտետի դեկան Մարինե Հովհաննիսյանն ամփոփելով հայ և գերմանացի մասնագետների մասնացությամբ անցկացվող ֆորումը՝ շնորհակալություն հայտնեց մասնակիցներին՝ հույս հայտնելով, որ համագործակցությունը, որը դրված է ամուր հիմքերի վրա, կլինի շարունակական: