ՀՀ-ում բժշկական որակյալ կադրերի պատրաստման պատասխանատու գործընթացը Մասնագիտական և շարունակական կրթության կենտրոնում անընդհատ է:
Բժշկական կրթության համաշխարհային ֆեդերացիայի չափանիշներին համապատասխան ծրագրային հավատարմագրումը հնարավորություն կտա հետբուհական կրթական ծրագրերը համապատասխանեցնել միջազգային չափանիշներին, ինչպես նաև ճանաչելի կդարձնի շնորհված որակավորումները:
Շրջանավարտների դիպլոմների և շնորհված որակավորումների ճանաչումը միջազգային ասպարեզում պահանջում է ծրագրային հավատարմագրում:
Խոսելով բժշկական համալսարանում թափ առած հավատարմագրման գործընթացի մասին՝ Մասնագիտական և շարունակական կրթության կենտրոնի ղեկավար Սաթենիկ Բաղդասարյանն ընդգծում է, որ այն կոչված է հավաստելու, թե շնորհվող որակավորումները որքանով են արժանահավատ և որքանով են շրջանավարտները ձեռք բերել միջազգային չափանիշներով սահմանված, ինչպես նաև գործատուների պահանջներին համապատասխան կարողություններ: Եվրոպական կրթական տարածաշրջանի երկրներում ծրագրային հավատարմագրումը կարևորված է և հավաստում է որակավորումների արժանահավատ շնորհումը։ «Բժշկական համալսարանի հետբուհական մասնագիտական և շարունակական կրթության կենտրոնում կփոփոխվեն կրթական ծրագրերի կառուցվածքը, կթարմացվեն բովանդակությունը՝ ներառելով համաշխարհային նորությունները, ուսումնական գործընթացի կազմակերպման ձևը և գնահատումը՝ ինչը հնարավորություն կտա ավելի ճիշտ գնահատել գիտելիքներն ու հմտությունները»,-ավելացրեց նա:
Սաթենիկ Բաղդասարյանի խոսքով՝ ՀՀ կառավարության կողմից հաստատվել է առողջապահության բնագավառի մասնագետների հիմնական և լրացուցիչ մասնագիտությունների նոր ցանկը, ինչի արդյունքում պետք է հաստատվեն հիմնական մասնագիտությունների և նեղ մասնագիտացումների բնութագրերը՝ գիտելիքներ, հմտություններ և կոմպետենցիաներ, որից հետո դրանց վրա հիմնված կրթական ծրագրերը: «Կրթության այս ձևն ավելի ընդունելի ու ճանաչելի է այլ երկրների կողմից: Եթե նախկինում ընդունելությունը կազմակերպվում էր 80-ից ավելի մասնագիտություններով, ապա կլինի 44 հիմնական մասնագիտություններով կլինիկական օրդինատուրա, որից հետո սովորողները կանցնեն լրացուցիչ մասնագիտացում՝ նեղ մասնագիտացում ձեռք բերելու համար»,-շեշտեց նա:
Ներկայացնելով մասնագիտությունները, որոնք ամենապահանջված են ուսանողների կողմից՝ դեկանն առանձնակի կարևորեց այն մասնագիտությունները, որոնք առավել պահանջված են Հայաստանի Հանրապետության առողջապահական համակարգի կողմից: «Օրդինատորներին հետաքրքրող մասնագիտությունների առաջին հորիզոնականներում են ճառագայթային ախտորոշումը, պլաստիկ վիրաբուժությունը, մաշկավեներաբանությունը, որին հաջորդում է սրտաբանությունը և այլն: Սակայն, եթե սովորողներն ընտրեն առողջապահության համակարգի կողմից պահանջված մասնագիտությունները՝ մանկաբուժություն, ընտանեկան բժշկություն, այրվածքաբանություն և այլն, ապագա բժիշկներն ավելի արագ կարող են մասնագիտական առաջընթաց ունենալ ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում»,- համոզմունք հայտնեց Մասնագիտական և շարունակական կրթության կենտրոնի ղեկավարը՝ շեշտելով, որ այդ մասնագիտությունների համար պետությունն ամեն տարի անվճար տեղեր է հատկացնում:
Ապագա բժիշկների մասնագիտական կողմնորոշմանն աջակցելու համար յուրաքանչյուր տարի ամբիոններում և կլինիկական բազաներում կազմակերպվում է մասնագիտական կողմնորոշման շաբաթ, որի ընթացքում ուսանողները ծանոթանում են ապագա մասնագիտությանը:
Շատ կարևոր և խնդրահարույց է մնում բժշկական բազային կրթություն իրականացնող այլ օպերատորների շրջանավարտների կրթական մակարդակը: ԵՊԲՀ-ում կլինիկական օրդինատուրա ընդունելության համար այդ շրջանավարտները պարտադիր պետք է հանձնեն կլինիկական օրդինատուրայի ընդունելության քննություն, որը համահարթեցված է և համապատասխանում է բժշկական համալսարանի ավարտական քննությունները, որը սակայն վերջին 7 տարիների ընթացքում հանձնում են դիմորդների 8,5-ից մինչև 14,0 տոկոսը:
Հավելենք, որ բժշկական համալսարանում բուժական գործ, ստոմատոլոգիա և դեղագիտություն մասնագիտություններով կրթություն է ստանում շուրջ 1800 կլինիկական օրդինատոր: