ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցի հաջողությունը սաներին թռիչքի թևեր տալն է

ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցի հաջողությունը սաներին թռիչքի թևեր տալն է

Մայրաքաղաքի ավագ դպրոցների շարքում ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցն արժանի տեղ ունի՝ թե՛ աշակերտների առաջադիմության, թե՛ նրանց գրանցած հաջողությունների տեսանկյունից: Մասնագիտական կողմնորոշման որոնումները, և ավագ դպրոցի ընտրությունը ծնողներին հետաքրքող արդի հարցերից են, որոնց աշխատում են մոտենալ մեծ պատասխանատվությամբ:

«Հերացի» ավագ դպրոցի տնօրեն Նարինե Սարգսյանն ունի ոչ միայն մանկավարժական, կրթական հաստատությունների ղեկավարման, այլև միջազգային կազմակերպություններում աշխատանքի մեծ փորձ:

Երիտասարդների կրթությանն ու դաստիարակությանն ուղղված մի շարք հոդվածների, ոչ ֆորմալ կրթության կազմակերպմանն ուղղված գրքերի հեղինակ է:

Մանկավարժի, կրթության կազմակերպչի հետ զրուցել ենք ավագ դպրոցի գործունեության ու հաջողությունների մասին:

Տիկին Սարգսյան, ինչպես գիտենք «Հերացի» ավագ դպրոցը 2012 թվա­կանից վերակազմակերպվել և միացել է ԵՊԲՀ կազմին: Հետահայաց, ինչպե՞ս կգնա­հատեք դպրո­ցի գործունեությունը համալսարանի կազմում, ինչպիսի՞ փոփոխու­թյուն­ներ կա­տարվեցին կրթական ծրագրում:

-Իմ խորին համոզմամբ, «Հերացի» ավագ դպրոցը կայացավ հենց այդ ժա­մանակ, երբ միացավ ԵՊԲՀ կազմին: Վիճակագրությունն էլ է փաստում այդ մասին։ Մեր ա­շա­կերտ­ների թիվն այդ տարիներին աճեց 500-ով, նեդրվեցին կրթական նոր ու հե­տա­քրքիր ծրա­գրեր (գերմաներենի DSD ուսուցում, բժշկական ֆիզիկա, մարդու ա­նա­­տոմ­իա, ֆի­զիոլոգիա և հիգիենա, օլիմպիական դասընթացներ, ռուսաց լեզվի հա­ղորդակցական հմտություններ և այլն), դպրոցին հնարավորու­թ­յուն ըն­ձեռվեց օգտվե­լու համալսարանի գիտաուսումնական բազայից, իրականաց­նե­լու հետազոտական գործունեություն։ Համալսարանի դա­սախոսները դասեր վարեցին դպրոցում, սերտ հա­­­մագործակցություն հաստատվեց ԵՊԲՀ ամբիոնների և դպրոցի առարկայական մաս­նախմբերի միջև։ Արմատապես բարելավվեց սովորող­ների մասնա­­գիտական կողմնորոշման գործընթացը։ Մեր աշակերտները հնարա­վո­րու­թյուն ստացան մաս­նագիտական պրակտիկան անցկաց­նել համալսարանական հիվանդանոցներում։ Վերջին հինգ տարում մեր դպրոցի ուսուցչական կազմը համա­լրվել է տարակարգ ունեցող փորձառու ուսուցիչներով և գիտաշխատողներով։ Պարբերաբար բժշկական հա­մա­լսարանի դասախոսների բազ­մա­մասնագիտական խումբ է գալիս դպրոց, դասալսում կազմակերպում մեր ուսու­ցիչ­­ների հետ, ուղղորդում նրանց։

2016 թ. ՀՀ ԿԳ նախարարության կողմից մեր դպրոցն ընդգրկվել է առաջատար (մենթոր) դպրոցների խմբում և կրթական ծրագրերը վերազինելու, սովորողներին և ուսուցիչներին ուսումնամեթոդական աջակցություն տրամադրելու նպատակով հեռավար դասեր կազմակեր­պել Գե­ղար­­քունիքի մարզի սահմանա­մերձ Տրետուք և Կուտական գյուղերի, Վայոց Ձորի մարզի Ազատեկի դպրոցական­ների համար: 

Բժշկական համալսարանը մեծապես կարևորում է հանրակրթության արդյունավետ կազմակերպումը։ Ասվածի ապացույցներից մեկն էլ այն է, որ դպրոցում ներդրվել է ուսումնամեթոդական գծով փոխտնօրենի հաստիք, որը համա­կարգում է սովորող­նե­րի կողմից ինքնուրույն հետազոտական աշխատանքների կա­տա­րումը, նրանց արտադասարանային գործունեությունը, օլիմպիական ռեզեր­վի հետ կազ­մա­կերպվող աշխատանքները, ուսուցիչների մեթոդական պատրաստ­վածու­թյան մա­կար­դակի բարձրացմանն ուղղված աշխատանքները և այլն։ Նորամուծություն է նաև դասարանը համակարգողների հաստիքների ներդրումը, ինչը մեծապես նպաստեց սովորողների բազմակողմանի դաստիարակության և մասնագիտական կողմնորոշման խնդիրների լուծմանը։ 

2020թ. մեր դպրոցը հաղթող է ճանաչվել ԿԳՄՍ նախարարության կողմից անցկացվող «Տարվա լավագույնները» մրցույթում, ինչը հնարավորություն է տվել ներդնելու «Շրջված դասարան» ծրագիրը։ Ծրագրի հիմքում այն է, որ ուսուցիչները սովորողներին նախապես տրամադրում են ուսումնական նյութը տեսադասերի, լրացուցիչ նյութերի, խաղ-առաջադրանքների տեսքով, իսկ դասարանում համատեղ քննարկում են միայն աշակերտների համար անհասկանալի կամ խնդրահարույց հարցերը։ Արդեն մշակվել են հայոց լեզվի և անգլերենի շուրջ երկու տասնյակ դասապլաններ, որոնք հաջողությամբ փորձարկվում են մեր դպրոցում։ Ի դեպ, ուրախալի է, որ ծրագրի արդյունավետությունը փաստում են նաև ծնողները։

Որպես ղեկավար և կրթության բնագավառի ներկայացուցիչ՝ Ձեր կար­ծի­­քով ո՞րն է դպրոցի հիմնական այցեքարտը, որի միջոցով այն ճանաչելի է դառնում:

-Ընդունված է ասել, որ դպրոցի գլխավոր առաքելությունը սո­վո­րել սովո­րեց­նելն է ու խելացի, պատվախնդիր և հայրենասեր քաղաքացի ձևավորելը։ Մեր դպրոցն այս ամենին գումարում է ևս մեկը. մենք թռիչքի թևեր ենք տալիս մեր սաների երազանքներին։ Նրանք մեզ մոտ են գալիս հիմնականում մասնագիտական որոշակի կողմնորոշմամբ, և մենք օգնում ենք նրանց կատարելու դեպի իրենց երազանքի իրականա­ցում տանող ճանապարհի առաջին կարևոր քայլերը։ Մեր աշա­կերտները ոչ թե խոս­քով, այլ գործով են սովորում, որ լավ բժիշկ դառնալու հա­մար նախևառաջ պետք է լավ մարդ լինել։ Նորամուտը դպրոց նրանք սկսում են՝ այցելելով Մուղնու Ս. Գևորգ եկեղեցի, որտեղ ստանում են հոգևոր օրհնություն։ Մեր սաներն իրենց համալ­սարանի մի մասնիկն են զգում, մասնակցում են գիտական, ուսումնա­կան, հասա­րա­կական, բարեգործական տարբեր նախաձեռնությունների։ Սխալված կլինեմ, եթե այս բաղադրիչներից որևէ մեկին նախապատվություն տամ։ Իմ խորին համոզմամբ՝ այս ամենի հանրագումարը մեր դպրոցի այցեքարտն է։

«Հերացիական ես, ուրեմն նախաձեռնող ես ու ակտիվ,  օրինապահ ես ու պատվախնդիր, հետազոտող ես ու մրցունակ»,-  այդ հանգամանքը մեծապես պայմանավորվում է նաև նրանով, որ, համաձայն դպրոցի կանոնադրության, ընդունելությունն իրականացվում է մրցութային կարգով։ Մեզ մոտ հիմնականում գալիս են մոտիվացված, սովորելու ցանկություն ունեցող աշակերտներ, որոնք գիտեն, որ գիտելիքի ստուգումից զատ՝ կատարելու են հետազոտական  աշխատանք, «քննություն են բռնելու» աշխատանքային դաստիարակությունից, բարեվար­քությունից, պատասխանատվության աստիճանից, ընդհանուր ճանաչողական հմտություններից և այլն։ Եվ գուցե հենց սա է հանրությանը ճանաչելի դարձրել մեր դպրոցը։ Ես ուրախ եմ, որ տարեցտարի մեր վարկանիշն աճում է։ Ա­պա­­ցույցն ինչպես մեր դպրոց դիմողների, այնպես էլ մեր շրջանավարտներից բուհեր ընդունվողների աննախադեպ մեծ թիվն է։ Վիճակագրությունը փաստում է, որ վերջին հինգ տարում մեր դպրոցի շրջանավարտների 90 տոկոսն ընդունվում է ԵՊԲՀ կամ պետական վարկանիշային այլ բուհեր։ 

Դպրոցում իրականացվում է խորացված հոսքային ուսուցում հումանիտար և բնագիտամաթեմատիկական հոսքերով: Ո՞ր հոսքն է առավել պահանջված ավագ դպրոցի սաների շրջանում:

-Որպես  ԵՊԲՀ կազմում գործող դպրոց՝ մենք նախևառաջ խորացված հոսքային ուսուցում ենք իրականացնում բնագիտամաթեմատիկական հոսքում։ Նախորդ տարի­նե­րին եղել են նաև հումանիտար հոսքի դասարաններ, սակայն դրանք աստիճա­նա­բար մարել են։ Ներկայում մենք ունենք բնագիտամաթեմատիկական հոս­քի երկու են­թա­հոսք՝ տնտեսագիտական և կենսաքիմիական: Առավել պա­հանջ­վածը, իհարկե, կենսաքիմիականն է (շուրջ 75 %)։ Մեր աշակերտների ճնշող մեծա­մաս­նությունն արդեն ընտրել է բժշկի մասնագիտությունն ու գիտակցաբար պատրաստվում է դրան։

Օլիմպիադաներում հերացիականների հաջողությունները ևս ակնհայտ են և ոգևորիչ բոլորիս համար: Այս գործում, անշուշտ, մեծ է մանկավարժների դերը, աշա­կերտի և ուսուցչի համատեղ աշխատանքը: Օլիմպիադաների մասնակցելու ձգտումը սովորողների մոտ բարձրացնելու համար ինչպե՞ս եք նրանց մոտիվացնում, ի՞նչ սկզբունք եք որդեգրել այս հարցում:

-Օլիմպիական հաջողությունները վերջին հինգ տարում մեր գլխա­­վոր ձեռքբերումն են։ Արդեն մի քանի տարի է, ինչ մեր սաները լուրջ հաջո­ղու­թ­յունների են հասնում դպրոցականների ա­ռար­կա­յական օլիմպիադաների մարզային և հանրապետական փուլերում, ընդ­գրկվում են միջազ­գա­յին օլիմպիա­դաների թիմերի կազմում։ Դպրոցի շուրջ երկու տասնյակ աշակերտներ 2019-2021 թթ. ընթացքում  ԿԳՄՍ նախարարի հրամանով արժա­նացան անվանական կրթաթոշակի։ Եվ իրավացի եք, երբ նշում եք, որ այս գոր­ծում չափազանց մեծ է մանկավարժի դերը։ Արդեն մի քանի տարի է, ինչ մեր դպրո­ցում գործում են օլիմպիական դասընթացներ, որոնց նպատակը մրցունակ աշա­կերտ­ներ պատրաստելն է։ Դասընթացը վարում են փորձառու և հմուտ ուսուցիչներ՝ Սոնյա Սիմոնյանը, Ռուբինա Հարությունյանը, Մա­րիա Գրիգորյանը, Արմինե Խաչատրյանը և ուրիշներ։ Մեծ է նաև բժշկական համալ­սա­րանի քիմիայի և կենսաբանության ամբիոնների ա­ջակ­ցությունը։ Օլիմպիական խմբերում գործում է ուժեղ մրցակցության օրենքը։ Մասնակիցները գի­տակցում են, որ պետք է անեն առավելագույնը, որովհետև խմբում կմնան միայն նրանք, որոնք հաջո­ղու­թյամբ կհաղթահարեն օլիմպիադայի հերթական փուլն ու կանցնեն հաջորդին։ Այդ պատճառով էլ աշխատում են ջանադրաբար։

Մեր դպրոցը նշանակալից ձեռքբերումներ ունի նաև միջազգային հարթակ­նե­րում։ Միայն այս տարի մեր աշակերտները 3 մեդալ են նվաճել միջազգային երկու օլիմպիադաներում՝ Կիրառական կենսաբանության միջազգային օլիմպիա­դայում ոսկե (Մանե Կուրղինյան) և բրոնզե (Արման Հայրապետ­յան) մեդալներ, իսկ Քիմիայի 53-րդ միջազգային մենդելեևյան օլիմպիադայում՝ բրոնզե մեդալ (Հայկ Աղեկյան)։ Ի դեպ, Հայկ Աղեկյանը նաև Մեգապոլիսների 6-րդ օլիմպիադայի արծաթե մեդալակիր է, ինչը նրան հնարավո­րություն է տվել առանց քննության ընդունվել ԵՊԲՀ։

Դպրոցը 2021 թ. մասնակցել է ԿԳՄՍ նախարարության կազմակերպած Գի­տու­թյան փառատոնին և մրցանակներ շահել «Կենսաբանություն», «Քիմիա», «Ֆիզիկա և մաթեմատիկա» անվանակարգերում։

Դպրոցը մասնակցել է Ամերիկայի ճարտարագետների և գիտնականների ասո­ցիացիայի կողմից կազմա­կերպված «AESA Science Olympiad» փառատոնին և շահել 1-ին, 2-րդ, 3-րդ և հատուկ մրցանակներ, իսկ կենսաբանության ուսուցիչ Ռուբինա Հարությունյանը ճանաչվել է տարվա «Լավագույն ուսուցիչ»:

Ձեր ղեկավարած դպրոցի շատ շրջանավարտներ ստացած գիտելիք­նե­րի շնորհիվ՝ հաջողությամբ հաղթահարելով քննությունները, համալրում են բժշկական բուհի ապագա բժիշկների շարքերը: Գիտեմ, որ այս ուղղությամբ համագործակցում եք նաև ԵՊԲՀ կարիերայի կենտրոնի հետ: Կմանրամասնե՞ք մասնագիտական կողմնորոշման ծրագրերի մասին:

 –Դպրոցն ունի մասնագիտական կողմնորոշմանն ուղղված հստակ ծրագիր, որը ներառում է սովորողների կողմից սեփական «ես»-ի բացա­հայտ­մանը և անձնական հետաքրքրու­թյունների, նախասիրու­թյունների ու կարողութ­յուն­ների վերագնահատմանը միտված տարաբնույթ դաս-քննարկումներ, հիվան­դանոց­ներ, ձեռնարկություններ, բանկեր, արտադրամասեր և այլ կառույցներ կազմա­կերպ­վող նպատակային այցելություններ և ուղղորդող այլ աշխատանքներ:

Չափազանց կարևորում եմ կենսաքիմիական հոսքում սովորողների՝ տարբեր հիվանդանոցներ կազմակերպված այցերը, որոնք աշակերտներին հնարավորություն են տալիս մոտիկից ծանոթանալու բժշկի պատասխանատու առաքելությանը, նրա դժվար առօրյային: Մեր աշակերտները բացառիկ հնարավորություն ունեն ողջ տար­վա ընթացքում պարբերաբար լինելու համալսարանական հիվանդանոցներում, ծա­նո­թանալու այդ համակարգի տարբեր օղակներում աշխատող մասնագետներին, շփվե­­լու հիվանդների հետ, օգնելու բուժքույրերին և սանիտարներին: Այս տարի Covid-19-ի կանխարգելման շրջանակներում «Մուրացան» հիվանդանոցային համա­լիրում մեր աշակերտները երկու ամիս շարունակ կամավորական աշխատանք են իրա­կանացրել:

Մասնագիտական կողմնորոշմանն ուղղված աշխատանքներում հետաքրքիր տեղ է զբաղեցնում «մասնագետ-ծնող» հանդիպում-քննարկումները, որի շրջա­նակ­նե­րում տարբեր մասնագիտությունների ծնողներ հանդիպում են սովորողների հետ, գործ­նականում ներկայացնում իրենց մասնագիտության հետ կապված հարցեր, աշա­կերտ­­ներին փոքրիկ խմբերով հրավիրում են պատուհանից այն կողմ վիրահատու­թ­յուն­­ներ դիտելու, պարբերաբար կազ­մակերպում են առողջ ապրելակերպին ուղղված դասախոսություններ։

Արդեն ավանդույթ են դարձել տարբեր բուհերում սովորող շրջանավարտների հետ կազմակերպվող հանդիպումները, որոնք մեծապես օգնում են աշակերտներին մասնագիտական կողմնորոշման հարցում։ Իսկ բժշկական համալսարանի կազմում լինելը ինքնին ենթադրում է մասնակցություն տարաբնույթ համաժողովներին, պարբերական այցեր, ուսա­նողների հետ շփում: Այնպես որ դպրոց-բուհ հետադարձ կապը մեր սովորողների առօրյայի անբաժանելի մասն է: Մեր աշակերտական խորհուրդը սերտորեն համագործակցում է համալսարանի ուսանողական խորհրդի հետ, ինչի արդյունքում ծնվում են հետաքրքիր ու հանրաշահ շատ գործեր։ Հենց վերջերս համատեղ նախաձեռնեցին առողջ ապրելակերպին նվիրված միջոցառումների մի ամբողջ շարք։

Ողջ տարի հետևում ենք դպրոցականների ոչ միայն ուսումնական, այլև արտադասարանային ակտիվությանը. արշավներ, հանրային իրազեկման, ինչպես նաև բարեգործական ծրագրեր: Խոսենք նաև այս մասին:

-Արտադասարանային միջոցառումներն իրականում ուսում­նա­կան գործըն­թա­ցի շարունակություն են ենթադրում, և մենք մեծ պատասխա­նատ­վու­թյամբ ենք վերաբերվում դրանց։ Արշավները հաճախ ուղեկցվում են էկոլոգիական ծրագրերով (շրջակա միջավայրի պահպանության հարցեր, ծառատունկ և այլն):

Ավանդույթ է դարձել մշա­կու­թային-ճանաչողական արշավների, մշակույթի գործիչների հետ հանդիպումների կազ­մակեր­պումը, որը նպաստում է սովորողների հայրենասիրական դաստիա­րակու­թյանը։  Հայրենասիրական, մշակութային-ճանաչողական աշխատանքներն իրակա­նացվում են այցերի, հանդիպում-քննարկումների ձևով:

Տեղեկատվական ակցիաները նույնպես մեծ ոգևորություն են առաջացնում սո­վորողների շրջանում, աշակերտական համայնքն ինքն է առանձնացնում թեմա­ների շրջանակը և կազմակերպում  հետաքրքիր միջոցառումներ՝ հաճախ համագործակ­ցելով նաև տեղական, միջազգային կազմակերպությունների և պետական գերա­տես­չությունների, մշակութային  կառույցների` գրադարանների, թանգարանների հետ:

Բարեգործական միջոցառումները մեր առօրյայի բաղկացուցիչ մասն են: Դեռևս դպրոց ընդունվելիս աշակերտները սկսում են պատրաստվել դրան. ա­մառային դպրոցի շրջանակներում մասնակցում են խեցեգործության դասընթացի, ապա սե­փական ձեռքերով պատրաստում կավե աշխատանքներ, որոնք այնուհետև ներ­կա­յացնում են ցուցահանդես-վաճառքի և ստացված հասույթն օգտագործում բա­րե­գործական նպատակներով: Կազմակերպվում են նաև  բարեգործական համերգ­ներ: Աշակերտներն իրենք են որոշում, թե յուրաքանչյուր տարվա իրենց աջակ­ցութ­յունն ուր են ուղղորդելու։

Բարեգործական աշխատանքներն ուղղված են լինում սոցիալական խնդիր­ներ ունեցող բազմազավակ ընտանիքներին աջակցելուն, մանկատներում կամավորական աշխատանքների իրականացմանը:

Մեր աշակերտների համար իսկական  տոն է դառնում բերքահավաքներին մասնակցությունը, որն օգնում է սովորողների մեջ ձևավորել աշխատասիրություն և հարգանք հողի աշխատավորի և նրա աշխատանքի նկատմամբ:

Կատարված աշխատանքը շատ է, բայց առավել կարևոր է, որ անելիքները ևս քիչ չեն: Նոր ու հետաքրքիր շատ ծրագրեր ենք կյանքի կոչելու:

 

Լուսանկարները` դպրոցի անձնական արխիվից