Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի այցելու պրոֆեսոր, անվանի մանկաբույժ Լոուրենս Ֆոլկները մասնագիտացած է մանկական քաղցկեղի և արյան խանգարումների ոլորտում։
Cure2Children հիմնադրամի բժշկական խորհրդատվական խորհրդի համակարգող, Մանկական արյունաբանության-ուռուցքաբանության և ցողունային բջիջների փոխպատվաստման մասնագետը եվրոպական 2 երկրի՝ Իտալիայի և Մեծ Բրիտանիայի քաղաքացի է։
Լոուրենս Ֆոլկները նաև Մանկական ուռուցքաբանության միջազգային ընկերության, Ամերիկյան արյունաբանական ընկերության և Կլինիկական ուռուցքաբանության ամերիկյան ընկերության անդամ է։
Ուշագրավ է, որ հազարավոր երեխաների կյանքեր փրկած անվանի մանկաբույժը մոտ մեկ ամիս առաջ Հայաստանում առաջին անգամ իրականացված ոսկրածուծի ալոգեն փոխպատվաստման անմիջական մասնակիցն էր։ Փոխպատվաստումն իրականացվել էր պրոֆ. Ռ. Հ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնում։
Բժշկական մայր բուհի այցելու պրոֆեսորի հետ զրուցել ենք մանկաբույժ լինելու դժվարությունների, բժշկի մասնագիտության առավելությունների և պարտականությունների, ինչպես նաև հայ մասնագետների և Հայաստանում բժշկական ոլորտի առանձնահատկությունների մասին։
– Ինչպե՞ս որոշեցիք բժիշկ դառնալ: Արդյո՞ք դա Ձեր երազանքն էր:
Չեմ կարող ասել, որ հստակ պատկերացում ունեի բժշկի մասնագիտության մասին, քանի որ շատ երիտասարդ էի։ Բայց հաստատ որոշել էի՝ զբաղվել գիտական ոլորտով, հավանաբար, ծրագրային ապահովման ինժեներ լինել: Այնուամենայնիվ, վախենում էի, որ այս ընտրությունն ինձ մեկուսացնելու էր մարդկանցից և թույլ չէր տալու համապատասխան աշխատանք գտնել: Այդ ժամանակ վստահ չէի, որ լավ բժիշկ կդառնայի, բայց հետ նայելով՝ պետք է ասեմ, որ գոհ եմ իմ ընտրությունից:
– Իսկ ինչու՞ որոշեցիք մանկաբույժ դառնալ։
Ինձ վրա մեծ ազդեցություն ունեցավ մորեղբայրս, որը նույնպես մանկաբույժ էր․ ես շատ էի հիանում նրանով:
– Ի՞նչ է բժշկությունը Ձեզ համար։
Ապրելակերպ․ իմաստալից մի բան: Պետք է ասեմ, որ գրեթե միշտ վայելել եմ այս աշխատանքը, նույնիսկ, եթե երբեմն այն դժվար է եղել:
– Ինչպիսի՞ դժվարությունների է բախվում բժիշկն իր գործունեության ընթացքում:
Սկսել եմ գործունեությունս որպես մանկական ուռուցքաբան, և, իհարկե, շատ հիասթափեցնող ու ցավոտ էր տեսնել, որ քո բուժառուներից շատերն իրենց լավ չեն զգում: Այնուամենայնիվ, ես միշտ ազնվորեն արել եմ հնարավոր ամեն ինչ, և ընտանիքների մեծամասնությունը երախտապարտ էր ինձ, նույնիսկ, երբ հիվանդությունների բուժումը երկար և դժվար ընթացք էր ստանում։
Հետագա տարիներին սկսեցի մասնագիտանալ բարորակ արյունաբանության և ոսկրածուծի փոխպատվաստման ոլորտներում․ այստեղ բուժված հիվանդները մեծամասնություն են կազմում:
– Ի՞նչ առավելություններից է օգտվում բժիշկը:
Կարծում եմ, որ բժիշկն ավելի շատ պարտականություններ ունի, քան առավելություններ, քանի որ նա իր աշխատանքը կատարում է նվիրումով:
– Մի փոքր պատմեք Ձեր կարիերայի մասին:
Մասնագիտական կայացման գլխավոր իրադարձությունն, անկասկած, ԱՄՆ-ում վերապատրաստվելու հնարավորությունն էր, ինչը մեծ վստահություն հաղորդեց ինձ․ հակառակ դեպքում չէի կարողանա այդպես վայելել, սիրել աշխատանքս: Հենց վերապատրաստումն ինձ թույլ տվեց համարձակ որոշում կայացնել՝ թողնելով ապահով աշխատանքն Իտալիայում և մասնագիտական կյանքիս վերջին 15 տարին նվիրաբերելով ցողունային բջիջների փոխպատվաստմամբ զբաղվող մի քանի կենտրոնի հետ համագործակցությանը:
– Ձեզ հաջողվու՞մ է հանգստանալ: Ի՞նչ հոբբի ունեք:
Երաժշտություն եմ շատ լսում, երբեմն մրցակցում եմ կնոջս հետ խոհանոցում, նույնիսկ, եթե երկուսս էլ առանձնապես չենք փայլում այդ ոլորտում։ Սիրում եմ լավ գինի՝ չնայած, որ փորձագետ չեմ:
– Կպատմե՞ք Ձեր ընտանիքի մասին:
Ունեմ երեք երեխա, աղջիկներս 30 և 18 տարեկան են, իսկ որդիս՝ 16: Կինս նույնպես մանկաբույժ է, աշխատում է իմ հայրենի քաղաք Ֆլորենցիայի մանկական հիվանդանոցում։
– Հայաստանում եղե՞լ եք։
Իհարկե, մի քանի անգամ։ 2021 թվականի ողջ հուլիսը ես անցկացրի Հայաստանում՝ աշխատելով պրոֆ. Ռ. Հ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնում։
Ինձ շատ տպավորեց այն, թե որքան հեշտ է, գոնե եվրոպացու համար, ապրել Հայաստանում, օգտվել առցանց տաքսի ծառայությունից և առցանց մթերք գնել: Տպավորիչ են Հայաստանի պատմությունն ու պատմական հուշարձանները: Մարդիկ հյուրընկալ են, սնունդը՝ հիանալի, իսկ հայկական մշակույթը շատ նման է իմ հայրենի երկրի՝ Իտալիայի մշակույթին: Անհամբերությամբ սպասում եմ, թե երբ եմ վերադառնալու: Իսկ Երևան ես կվերադառնամ 2021 թվականի սեպտեմբերի 27-30-ը։
– Ինչպիսի՞ն է, ըստ Ձեզ, բժշկության ոլորտը Հայաստանում։
Խոսելով միայն մանկական արյունաբանության-ուռուցքաբանության և ոսկրածուծի փոխպատվաստման ոլորտների մասին․ պետք է շեշտեմ՝ իմ փորձն այստեղ շատ դրական է: Բժիշկներն ու բուժքույրերը պրոֆեսիոնալ են, նվիրված և հոգատար: Հայաստանն արդեն տևական ժամանակ է, ինչ գրավում է բժշկական ոլորտի օտարերկրացի ուսանողների ուշադրությունը որպես բժշկական բարձրագույն կրթություն ապահովող համալսարան ունեցող երկիր, և ես հավատում եմ, որ նրանց թիվը ժամանակի ընթացքում կավելանա:
– Որպես հարուստ մասնագիտական ուղի անցած փորձառու բժիշկ՝ ի՞նչ խորհուրդ կտաք Ձեր ապագա գործընկերներին:
Բժշկությունը պարտականությունների, նվիրվածության, անսահման ձգտման և հուսալիության ամբողջությունն է: Արտերկրում վերապատրաստվելը կարող է երբեմն էական չլինել, բայց դա նպաստում է մասնագետի վստահության ամրապնդմանը և անհրաժեշտ է նոր կապերի հաստատման, փորձի փոխանակման տեսակետից:
Հեղինակ՝ Տաթևիկ Ղազարյան