Երեկ տեղի ունեցած ողբերգությունը հերթական ահազանգն է առ այն, որ հանրային առողջության կարևորագույն հիմնախնդիրը՝ ճանապարհատրանսպորտային պատահարները, դեռևս չեն ստացել համարժեք արձագանք:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից 2022թ. հունիսին հրապարակված վիճակագրական տվյալների համաձայն՝ ճանապարհատրանսպորտային պատահարներն ամբողջ աշխարհում հանդիսանում են տարեկան 1,3 միլիոն մարդու մահվան պատճառ, ևս 20-50 միլիոն մարդ ստանում է ոչ մահացու վնասվածքներ, իսկ տուժածներից շատերն արդյունքում ձեռք են բերում տարբեր աստիճանի հաշմանդամություն:
Աշխարհում ճանապարհատրանսպորտային պատահարներից մահացության դեպքերի 93%-ը հանդիպում է ցածր և միջին եկամուտ ունեցող երկրնում, որտեղ բավարար չեն վերջինների նվազեցմանն ուղղված համալիր ծրագրերը: Ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով առաջացած վնասվածքները 5-29 տարեկան երեխաների և երիտասարդների մահվան հիմնական պատճառն են:
Ըստ միջազգային տվյալների՝ երիտասարդ տղամարդիկ ավելի հաճախ են տուժում վթարներից, քան կանայք: Ճանապարհատրանսպորտային պատահարների բոլոր մահերի մոտ 3/4-ը (73%) տեղի է ունենում 25 տարեկանից ցածր երիտասարդ տղամարդկանց շրջանում: Համաձայն վերլուծության՝ երիտասարդ տղամարդիկ ճանապարհատրանսպորտային պատահարների զոհ են դառնում գրեթե 3 անգամ ավելի, քան երիտասարդ կանայք:
Ճանապարհատրանսպորտային վնասվածքները զգալի տնտեսական վնասներ են պատճառում անհատներին, ընտանիքներին և պետություններին: Մասնավորապես, կորուստները կարող են կազմել համախառն ներքին արդյունքի 3%-ը, որը Հայաստանի համար կարող է լինել մինչև շուրջ 210 մլրդ դրամ տարեկան՝ նշանակալիորեն գերազանցելով 2021 թվականին պետական բյուջեից առողջապահությանը կամ կրթությանը հատկացված ֆինանսական միջոցները:
Վերոնշյալ կորուստներն առաջանում են բուժման ծախսերից, արտադրողականության նվազման կամ կորստի հետևանքով, ինչպես նաև ընտանիքի անդամների համար՝ տուժածներին խնամելու նպատակով աշխատանքի կամ ուսման չհաճախելու պատճառով:
Վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն` վերջին հինգ տարվա ընթացքում ճանապարհատրանսպորտային պատահարների թիվն աճել է 30%-ով` 2021 թվականին կազմելով 4604: Վթարների առավելագույն ցուցանիշը գրանցվել է 2019 թվականին՝ 4799:
Հարկ է նշել, որ կայուն աճի միտում ունի պատահարների թիվը, որոնք գրանցվել են վարորդների կողմից ճանապարհային երթևեկության կանոնների խախտման հետևանքով. դրանց թիվը կազմել է 3973՝ առավելագույն ցուցանիշը վերջին հինգ տարվա ընթացքում:
Վերոնշյալի հետ մեկտեղ էապես ավելացել է պատահարներից զոհվածների և վիրավորվածների թիվը: Այսպես, եթե 2017թ. եղել է 279 զոհ, ապա 2021թ.` արդեն 368 կամ 30%-ով ավելի, ընդ որում` զոհերի թիվը գերազանցել է նաև 2019թ. ցուցանիշը: Նույն ժամանակահատվածում ճանապարհատրանսպորտային պատահարներից վիրավորել է 6699 մարդ, որը 29%-ով գերազանցում է 2017թ. տվյալները:
Ընթացիկ տարվա հունվար-հունիս ամիսներին գրանցվել է 1896 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով տուժել է 2820 քաղաքացի, այդ թվում` 138-ը` մահվան ելքով:
Երևանում, ինչպես նաև ՀՀ մարզերում, տեղի ունեցող պատահարների հետևանքով տուժած քաղաքացիներին բժշկական օգնություն և սպասարկում են ցուցաբերում նաև ԵՊԲՀ համալսարանական «Մուրացան» և «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրները: «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրը 2021թ. բուժօգնություն է ցուցաբերել ճանապարհատրանսպորտային պատահարներից տուժած 740 քաղաքացու, իսկ 2022թ. հունվար-հունիս ամիսներին՝ 358: «Մուրացան» հիվանդանոցային համալիրը նույն ժամանակահատվածում սպասարկել է համապատասխանաբար 22 (որից 17-ը` մինչև 18 տարեկան), 13 քաղաքացու (որից 10-ը` մինչև 18 տարեկան):
Ճանապարհատրանսպորտային պատահարների և դրա հետևանքով առաջացած մահացության ու հաշմանդամության շարունակվող հիմնախնդիրը պահանջում է նորարարական մոտեցումների կիրառում, որոնց հիմքում պետք է լինի մարդկանց կողմից խնդրի արդիականության գիտակցումը, որն էլ, իր հերթին, կնպաստի ինչպես անհատների, այնպես էլ պատասխանատուների վարքագծային փոփոխությանը: