«Հերացի» ավագ դպրոցում հրաժեշտ տվեցին այս տարվա շրջանավարտներին

«Հերացի» ավագ դպրոցում հրաժեշտ տվեցին այս տարվա շրջանավարտներին

Համալսարանական հարկի ներքո գործող «Հերացի» ավագ դպրոցը դեպի մեծ կյանք ճանապարհեց 153 շրջանավարտի:

Հանդիսության մեկնարկը տրվեց վաղ առավոտյան այն դպրոցի բակում, որտեղ ուսումնառել են շրջանավարտները վերջին երեք տարում:

Շնորհավորական ուղերձները կրթության պատասխանատուների կողմից էին՝ մանկավարժներ, կրթության կազմակերպիչներ, որոնք փոխանցել են աշակերտներին ամենաարժեքավորը` գիտելիք:

Դպրոցի տնօրեն Նարինե Սարգսյանի մեծագույն ցանկությունն է, որպեսզի շրջանավարտները դառնան Հայաստանի արժանի քաղաքացիներ` հայրենասիրությամբ և գիտելիքով զինված, գործեն ի շահ երկրի, լինեն պետականամետ:

Ավարտական հագեցած միջոցառումը ինտերակտիվ բաղադրիչ ուներ. ավարտողները  շնորհավորական բարեմաղթանքներ գրառեցին շապիկների վրա:

Հաջորդիվ` ավանդական վալս էր «Վերջին զանգ»-ի առիթով, որից հետո շրջանավարտները դասարաններում մասնակցեցին «Վերջին դաս»-ին, որը վարում էին ուսուցիչները:  «Միասնական շղթա» ֆլեշ մոբի ընթացքում բոլոր շրջանավարտները կազմելով մեկ միասնական շղթա իջան բակ:

Դասղեկների հետ «Իմ երեք տարիները դպրոցում…» խորագրով դաս-քննարկումով, օրհնության ծիսակարգով եզրափակվեցին տոնական միջոցառումները:

Հանրակրթական այս հաստատության շուրջ 100 շրջանավարտ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի դիմորդ է, որոնց մաղթում ենք հաջողություններ և ամենայն բարիք:

Դպրոցի սաները 2024-2025 ուսումնական տարին կդիմավորեն Հրաչյա Ներսիսյան հասցեում տեղակայված և արդեն հիմնանորոգման ավարտին մոտեցած դպրոցում: