1949թ-ից Ժնևում բոլոր միջազգային կազմակերպությունների աշխատակիցների համար տպագրվող, հեղինակավոր newSpecial ամսագրում Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի մասին տպագրված հոդվածի հայերեն թարգմանությունը:
Ինչպե՞ս է բժշկական համալսարանը դարձել պետական խոշոր գործատու և երկիրը դարձրել կայուն համաշխարհային առողջապահական սպառնալիքների նկատմամբ
Լիդա Մելիքյան, Գևորգ Թամամյան
Վերջին մի քանի ամիսների ընթացքում բուժաշխատողների անհրաժեշտությունը հատկապես նկատելի է դարձել:
Բժշկագիտության գործնական կիրառության իրականացումը մեծապես պայմանավորված է անորոշության պայմաններում կայացված որոշումներով:
Անհայտ սպառնալիքի հետ բախումն ամբողջ աշխարհում համընդհանուր նպատակի և արժեքների շուրջ է միավորել հասարակությանն ու բժշկական համայնքին: Անկախ ժամանակաշրջանից և առկա վտանգներից՝ բժշկական կրթության ու այդ կրթությունն ապահովող ինստիտուտներն առանցքային նշանակություն ունեն գործող առողջ հասարակության համար:
Հարավային այնպիսի փոքր երկրում, ինչպիսին Հայաստանն է, որը բազմաթիվ աղետներ է տեսել, հիմնական առաջնահերթություններից մեկը եղել է այդպիսի ինստիտուտների զարգացումը: Ունենալով ավելի քան 3500 աշխատակից, շուրջ 8000 ուսանող տարբեր երկրներից և 3 հիվանդանոց՝ Երևանի պետական բժշկական համալսարանը (ԵՊԲՀ) ներկայումս Հայաստանի բժշկական կրթության, կլինիկական բժշկության, գիտական հետազոտությունների և նորարարությունների խոշորագույն և ամենաազդեցիկ մատակարարն է: Հիմնադրվելով 100 տարի առաջ՝ գլոբալ հանրային առողջապահության և աշխարհաքաղաքական աղետների ժամանակ, համալսարանն իր գոյության ընթացքում վճռական դեր և ազդեցություն է ունեցել Հայաստանի զարգացման գործում: Երկրի պատմության դժվարին ժամանակաշրջանում այն դարձել է հայ ժողովրդի միավորման և բարեփոխումների հիմնաքարերից մեկը:
Բժշկական ուսումնարանի ստեղծումը 1920թ. կենսական նշանակություն ունեցավ, երբ նորաստեղծ հանրապետությունը բախվեց ենթակառուցվածքի բացակայությանը, սոցիալ-տնտեսական և սանիտարական ծանր խնդիրներին, երբ բնակչության մեծ մասը զրկված էր բազային բուժօգնություն ստանալու հնարավորությունից։
Առաջին դասախոսությունները կազմակերպվել են Երևանի քաղաքային հիվանդանոցում, որն այժմ՝ 100 տարի անց, ոչ միայն ծառայում է որպես լսարան, այլև վերականգնողական կենտրոն է վիրավոր զինվորների համար:
Երևանի բժշկական ինստիտուտը, հետագայում բարգավաճելով, ստացել է համալսարանի կարգավիճակ՝ վերանվանվելով միջնադարյան հայ բժշկապետ Մխիթար Հերացու անունով։ Համեմատաբար կարճ ժամանակահատվածում բացվել են խոշոր ամբիոններ, հայերեն է թարգմանվել մեծաքանակ բժշկական գրականություն, զգալիորեն ընդլայնվել են պրոֆեսորադասախոսական կազմը և ուսանողների քանակը: 1922-1932թթ. ավարտվել է համալսարանի հիմնական մասնաշենքերի կառուցումը, որոնք ընդգծում են Երևանի դասական ոգին մարմնավորող տարբերակիչ առանձնահատկությունը:
Արտակարգ իրավիճակների, վարակիչ հիվանդությունների դեմ պայքարում պատրաստվածության խնդիրը դրսևորվել է նաև Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, որի ընթացքում բժշկական ինստիտուտը շարունակել է իր կրթական և գիտահետազոտական գործունեությունը, թեև բազմաթիվ դասախոսներ և ուսանողներ համալրեցին խորհրդային բանակի շարքերը: Հիվանդներն ու վիրավորները տեղափոխվում էին Հայաստանի տարբեր մարզերում և արտերկրում հիմնված բժշկական կենտրոններ, որոնք ղեկավարվում էին ինստիտուտի շրջանավարտների և դասախոսների կողմից: Պատերազմի 4 տարիների ընթացքում ինստիտուտը տվել է 800 շրջանավարտ։ Մեր ներկայիս պայքարը համաշխարհային COVID-19 համավարակի դեմ հաճախ համեմատվում է համաշխարհային պատերազմի հետ, որով հատկապես կարևորում է բժշկական ուսումնական հաստատությունների անհրաժեշտությունն ու կայունությունը պատմական դժվարին ժամանակաշրջանում:
Ժամանակի ընթացքում ուսանողների քանակն ավելացել է: Բուժաշխատողների պահանջարկի աճով պայմանավորված՝ բժշկական ինստիտուտի պրոֆեսորադասախոսական կազմը սկսեց դասախոսություններ կարդալ ռուսերենով՝ սիրով ընդունելով խորհրդային տարբեր հանրապետություններից ժամանած բազմաթիվ ուսանողների, այնուհետև հայկական մեծ համայնքներ ունեցող երկրներից՝ Սիրիայից, Լիբանանից, Հորդանանից, Իրանից, Կիպրոսից և այլ երկրներից ժամանած ուսանողների համար բաժին ստեղծվեց:
1988թ. դեկտեմբերի ավերիչ երկրաշարժը Հայաստանում դարձյալ լուրջ փորձություն դարձավ բժշկական համալսարանի ուսանողների և դասախոսների համար, որոնք այդ դժվարին պահին ցույց տվեցին արհեստավարժության և մարդասիրության հիանալի օրինակ: Երկրաշարժի չարաբաստիկ օրը 200 ուսանող իրենց դասախոսների հետ մեկնեց աղետի գոտի՝ Սպիտակում և Գյումրիում առաջին օգնություն ցուցաբերելու տուժածներին: Յուրաքանչյուր օր 200-250 ուսանողներից կազմված նոր խմբեր էին մեկնում աղետի գոտի:
Համալսարանում ստեղծվել էր դոնորական արյուն հանձնելու կետ, և յուրաքանչյուր օր ավելի քան 400 մարդ արյուն էր հանձնում:
Արտասահմանցի մի խումբ ուսանողներ |
Երևանի պետական բժշկական համալսարանի (ԵՊԲՀ) հիմնական մասնաշենքը, 2019թ.: |
ԽՍՀՄ-ի փլուզումը 90-ականների սկզբին և զինված հակամարտությունը ահռելի վնաս պատճառեցին Հայաստանի տնտեսության, տրանսպորտի և կրթության համակարգերին: ԵՊԲՀ-ն շարունակեց գործել և ժամանակի հրատապության թելադրանքով ձեռնարկեց ռազմական բժիշկների ուսուցումը ռազմական բժշկության ֆակուլտետում:
Համաշխարհային ճանաչում ձեռք բերելով՝ բժշկական համալսարանն իր դասավանդման լեզուներին ավելացրեց անգլերենը և ողջունեց բազմաթիվ ուսանողների մուտքը համալսարան աշխարհի բազմաթիվ երկրներից ու աշխարհամասերից՝ Հնդկաստանից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Վրաստանից, Չինաստանից, Մերձավոր Արևելքի, Կենտրոնական Ասիայի երկրներից, Եվրոպայից, Հարավային Ամերիկայից: Այս պահին ԵՊԲՀ-ում սովորում են 1820 արտասահմանցի ուսանողներ: Սա արտասահմանցի ուսանողների ամենամեծ քանակն է հայկական բուհերի շարքում, և ակնկալվում է, որ այդ քանակն աճելու է: Համաշխարհային առողջապահությունը համալսարանի փորձով հարստացնելուց բացի, օտարերկրյա ուսանողները մշակութային ազդեցություն ունեն տեղի համայանքի վրա՝ ներկայացնելով իրենց ազգային խոհանոցը, արվեստը և տարազը:
Ներկայումս համալսարանը երկրի ամենամեծ բժշկական հաստատությունն է, որն ունի համալսարանական 3 հիվանդանոց, ավելի քան 100 կլինիկա, բաժանմունքներ, և օրեցօր ընդլայնվում է: Վերջին համալրումը երկրի ամենամեծ և հնագույն հիվանդանոցներից մեկի՝ Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտի միացումն էր համալսարանին: Սա եզակի օրինակ է, երբ նախկին պետական հիմնարկը, որը մասնավորեցվել էր 90-ականներին և կորցրել իր հզորության մեծ մասը, 2018 թվականին ձեռք բերվեց համալսարանի կողմից և կրկին դարձավ պետական հիվանդանոց ու սկսեց արագ ծաղկել:
Մինչ օրս համալսարանն ունեցել է ավելի քան 31 000 շրջանավարտ:
Ներկայումս ԵՊԲՀ-ի հազարավոր շրջանավարտներ աշխատում են աշխարհի առաջատար բժշկական կենտրոններում: Շրջանավարտների և համալսարանի միջև համագործակցությունը դարձել է հիմնաքար տարիների ընթացքում վարչակազմի կողմից իրականացված աշխատանքների շնորհիվ: Կազմակերպվում են բազմաթիվ միջոցառումներ, հանդիպումներ, դասախոսություններ՝ համաշխարհային բժշկական հաստատությունների հետ կապերն ամրապնդելու և նոր կապեր ստեղծելու համար:
2019-ին համալսարանը դարձավ Հայաստանի պետական խոշորագույն գործատուն և ընդգրկվեց երկրի 100 խոշոր հարկատուների շարքում: Նույն տարում՝ ավարտական երեկոյի ժամանակ, ՀՀ վարչապետը ԵՊԲՀ-ն անվանեց «Հայաստանի ամենահաջող պետական համալսարանը, որն արտացոլում է մեր տեսլականը՝ բարձրագույն կրթության ապագան»:
Քանի որ մարդկային ռեսուրսները հիմնականն ու ամենակարևորն են Հայաստանի կառավարության համար, ուստի համալսարանը լայն հնարավորություններ է ստեղծում սոցիալական տարբեր խավերի ուսանողների համար: Տասնամյակներ շարունակ հարյուրից ավելի կրթաթոշակներ են շնորհվում լավագույն ուսանողներին: Այս ռազմավարությունը մեծ հնարավորություններ է ստեղծում բազմաթիվ տաղանդավոր երիտասարդների հիանալի ապագայի համար:
Համալսարանն այսօր տոնում է իր 100 ամյակը: Վերջին 100 տարվա ընթացքում Հայաստանի քաղաքական կառուցվածքը փոխվել է 3 անգամ՝ Հայաստանի առաջին հանրապետություն (1918–1920թթ.), Հայաստանի Սովետական Սոցիալիստական Հանրապետություն (1920–1991թթ.) և Հայաստանի Երրորդ Հանրապետություն (1991-առ այսօր), բայց ԵՊԲՀ-ն ապացուցեց իր կայունությունը և հպարտորեն շարունակում է իր առաքելությունն ու գործունեությունը՝ պատրաստ մասնակից լինելու համաշխարհային առողջապահական խնդիրների լուծմանը: