Հայաստանի մասնագետները հաջողությամբ ներկայացրել են երկիրը ISTH 2026 միջազգային կոնգրեսում

Հայաստանի մասնագետները հաջողությամբ ներկայացրել են երկիրը ISTH 2026 միջազգային կոնգրեսում

Երևանի պետական բժշկական համալսարանի Արյունաբանության և մանկական ուռուցքաբանության ամբիոնի, «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի արյունաբանները, կլինիկական օրդինատորներն ու ուսանողները մասնակցել են հեմոստազի և թրոմբոզի ոլորտի ամենահեղինակավոր միջազգային գիտաժողովներից մեկին՝ ISTH 2026 կոնգրեսին։

Հայկական պատվիրակությունը ներկայացրել է շուրջ 12 բանավոր զեկույց և գիտական ներկայացում, որոնք ընդգրկել են թրոմբոզի, հեմոստազի, հեմոֆիլիայի, հազվադեպ արյունահոսական և թրոմբոտիկ հիվանդությունների արդիական հարցերը։ Ներկայացված աշխատանքներն արտացոլել են Հայաստանի կլինիկական և գիտահետազոտական փորձը՝ արժանանալով միջազգային մասնագիտական հանրության բարձր գնահատականին։

Պատվիրակությունը ղեկավարել է «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի Թրոմբոզի և Հեմոֆիլիայի կենտրոնի ղեկավար, Երևանի պետական բժշկական համալսարանի Արյունաբանության և մանկական ուռուցքաբանության ամբիոնի դասախոս, բ.գ.թ. Հեղինե Խաչատրյանը։

Հատկանշական է, որ 2026 թվականը պատմական տարի էր Հայաստանի համար․ մեր երկիրը հանդիսացավ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ/WHO) «Ժառանգական արյունահոսական խանգարումների վերաբերյալ» համաշխարհային բանաձևի հեղինակն ու նախաձեռնողը, որը միաձայն ընդունվեց Առողջապահության համաշխարհային ասամբլեայի կողմից։ Այս կարևոր ձեռքբերումը միջազգային մակարդակում ընդգծեց Հայաստանի առաջատար դերը հեմոստազի և հազվադեպ հիվանդությունների ոլորտում, իսկ ISTH 2026-ին հայկական պատվիրակության ակտիվ և գիտականորեն ազդեցիկ մասնակցությունը դարձավ այդ հաջողության տրամաբանական շարունակությունը։

Կոնգրեսին մասնակցությունը կարևոր հնարավորություն էր ներկայացնելու Հայաստանի գիտական ներուժը, ամրապնդելու միջազգային համագործակցությունը և հայրենի առողջապահություն ներմուծելու հեմոստազի, թրոմբոզի և արյունաբանության ոլորտի նորագույն գիտական և կլինիկական մոտեցումները։

Տեսանյութ