Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Ապագա բժիշկներն արդեն մասնագիտական օտար լեզուներ են սովորում

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Օտար լեզուների ամբիոնն արդեն ավելի քան մեկ տարի ղեկավարում է դասախոսական աշխատանքի երկար տարիների փորձառություն ունեցող և մասնագիտական կայացման հարուստ ուղի անցած լեզվաբան Հասմիկ Հովհաննիսյանը: Նրա հետ զրուցել ենք արդեն իրականացված և ապագայում նախանշված արդյունավետ ծրագրերի, դասընթացների առցանց կազմակերպման, բուհի միջազգայնացման գործընթացում ամբիոնի դերակատարման և արձանագրված ձեռքբերումների մասին: 

– Տիկի՛ն Հովհաննիսյան, անցած տարվա փետրվարից Դուք համակարգում եք ԵՊԲՀ օտար լեզուների ամբիոնի աշխատանքը: Ի՞նչ նոր ծրագրեր և նախագծեր եք ուրվագծել և հասցրել իրականացնել այս մեկ տարվա ընթացքում:

– Ցանկացած նոր աշխատանք, բնականաբար, ենթադրում է նոր մարտահրավերներ։ Ինձ համար նոր աշխատանքը նաև մի փոքր անսովոր սկիզբ ունեցավ։ Սովորական խնդիրները, հավանաբար, ավելի հեշտ հաղթահարելի կլինեին, եթե չլիներ Covid -19-ը։

Ես դեռ նոր էի հասցրել ծանոթանալ ամբիոնի իմ գործընկերների հետ, երբ որոշում կայացվեց անցնել առցանց ռեժիմով աշխատանքի։ Նոր իրավիճակում  աշխատանքային ամենօրյա  շփումները և հաղորդակցությունը՝ ժողովները, նիստերը, մասնագիտական քննարկումները, վարչական տեղեկությունների փոխանակումը, համալսարանական ղեկավարության կողմից անհետաձգելի հանձնարարականները  կատարվում էին առցանց։ Նկատի ունենալով նաև այն փաստը, որ ամբիոնն ունի 31 աշխատակից (ներառյալ հրավիրված և արձակուրդում գտնվող դասախոսները), ընդհանուր ամբիոնի նիստերից բացի, պարբերաբար անհրաժեշտություն էր առաջանում ըստ ստորաբաժանումների ևս կազմակերպել առանձին-առանձին հանդիպումներ: Այդպիսով, աշխատանքային ժողովների թիվը եռապատկվում էր, բայց դա, իմ կարծիքով, արդյունավետ և նպատակային աշխատելու միակ տարբերակն էր: Ինչևէ, չնայած գերլարված ու ծանրաբեռնված աշխատանքային գրաֆիկին (աշխատանքային ժամերի սահմանափակումը փաստացիորեն վերացել էր)` մեր ամբիոնը կարողացավ և կարծես թե շարունակում է առանց լուրջ խնդիրների հաղթահարել այս մարտահրավերը։ Նկարագրված իրավիճակն, իհարկե, այս կամ այն չափով վերաբերում է նաև բուհի մյուս ամբիոններին:

Օտար լեզուների ամբիոնում իրականացրել ենք հետևյալ նոր ծրագրերը․

  • այս ուսումնական տարվա սկզբից ուսանողներին դասավանդվում է մասնագիտական օտար լեզու, այսինքն՝ նախկին ծրագրի ընդհանուր, հաղորդակցական ձևաչափը փոխարինվել է առողջապահության, բժշկության ոլորտում հաղորդակցական բովանդակությամբ՝ հաշվի առնելով մեր ամբիոնում սովորող ուսանողների, այդ թվում նաև քոլեջի ուսանողների մասնագիտական առանձնահատկությունները։ Կարծում եմ, որ սա ամենակարևոր փոփոխությունն է. դրանով մենք, ըստ էության, իրագործում ենք այն, ինչն, ըստ իս, ամբիոնի առաքելությունը պետք է լիներ ի սկզբանե: Համապատասխանաբար փոխվել են նաև դասագրքերը։ Մենք այսօր դասավանդում ենք Քեմբրիջի, Օքսֆորդի, Փիըրսըն Լոնգմանի և միջազգայնորեն բարձր հեղինակություն վայելող այլ հրատարակչությունների կողմից տպագրված, քննություն անցած գրքերով։ Ժամանակակից դասագրքերի կիրառության հետ կապված հարցերն ընդհանրապես ցավոտ են շատ բուհերում, և ժամանակի հետ քայլելը պահանջում է, որ մասնագետը նախ տեղյակ լինի դրանց գոյության մասին, ապա դրանք կիրառելու կարողություններ և հին մոտեցումներից ժամանակին և պարբերաբար հրաժարվելու վճռականություն ունենա: Սրանք դյուրին հարցեր չեն, եթե մարդիկ սովորում են երկար տարիներ նույն նյութերով աշխատելուն:   
  • Բոլոր ստորաբաժանումներում այժմ պաշտոնապես կարևոր դերակատարում ունեն ամբիոնի ողջ աշխատակազմի կողմից ընտրված համակարգողները: Նրանք պատասխանատվություն են կրում ուսումնական նյութերի հասանելիության, ընթացիկ հարցումների անխափան անցկացման, ինչպես նաև համապատասխան ստորաբաժանումներում ուսումնամեթոդական և կազմակերպչական այլ աշխատանքների համար։ Ի դեպ, բոլոր դասախոսներին հնարավորություն է տրվելու փորձել իրենց մասնագիտական կարողությունները, ներուժը և հաջորդականության սկզբունքով ստանձնել համակարգողի պարտականությունները։
  • Ստեղծված արտակարգ դրության պահանջով ամբիոնի աշխատանքը օպերատիվ և արդյունավետ համակարգելու նպատակով ստեղծվել են էլեկտրոնային մատյաններ, ամբիոնի բոլոր ստորաբաժանումների դասախոսների համար հասանելի ուսումնական ձեռնարկների, հավելյալ նյութերի (նաև audio և video նյութերի) էլեկտրոնային փաթեթներ, ինչն, ըստ իս, նույնպես մեր ժամանակներում վաղուց անհրաժեշտություն է անգամ առկա ուսուցման պայմաններում։ Բնականաբար, ուսումնական ծրագրերը ևս հասանելի են առցանց ձևաչափով։
  • Փոփոխություններ ենք կատարել նաև առաջադիմության արդյունքների գնահատման և գրանցման ձևերում։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ և´ ԵՊԲՀ քոլեջի տնօրինությունը, և´ համալսարանական ֆակուլտետների դեկանատները բառիս ամենալավ իմաստով խստապահանջ են ուսանողների կարգապահության/հաճախումների և առաջադիմության արդյունքների անսխալ գրանցման հարցում, սխալվելու հավանականությունը նվազագույնին հասցնելու նպատակով բացակայությունների, հարցումների/ստուգարքների արդյունքները, ինչպես արդեն նշեցի, գրանցվում են նաև հատուկ էլեկտրոնային մատյաններում և հաշվարկվում են համապատասխան համակարգչային ծրագրով։
  • Ամբիոնի ստորաբաժանումներում սկսել ենք մասնագիտական, ուսումնա-մեթոդական/գիտական սեմինարների շարք, որի նպատակն է ձևավորել աշխատանքային խմբերով քննարկումների, փորձի փոխանակման մշակույթ։ Սա, իհարկե, նույնպես լայնորեն կիրառվող պրակտիկա է բուհերում և գիտահետազոտական հաստատություններում, և ես հուսով եմ, որ արդյունքներն ուղղված կլինեն դասախոսների մասնագիտական գիտելիքների հարստացմանն ու դասավանդման որակի բարձրացմանը։

Նախատեսում ենք շուտով վերսկսել օտար լեզուների դասընթացները համալսարանի աշխատակիցների և կլինիկական օրդինատորների համար։ Դասընթացներն առավել արդյունավետ ու նպատակային դարձնելու համար համալսարանի ղեկավարությանը ներկայացվել է նոր փաթեթ։ Ուրախ եմ, որ այն հավանության է արժանացել, և հուսով եմ, որ շուտով ԵՊԲՀ աշխատակազմի և ֆակուլտետային ամբիոնների աջակցությամբ նորացված դասընթացները կվերսկսվեն։

Նոր ծրագրերի գաղափարները քիչ չեն, բայց ես կնախընտրեի դրանց մասին խոսել  իրականացվածության որոշակի աստիճանի հասնելուց հետո։    

– Ի՞նչ սկզբունքներով է առաջնորդվում Օտար լեզուների ամբիոնի վարիչն իր աշխատանքի ընթացքում:

– Ընդհանրապես, կրթության ոլորտում ես շատ եմ կարևորում ակադեմիական մակարդակի  շարունակական բարձրացումն ու ժամանակի պահանջներին զուգընթաց գիտական, ուսումնական նոր, գործուն մեթոդների ներմուծումը։ Այս ամենը հաջողությամբ իրականացնելու համար անհրաժեշտ է աշխատանքային առողջ և կառուցողական միջավայր, պրոֆեսիոնալ աշխատակազմ։ Հետևաբար, ամբիոնում  համապատասխան միջավայր, արդյունավետ համագործակցության մշակույթ ձևավորելու համար առաջնային են մասնագիտական բարձր որակները կամ, գոնե առնվազն, դրանց հասնելու իրատեսական ձգտումները, սկզբունքայնությունը, հետևողականությունը և, իհարկե, կարգապահությունը։ Այս ամենին հասնելու համար  այժմ ամբիոնում դասախոսների համար ստեղծված են հավասար և, կարծում եմ, արդար պայմաններ՝ անհատական և միասնական ծրագրերով ներկայանալու, հետաքրքիր գաղափարներ իրագործելու համար։ Ցանկանում եմ առանձնացնել ևս մեկ կարևոր սկզբունք. դա ուսանողների նկատմամբ հարգալից, սկզբունքային և արդար վերաբերմունքն է, նրանց մեջ ուսման նկատմամբ հետաքրքրություն և հարգանք ձևավորելը։ Այս առումով դեռ բավականին լուրջ աշխատանք կա անելու, բայց ես այս հարցում շատ վճռական եմ տրամադրված։ Մեր ուսանողները մեր վաղվա գործընկերներն են, վաղվա օրվա որոշում կայացնողները։ Շատ կարևոր է, որ մենք հնարավորինս նպաստենք, նաև անձնական օրինակով, որ նրանք լինեն պատշաճ կերպով կրթված, դաստիարակված և կայացած անհատներ։

– Հաջողվո՞ւմ է, արդյոք, ապահովել առցանց դասընթացների անխափան ընթացքն ու արդյունավետ կազմակերպումը։

– Սկզբում, երբ, առցանց դասընթաց վարելու փորձ և գիտելիք չունենալով, ստիպված էինք ընդունել այս անխուսափելի մարտահրավերը, ծագեցին մի շարք խնդիրներ, որոնք պայմանավորված էին օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոններով։ Դասախոսների համար ամբիոնի ուժերով կազմակերպվեցին համակարգչային հմտությունների, առցանց միջոցներով դասեր վարելու սեմինարներ։ Բարեբախտաբար, փոխադարձ օգնության և շարունակական խորհրդատվության շնորհիվ շուտով քիչ թե շատ նորմալ աշխատանքային ռեժիմի անցանք, և առցանց դասերը նույնիսկ ավելի օգտակար դարձան այն առումով, որ դրանք հնարավորություն են տալիս տեսանյութերի, գրաֆիկական պատկերների, ինտերնետային ռեսուրսների կիրառության միջոցով դասերն ավելի հետաքրքիր, պատկերավոր և ընկալելի դարձնել (մինչդեռ ոչ բոլոր լսարաններում կան դրանց ֆիզիկական հնարավորությունները)։ Սակայն ինտերնետային կապի խաթարումը կամ վատ որակը երբեմն հանգեցնում էին և այժմ էլ հանգեցնում են անելանելի վիճակների, հատկապես, երբ դասախոսը նույն օրվա ընթացքում ստիպված է աշխատել թե´ առցանց և թե´ լսարանային դասացուցակով։ Օրինակ սա, անկախ ջանքերից և դասախոսի փորձառության աստիճանից, չի կարող չազդել դասի որակի վրա։ Նման դեպքերում անհրաժեշտ է եղել տեղում, հանպատրաստից ընդունել ոչ ստանդարտ որոշումներ, և, իհարկե, քաոսից խուսափելու համար միշտ աշխատել ենք դեկանատների հետ։ Ունեցել ենք նաև այնպիսի իրավիճակներ, երբ միևնույն ժամանակաշրջանում մեր ամբիոնում դասընթացների հաճախող որոշ խմբերում դասերը լսարանային ձևաչափով են ընթացել (խոսքը քոլեջի և բակալավրիատի տեղացի ուսանողների մասին է), արտասահմանցի ուսանողներին ուսուցանել ենք միայն առցանց ռեժիմով, նախապատրաստականի ուսանողների մի մասը հաճախել է լսարանային դասերի, մյուս մասն էլ՝ սովորել առցանց գրաֆիկով։ Ավելի ուշ «մեր արագ արձագանքման ունակություններն ու ստեղծագործական միտքը» նորից  փորձության ենթարկվեցին հիբրիդային ձևաչափի ներմուծմամբ։

– Մասնավորապես՝ ի՞նչ օտար լեզուներ է ուսուցանում ամբիոնը:

– Ներկայումս ամբիոնում դասավանդվում են լատիներեն, անգլերեն, ռուսերեն, գերմաներեն և ֆրանսերեն։ Ավելացնեմ նաև, որ այս լեզուներից յուրաքանչյուրի դասընթացները ո´չ ձևաչափով և ո´չ էլ բովանդակությամբ միօրինակ չեն: Հետևաբար, ամբիոնում առարկայական ծրագրերը  վերանայվել և կազմվել են՝ հաշվի առնելով մի շարք առանձնահատկություններ, ինչպիսիք են, օրինակ, կիսամյակում ժամային ծանրաբեռնվածությունը, ուսանողների  մասնագիտական ուղղվածությունը, դասընթացների համար նախանշված վերջնարդյունքները և այլն: Բնականաբար, տարբերակված են նաև Նախապատրաստական և Օտարերկրացիների ուսուցման բաժինների, ինչպես նաև ԵՊԲՀ քոլեջի ուսանողների համար նախատեսված դասընթացները: 

– Ո՞ր լեզուներին է առաջնություն տրվում բուհի միջազգայնացման գործընթացի տեսանկյունից:

– Այսօր գիտական հաղորդակցության միջազգային-միջմշակութային լեզուն անգլերենն է, հետևաբար, մի շարք իրողություններով պայմանավորված, ոչ միայն մեր համալսարանում, այլև աշխարհի շատ հեղինակավոր համալսարաններում առաջնությունը տրվում է անգլերենին: Այսօր ԵՊԲՀ-ում սովորող օտարերկրացի ուսանողներին մասնագիտական դասընթացների գերակշիռ մասն ուսուցանվում է անգլերենով: Մեր դասախոսներից շատերը, որոնք նաև հանրապետության առաջատար և լավագույն մասնագետների համբավ ունեն, իրենց տեսական աշխատանքները, գիտահետազոտական ուսումնասիրությունները միջազգային բժշկագիտական հանրությանը ներկայացնում են անգլերենով: Ի դեպ, հարկ է նշել, որ մեր ամբիոնը համագործակցում է համալսարանի մեր մի շարք գործընկերների հետ՝ նրանց համար կատարելով թարգմանչական և/կամ խմբագրական աշխատանքներ:

Իհարկե, հաշվի առնելով համալսարանի միջազգային բազմաթիվ կապերը նաև ռուսալեզու գիտահետազոտական կենտրոնների գիտնականների հետ, մեր ամբիոնում առանձնահատուկ կարևորություն է տրվում նաև ռուսերենի պատշաճ իմացությանը: Ներկայումս մենք խնդիր ենք դրել թարմացնելու, արդիականացնելու նաև ռուսաց լեզվի մասնագիտական դասընթացները: Կարծում եմ, որ Հայաստանում ռուսաց լեզվի դրվածքը բավականին կայուն հիմքեր ունի և պարզապես անհրաժեշտություն է արդեն իսկ հաստատված լեզվական ավանդույթներն ամրապնդելն ու զարգացնելը:

– Կա՞ն, արդյոք, այլ պետությունների հետ ամբիոնի արդյունավետ համագործակցության օրինակներ:

– Հասկանալի է, որ այլ պետությունների հետ մենք՝ ամբիոնը, կարող է աշխատել բուհի համագործակցության մակարդակում: Այժմ մի փոքր վաղ է խոսել նման համագործակցության մասին, քանի որ կարծում եմ, որ ամբիոնում նախ պետք է ավելի բարձրացնել մասնագիտական պատրաստվածության որակը, որոշ բարեփոխումներ կատարել, ներքին ռեսուրսներն օբյեկտիվորեն գնահատել և միայն դրանից հետո վստահաբար ներկայանալ օտարերկրացի գործընկերներին և համագործակցելու հավակնություններ ունենալ։ 

– Ո՞ր երկրների կամ միջազգային կազմակերպությունների հետ փոխգործակցությունն եք առավել կարևորում:

– Ճիշտ մոտեցումների դեպքում ցանկացած փոխգործակցությունից կարելի է դրական արդյունքներ քաղել։ Ցանկալի կլիներ, իհարկե, համագործակցել առավել կայացած և փոխգործակցության համապատասխան փորձ ունեցող երկրների և կազմակերպությունների հետ։ Բայց ժամանակակից աշխարհում անշահախնդիր համագործակցության հետաքրքրություն և շահագրգռվածություն լինում է հիմնականում այն դեպքերում, երբ այն կրում է հավասարակշռված, երկկողմանի/բազմակողմանի բնույթ։ Այսինքն՝ եթե ցանկանում ես, որ համագործակցություն լինի, մտավոր և/կամ ֆիզիկական ռեսուրսների օգտակար ներդրումներ լինեն, պետք է ինքդ դիմացինին առաջարկելու ռեսուրսներ, համապատասխան կշիռ ունենաս։

– Ի՞նչ ձեռքբերումներ կառանձնացնեք:

– «Ձեռքբերում» բառը շատ պատասխանատու է հնչում։ Ամբիոնում կատարված փոփոխությունների մեծ մասը, թե´ ձևաչափերի և´ թե բովանդակային առումով, դեռևս ամրապնդման կամ փորձնական փուլում են։ Իհարկե, այժմ աշխատանքների ընթացքը, կարծես թե, դրական զարգացման միտում ունի, օրինակ՝ առաջին կուրսի ուսանողներից շատերը ակնհայտորեն մեծ հետաքրքրություն են դրսևորում օտար լեզուների մասնագիտական դասընթացների նկատմամբ, բարձր կուրսերում սովորողները տարբեր առիթներով ափսոսանք են հայտնել, որ իրենք բաց են թողել այս դասընթացներին հաճախելու հնարավորությունը, դեկանատների հետ ամբիոնի ամենօրյա ռեժիմով աշխատանքի որակը բարելավվել է, ամբիոնի ներսում աշխատանքները որոշակիորեն համակարգված են և այլն։ Այնուհանդերձ, մեր անելիքները շատ են, ծրագրերը՝ բավականին հավակնոտ, բայցև՝ իրատեսական։ Այնպես որ հուսով եմ, որ մինչև հաջորդ հարցազրույցը, եթե այն, իհարկե շատ շուտ չլինի, ես ինձ կկարողանամ թույլ տալ խոսել մեր ամբիոնի ձեռքբերումներից։ Իսկ որ դրանք լինելու են, ես չեմ կասկածում։

 

Հեղինակ՝ Տաթևիկ Ղազարյան