Հերացիականները` «Հերացի»-ում. դպրոցականները նախագծային աշխատանքներ ներկայացրին

Հերացիականները` «Հերացի»-ում. դպրոցականները նախագծային աշխատանքներ ներկայացրին

«Հերացի» ավագ դպրոցի ավարտական դասարանի աշակերտները ընդունելության միասնական քննությունները հանձնելուց հետո, ուսումնական տարվա երկրորդ կիսամյակում ուսումնական նյութը կրկնելիս, ինքնուրույն ժամերին տրված հատվածը նպատակային են օգտագործել` ընտրելով որևէ մասնագիտական թեմա և խորանալով դրա ուսումնասիրման մեջ։ ԵՊԲՀ դիմորդ, ապագա ուսանող դպրոցականները նախորդ շաբաթվա վերջին ԵՊԲՀ «ՔՈԲՐԵՅՆ» կենտրոնի հյուրերն էին։ Ուսուցիչների ուղեկցությամբ նրանք եկել էին բուհ ներկայացնելու իրենց նախագծերը «Ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոն»-ում։

«Այս նախաձեռնության նպատակն այն է, որ երեխաներն առավել լավ հասկանան իրենց մասնագիտությունը, որից հետո որպես նախագծային աշխատանքներ կարողանան դրանք ներկայացնել բուհի դասախոսներին»,- մանրամասնեց դպրոցի տնօրեն Նարինե Սարգսյանը` տեղեկացնելով, որ մինչ այս կենսաքիմիական հոսքում սովորող աշակերտների մյուս մասն էլ, ըստ իրենց ընտրած թեմաների, նախագծային աշխատանքների պաշտպանությունն ավելի վաղ իրականացրել է Ստոմատոլոգիական ֆակուլտետում:

Ավագ դպրոցի կենսաքիմիական հոսքում մոտ 110 աշակերտ է սովորում, որոնց մեծ մասը բժշկական բուհի դիմորդ է։

«Համարյա ուսանողի կարգավիճակով եկել եք, բարով եք եկել։ Շատ հետաքրքիր է, որ ձեր առաջին կարևոր այցերից մեկը համալսարան է, համալսարանի ուղեղի կենտրոն, և հիմա գտնվում եք այսպես կոչված ուղեղի բջջային սենյակում, որտեղ տեսնում եք ձեռքով նկարված մեր նեյրոնը։ Այսօր դուք հնարավորություն կունենաք ուսուցիչներին ու երիտասարդ գիտնականներին փաստացի ներկայացնելու այն նախագիծը, որն ինքնուրույն ուսումնասիրել եք»,- ողջունելով դպրոցականներին ասաց Գիտության գծով պրոռեկտոր, «ՔՈԲՐԵՅՆ» կենտրոնի գլխավոր գիտաշխատող Կոնստանտին Ենկոյանը։

Համառոտ անդրադարձում նա պատմեց կարևոր նշանակության այս  կենտրոնի գործունեության, արդեն կիրառվող վիրտուալ իրականության (VR) ակնոցներով դասընթացների և այլ կրթական գործընթացների մասին, որոնց ականատեսը կլինի ապագա բժիշկը առաջիկայում։

«Անկախ պատրաստվածության աստիճանից հուզվում ես, որովհետև սա կարևոր օր է, և հուզվում ես նաև այն ժամանակ, երբ լավ պատրաստված ես։ Այդ պարագայում քո ուղեղում գեներացված հուզմունքը արտահայտվում է և պետք է օգնի ձեզ։ Պետք է պարզապես առաջին վայրկյաններից հետո մտնեք ձեր թեմայի մեջ և վստահ ներկայացնեք այն»,- դիմելով ապագա ուսանողներին, ասաց պրոֆեսոր Ենկոյանը։

«Հետազոտական հմտություններ» կրթական խմբի ուսումնական պատասխանատու, ԵՊԲՀ «ՔՈԲՐԵՅՆ» կենտրոնի Գիտելիքի և տեխնոլոգիաների փոխանցման գրասենյակի ղեկավար Մարիամ Մովսիսյանն էլ փաստեց, որ այսօր դպրոցականներին չեն գնահատելու, այլ մասնագետների հետ միասին փորձելու են քննարկել ուսումնասիրված թեմաները։

Ներկայացնելով «Հետազոտությունների հիմունքներ» նորարարական դասընթացը, որը պարտադիր առարկաների շարքում է բժշկական բուհում, նա ընդգծեց, որ ինչպես տարբեր աշխատանքներում, այնպես էլ այսօր, նախագծային աշխատանքները լսելիս ակտիվ ներգրավված են նաև բուհի լավագույն ուսանողներից մի քանիսը, որոնք հետաքրքրված են հետազոտական աշխատանքով ու գիտությամբ: Եվ այսօր այդ ուսանողները «Հետազոտական հմտություններ» կրթական խմբի դասընթացավարների հետ միասին կլսեն իրենց կրտսեր գործընկերներին և կմասնակցեն աշխատանքների քննարկմանը՝ միաժամանակ ձեռք բերելով ևս մեկ նոր հմտություն:

Քննարկումներն ու ելույթների ընթացքն առավել արդյունավետ անցկացնելու համար մասնակիցները բաժանվեցին խմբերի` տարբեր լսարաններում հետազոտական թեմաները ներկայացնելու և ինտերակտիվ քննարկումներ անցկացնելու նպատակով։