Մաշտոցի պողոտայով զբոսնելիս դժվար թե որևէ մեկն անտարբեր անցնի ծաղկեփունջը ձեռքին սպասող կամ անհանգստությամբ լցված հայրիկների, ծննդկանի հարազատների կողքով:
Խոսքը Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի մասին է, որն արդեն 9 տասնամյակ մոր և մանկան առողջության պահպանման ոլորտում անգնահատելի առաքելություն է իրականացնում: Այստեղ պատմություն ունի ամեն ինչը` նախասրահից սկսած: Հաստատությունը ոչ միայն առողջապահական, այլև գիտակրթական հսկայածավալ գործունեություն է ծավալում: Այն ապագա մանկաբարձ-գինեկոլոգների դարբնոց է, վայր, որտեղ սովորողները հնարավորություն ունեն ծանոթանալու մասնագիտության հմտություններին, ոլորտի առաջադեմ մեթոդներին և նորարարություններին: Կարևոր նշանակության այս կենտրոնի տնօրեն, ԵՊԲՀ մասնագիտական և շարունակական կրթության կենտրոնի մանկաբարձության և վերարտադրողական բժշկության ամբիոնի վարիչ Գեորգի Օկոևի հետ է զրույցը ԵՊԲՀ 100-ամյա հոբելյանին նվիրված «Բժշկի ուղին» ակնարկաշարի շրջանակում:
Պրոֆեսոր Օկոևի առօրյան գերհագեցած է. վաղ առավոտյան աշխարհի տարբեր անկյուններից ստացվող նամակներ, բուժանձնակազմի հետ առավոտյան պարտադիր ժողով, կլինիկական դեպքերի քննարկում: Հմուտ մասնագետն այսօր էլ կատարում է կեսարյան հատումներ, իսկ բնական ծննդաբերությունները վստահել է գործընկերներին, որոնց թվում են նրա ուսանողները, վաղուց կայացած բժիշկներ: Մարդկանց երջանկություն պարգևող բժիշկ-գիտնականն ամենից շատ Օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիաների (ՕՎՏ) բաժանմունքում է լինում, սակայն մեր խնդրանքով նաև Նորածնային բաժանմունք այցելեց` անուն առ անուն տեղեկանալով փոքրիկների առողջության վիճակի մասին:
–Պարոն Օկոև, Դուք բժշկական ընտանիքի չորրորդ սերունդն եք ներկայացնում, դժվար չէ՞ր շարունակել Ձեր հայրիկի գործը տարիներ առաջ:
-Տարբեր ժամանակահատվածներում տարբեր էին խնդիրները, իհարկե, այն ժամանակ դժվար էր, քանի որ վառ էին բոլորի մոտ հայրիկիս ղեկավարման մասին հիշողությունները, փորձում էին համեմատել, և դա լրացուցիչ բեռ էր, քանի որ համեմատելիս պետք է նրա անունը բարձր պահեի: Հիմա էլ կա այդ հարցը, բայց այն ժամանակ թարմ էր և ավելի լուրջ ազդեցություն ուներ:
-Ի՞նչ սկզբունքներ Ձեր հայրիկից` ՀՀ վաստակավոր բժիշկ Գրիգորի Օկոևից, վերցրեցիք և անդավաճան մնացիք դրանց:
-Սերը բժշկության հանդեպ: Ես փորձում եմ լինել այն, ինչ նա էր միշտ ասում․ բժշկությունը, գուցե, կոպիտ հայկական խոսքով է բնութագրում, «փեշակ» չէ, այլ արվեստ, առավել ևս մանկաբարձության ոլորտում:
-«Մարգարյան» ծննդատունը, ինչպես հաճախ այն անվանում են, ոչ միայն ծննդօգնության ոլորտում է հայտնի, այլև Երևանի յուրօրինակ այցեքարտերից է՝ ճարտարապետական տեսքով, պատմությամբ: Ինչպե՞ս է Ձեզ հաջողվել պահպանել մայրաքաղաքի այցեքարտերից մեկը լինելու կարգավիճակը:
–Այդ կարգավիճակը փորձում ենք պահպանել: Կարծում եմ՝ այո, մեր կենտրոնը Երևանի խորհրդանիշներից է: Թեկուզ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում, երբ հայտնվում է մեր բուժհաստատության լուսանկարը, մեկնաբանություններում անպայմանորեն գրվում է. «Ես այստեղ եմ ծնվել» կամ «Հայրս է այստեղ ծնվել, երեխաներս»: Սա խոսում է հենց այն մասին, որ այն դարձել է մանկաբարձության` կյանքի սիմվոլ: Այստեղ առաջին երեխան ծնվել է 1932 թվականին: Կենտրոնական մուտքից մտնելիս մեր հայտնի «Ոզնին»` անվանի գրող, երգիծաբան Արամայիս Սահակյանը, կենտրոնի 70-ամյա հոբելյանի առիթով գրել է. «Աշխարհ եկող երեխաներ, օրհնյալ լինի ծնունդը ձեր…»:
–Դուք երեխայի ծնունդը հրաշք եք համարում, նվեր մարդկությանը: Այս հետաքրքրաշարժ, աստվածահաճո գործընթացին՝ բեղմնավորումից մինչև ծննդաբերություն, նաև ապագա մասնագետները հետևելու ու մասնակից դառնալու հնարավորություն ունեն: Որպես Մանկաբարձության և վերարտադրողական բժշկության հետբուհական ամբիոնի վարիչ՝ ինչպե՞ս կգնահատեք այսօրվա սովորողների ձգտումը, գիտելիքները, հաջողությունները:
-Մի քանի մասի կարող եմ բաժանել հարցը: Կան ինձ համար երեխաներ, իսկ ինձ համար նրանք երեխաներ են (ժպտում է), ապագա բժիշկներ, որոնք իսկապես փայլուն են: Ուրախանում եմ, որ իրենք ժամանակի ընթացքում, իրոք, կդառնան լավ մասնագետներ: Մի մաս էլ կա, որը պարզպաես ուզում է դառնալ մանկաբարձ-գինեկոլոգ, իրենց դա պետք է ինչ-որ բանի համար, բայց ցանկություն ու եռանդ չունեն: Մեր գործը հիմնականում գիշերային ժամերին է ծավալվում, և երբ գալիս են ասում. «Երեխաներ ունեմ, չեմ կարող հերթապահել կամ ամուսինս չի թողնում», ես կասկածանքով եմ դիտարկում նրանց՝ որպես բժիշկ կայացմանը, որովհետև այդ մոտեցմամբ անձը դժվար լավ մասնագետ դառնա: Կան ապագա մասնագետներ, որոնք օրակարգից դուրս ցանկացած ծննդաբերության մասնակցում են մեծ պատրաստակամությամբ:
Մեր աշխատանքը կլինիկական օրդինատորների հետ է, որոնք այս մասնագիտացումն են ընտրել այսպես ասած «չորս տարի+1» սկզբունքով: Բազային հետբուհական կրթություն և ցանկության դեպքում ևս մեկ տարի սովորողները հնարավորություն ունեն ուսուցանել օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիաներ: Համապատասխան բժշկական կամ կենսաբանական կրթության դեպքում կա նաև հնարավորություն կես տարի տևողությամբ ուսումնառությունից հետո դառնալու սաղմնաբան` էմբրիոլոգ:
–Արտամարմնային բեղմնավորման ներդրումը մեր երկրում արդեն 20 տարվա պատմություն ունի: Ինչպե՞ս եք տեսնում բժշկագիտության այս ուշագրավ ու հրաշագործ մեթոդի հետագան:
-Հայաստանում 2003թ. տեղի ունեցավ մեծ հեղաշրջում օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիաների կիրառման բնագավառում, և առաջին անգամ հենց այստեղ արտամարմնային բեղմնավորումից հետո գրանցվեց հղիություն, իսկ 2004 թվականին լույս աշխարհ եկավ առաջին եռյակը:
Ցանկալի է, որ այս մեթոդը բոլորի համար հասանելի լինի: Ցավոք սրտի, այն թանկարժեք է: Տարիներ շարունակ տարբեր կազմակերպություններ աջակցել են ընտանեկան զույգերին այս հարցում: Մենք ունեցել ենք դեպքեր, երբ ՀՀ պաշտպանության նախարարությունն է աջակցել զինծառայողներին: Կար դեպք, օրինակ, կին կապիտան, որին աջակցեցին, պայմանագրային սպա, որը նույնպես երեխաներ ունեցավ այս գերատեսչության հովանու ներքո: «Արագիլ» հիմնադրամի շնորհիվ մոտ 770 երեխա ծնվեց, «Հայ մանուկ» կազմակերպությունը կարճատև ներդրում կատարեց: Որոշ ժամանակ անց պետությունը սկսեց զբաղվել այն ընտանիքներով, որոնք սահմանամերձ գոտիներում են և զինծառայողներ են, 44-օրյա պատերազմից հետո հովանավորեց այն կանանց, որոնք զավակներին են կորցրել, իսկ այս տարվանից՝ պրակտիկորեն բոլոր այն ընտանեկան զույգերին, որոնք ուզում են երեխա ունենալ և ունեն այս օժանդակ տեխնոլոգիայի կիրառման անհրաժեշտությունը` լինի արտամարմնային բեղմնավորում, թե սերմնավորում: Ճիշտ է, հիվանդների քանակը մեծ է, բայց, կարծում եմ, սա քայլ է, որպեսզի երեխաների թիվն աճի: Կարևոր է, որ դա շարունակական գործընթաց լինի:
–Առաջիկայում բժշկական բուհում անցկացվելու է «Հայաստանում ժողովրդագրական իրավիճակի բարելավման առողջապահական ասպեկտները» թեմայով համաժողով։ Դուք ևս զեկույց եք ունենալու:
–Անդրադառնալու եմ արտամարմնային բեղմնավորման մեթոդի հիմնադրմանը և զարգացմանը Հայաստանում: Անչափ արդի թեմա է հայ ժողովրդի համար: Մենք պետք է բարձրացնենք մեր վերարտադրողական ներուժը: Ունեցանք անդառնալի կորուստներ, որոնք ակտիվ վերարտադրողական տարիքի երիտասարդներ էին: Եվ դրա հետևանքը մենք կզգանք տարիներ հետո: Մենք այստեղ էլ կունենանք այն անկումը, որը տեսանելի դարձավ 90-ականներից հետո:
Իրազեկող այս ծրագրի նպատակն է` հասկանալու, որ ազգի ապագան մեր այն երեխաներն են, որոնք ծնվել են և որոնք դեռ պետք է ծնվեն:
–Մեր հիմնական լսարանն ուսանողությունն է, ի՞նչ խորհուրդ կտաք այն ապագա բժիշկներին, որոնք առաջիկայում ցանկանում են մասնագիտանալ հենց մանկաբարձության և գինեկոլոգիայի ոլորտում, ի՞նչ հատկանիշներ նրանց պետք կգան:
-Մանկաբարձությունը, գուցե և սխալ եմ, այն ոլորտն է, երբ ամեն օր, անկախ օրվա ժամից, պետք է պատրաստ լինես մասնակցել ծննդաբերության գործընթացին: Բոլոր մասնագիտությունները, որևէ մեկին չեմ նվաստացնում` թե՛ վիրաբույժները, թե՛ ուրոլոգները, թե՛ նյարդավիրաբույժները, ունեն հերթապահության օրեր, մենք չունենք հերթապահության օրեր: Պետք է սիրել մասնագիտությունն անմնացորդ, լինել նվիրված: Պետք է չկանգնել հասած մակարդակում, պետք է կարդալ, կարդալ և կարդալ, ոչ թե մեկ-երկու դասագիրք, այլ այն ամբողջ գրականությունը, որն առկա է: Մեր ապագա բժիշկներն աստիճանաբար ավելի վատ են տիրապետում ռուսերենին, և չէի ասի, որ դրանով նրանց անգլերենը լավանում է, իսկ գրականության հիմնական ծավալը, որը հասանելի է Հայաստանում, ռուսերեն է: Այս երկու լեզվի իմացությունը կարևորում եմ: Հայերենը մայրենի է, բայց մեծ ծավալի մասնագիտական ինֆորմացիա հասանելի չէ: Պետք է չկանգնել և կարդալ միջազգային հանդեսներ, գրականություն: Բացի ձեռքի շնորհքից, դա նաև կապահովի մտքի առաջխաղացում, առանց որի հնարավոր չէ պատկերացնլ ժամանակակից բժշկին:
-Պրոֆեսոր Օկոև, շնորհակալ ենք հանդիպման համար, ամփոփելով` ի՞նչը կցանկանաք շեշտադրել:
-Պետք է ընդգծել, որ բժշկագիտության ոլորտում էթիկային վերաբերող լուրջ հարցեր կան: Դա բավականին նուրբ հարց է: Հաճախ ենք տեսնում, որ էթիկայի կանոնները չեն պահպանվում: Կցանկանայի, որ բժշկական մայր բուհում ավելի լուրջ և խորը մոտենան` դեոնթոլոգիայի և էթիկայի հիմնահարցերին:
Համենայն դեպս, երբ ես էի սովորում, պրակտիկորեն չէինք ունենում դասընթացներ, որոնց ընթացքում քննարկում էինք, թե ինչպես պետք է խոսել հիվանդի հետ, ինչպես նստել նրա կողքին, ինչպես ճիշտ մոտեցումներ ցուցաբերել: Երբ տղաս էր պաշտպանում իր բժշկակական գիտելիքները, բավականին լուրջ հարցադրումներ էին հնչում: Կա այսպիսի մի պնդում, որ պացիենտի հետ խոսելիս խալաթը պետք է արձակված լինի, որովհետև, երբ խալաթն արձակված է հիվանդն ավելի մոտ է ընդունում բժշկին: Չեմ ասում, որ այս պնդումը 100 տոկոս ճիշտ է, սակայն մանրամասներն ու նրբությունները կարևոր են:
Տարիներ ի վեր մեր սերնդին ասել են (թեպետ այն կրթությունը, որը տվել են մեզ մեր մեծերը, բավականին հիմնարար է), որ հիվանդից պետք է թաքցնել ճշմարտությունը: Կներեք, բայց եթե օնկոլոգիական հիվանդություն ունեցող հիվանդին մնացել է մեկ-երկու ամսվա կյանք, ապա ինչու՞ նա չպետք է իմանա այդ մասին: Բժիշկներն իրենց պետք է բժշկին վայել պահեն, ուշադիր լինեն իրենց խոսքին, բառին:
Կցանկանայի, որ քննությունները, հատկապես՝ հետդիպլոմային, ավելի դժվարացվեին, ոչ թե նրա համար, որ սովորողների պրոբլեմներն ավելանան, այլ ավելի զտվեն լավագույնները, առավել արժանիները:
Ավարտին կկրկնեմ նորից, որ վերապատրաստման, կատարելագործման եկող սերնդի մեջ կան փայլուն երիտասարդներ, որոնք քեզ անընդհատ իրենց հարցադրումներով լարվածության մեջ, զգոն են պահում․ նրանց հետ աշխատելիս բավականություն եմ ստանում։
Հարցազրույցը` Տաթևիկ Գրիգորյանի
Լուսանկարները` Մարի Գալստյանի