Տեղի ունեցավ ԵՊԲՀ «ՔՈԲՐԵՅՆ» գիտելիքի և տեխնոլոգիաների փոխանցման գրասենյակի կողմից իրականացվող հետազոտական հմտությունների զարգացման դասընթացի տեղեկատվական հանդիպումը:
ԵՊԲՀ գիտության գծով պրոռեկտոր, «ՔՈԲՐԵՅՆ» կենտրոնի գլխավոր գիտաշխատող Կոնստանտին Ենկոյանը կարևորեց նմանատիպ ծրագերին ոլորտի մասնագետների մասնակցությունը և նշեց՝ աշխատելով ակադեմիական միջավայրում պետք է ունենալ հետազոտություն իրականացնելու համապատասխան գիտելիք և հմտություններ:
Գիտելիքի և տեխնոլոգիաների փոխանցման գրասենյակի պատասխանատու Մարիամ Մովսիսյանի խոսքով՝ ծրագիրը հագեցած է լինելու բժիշկներին և հետազոտողներին անհրաժեշտ հետազոտական հմտությունների զարգացման համար ամբողջական գործիքակազմով և լինելու է շարունակական:
Տեղեկատվական հանդիպմանը հրավիրված էր Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետ Ռոնի Զաքարիան (PhD):
Դասախոսության ընթացքում մասնագետը խոսեց կիրառական հետազոտությունների գործածության և կարևորության մասին:
Դասընթացը տևելու է երեք ամիս՝ հայերենով և անգլերենով, որի ընթացքում հետազոտական ոլորտի մասնագետների կողմից մասնակիցները կխորացնեն իրենց հետազոտական հմտությունները:
Հավելենք, որ արդեն շատ դիմորդներ են գրանցվել: Մասնակիցների ընտրության առաջնահերթությունը տրվելու է դասախոսներին, բժիշկներին և երիտասարդ մասնագետներին:
Հարգելի՛ դիմորդներ, խնդրում ենք ստուգել ձեր էլեկտրոնային հասցեն, մեզնից նամակ չստանալու կամ հարցերի դեպքում գրեք cobrainarmenia@gmail.com էլ. հասցեին։
Դասընթացը նպատակ ունի նաև խրախուսել իգական սեռի ներկայացուցիչների ներգրավվածությունը ԲՏՃՄ (STEM) ոլորտում, մասնավորապես՝ ուղեղի հետազոտություններում: