Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Հանրային առողջության ֆակուլտետի շրջանավարտը ստացած գիտելիքը ծառայեցնում է` ի նպաստ բուհի

Հանրային առողջության ֆակուլտետի շրջանավարտը ստացած գիտելիքը ծառայեցնում է` ի նպաստ բուհի

ԵՊԲՀ հանրային առողջության ֆակուլտետի շրջանավարտները բժշկական բուհում ձեռք բերելով կառավարչական, մասնագիտական բազմաթիվ գիտելիքներ դրանք ծառայեցնում են առողջապահական համակարգի տարբեր ճյուղերի արդյունավետ կառավարմանն ու զարգացմանը:

Ֆակուլտետի «Առողջապահության կազմակերպում և կառավարում» կրթական ծրագրի 2018-2019թթ. շրջանավարտ Շուշան Վարդումյանը ստացած գիտելիքն այժմ ծառայեցնում է  նույն  ֆակուլտետի աշխատանքներն ավելի արդյունավետ կազմակերպելու և նոր ծրագրեր կյանքի կոչելու գործին:

«2017թ.-ին ավարտել եմ ԵՊՀ տնտեսագիտության տեսության ֆակուլտետի բակալավրիատը: Ուսուցումս ավարտելուց հետո մտածում էի առողջպահության  կառավարման և կազմակերպման ոլորտում այն շարունակելու մասին: Որոշմանս մեջ  կարևոր դեր խաղաց դիպլոմային աշխատանքս, որը կատարել էի «Պարտադիր բժշկական ապահովագրության ներդրումը Հայաստանում»  թեմայով»,-նշում է Շուշանը՝ հավելելով, որ բակալավրիատն ավարտելուց հետո որոշել է ուսումը շարունակել բժշկական բուհում, «Առողջապահության կազմակերպում և կառավարում» կրթական ծրագրում:

Նրա խոսքով՝ ուսանելու 1,5 տարվա ընթացում  փորձառու մասնագետները տվել են այնպիսի գիտելիք, որոնք ուսանողի մեջ ձևավորում է արհեստավարժ կառավարչի  մտածողություն: Այս մասնագիտությունը  նպաստում է մտածողության փոփոխությանը, որի արդյունքում էլ փոխվում են խնդիրների լուծման մոտեցումները:

Ֆակուլտետում դասավանդում են ինչպես համալսարանում աշխատող պրոֆեսորադասախոսական անձնակազմը, այնպես էլ հրավիրված փորձառու մասնագետներ, ովքեր իրենց պրակտիկ փորձը, իմացությունը փոխանցում են  ուսանողներին և  հետագայում  էլ դառնում  պոտենցիալ գործատուներ շրջանավարտների համար:

«Ավարտելով այս ծրագիրը սկզբնական շրջանում աշխատանքային գործունեությունս սկսեցի ծավալել ֆինանսաբանկային ոլորտում:  Ստանալով առաջարկ աշխատել ֆակուլտետում սիրով ընդունեցի հրավերը»,- պատմում է Հանրային առողջության ֆակուլտետի դեկանատի առաջատար մասնագետը:

Համագործակցելով  նաև «Մենեջմենթ Միքս» կազմակերպության հետ ֆակուլտետն, իրականացնում է «Բուժհաստատությունների կառավարում» կրթական ծրագիրը, ինչպես նաև մի շարք վերապատրաստման դասընթացներ տարբեր թեմաներով, որոնց համակարգման գործում Շուշան Վարդումյանը դեկանի կողմից  նշանակվել է որպես պատասխանատու անձ, և միաժամանակ իրականացնում է նույև «Առողջապահության կազմակերպում» և «Մարդկային ռեսուրսների կառավարում» դասընթացների դասախոսի օգնականի պարտականությունները:

Շրջանավարտի խոսքով՝ ֆակուլտետում իրականացվում են նաև մի շարք փոխանակային ծրագրեր, որոնց մասնակցելով ուսանողներն ավելի հեռանկարային են դարձնում իրենց ապագան: