Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Օտարերկրացիների ուսուցման ֆակուլտետի 5-րդ կուրսի ուսանողուհի Սրիշթի Սաքսենան 4 տարի առաջ է Հնդկաստանից եկել Հայաստան և արդեն մեր երկիրն իր երկրորդ տունն է համարում:
Սրիշթին ապագա վիրաբույժ է, ցանկանում է մասնագիտանալ հատկապես տրավմատոլոգիայի ոլորտում: «Ես միշտ լավ եմ սովորել, սիրում եմ սովորել: Բժիշկ դառնալն իմ երազանքն է, բայց քանի որ Հնդկաստանում շատ դժվար է գտնել համապատասխան ուսումնական հաստատություն, ես որոշեցի սովորել արտասահմանում: Իմ ավագ ընկերներից մի քանիսն արդեն սովորում էին Հայաստանում: Նրանք ինձ խորհուրդ տվեցին նույնն անել, և հետագայում ես ինքս համոզվեցի, որ Հայաստանը գեղեցիկ ու ապահով երկիր է, որը նաև հայտնի է իր որակյալ կրթական համակարգով: Հենց այդ պատճառով էլ բարձրագույն բժշկական կրթություն ստանալու համար ես ընտրեցի Հայաստանը: Եվ քանի որ այս տարի լրանում է ԵՊԲՀ 100-մյակը, ես հպարտ եմ լինել համալսարանի մի մասնիկը», – նշում է հնդիկ ուսանողուհին:
ԵՊԲՀ կրթությունը նա հրաշալի է համարում՝ ընդգծելով, որ ողջ ֆակուլտետը շատ հոգատար է իր նկատմամբ և մշտապես պատրաստ է օգնության հասնել: «Ես բոլորի հետ պահպանում եմ առողջ հարաբերություններ, բոլորն ինձ ոգևորում են», – ուրախությամբ փաստում է Սրիշթին: Նախընտրած ուսումնական առարկայի մասին խոսելիս ուսանողուհին դժվարանում է ընտրություն կատարել՝ նշելով, որ բոլոր առարկաներն էլ հետաքրքիր են: Այնուամենանիվ, սիրելի առարկաների շարքում առանձնացնում է վիրաբուժությունը, ապա՝ մանկաբարձությունն ու գինեկոլոգիան:
Հայաստանում կյանքը, ըստ նրա, սկզբում դժվար էր, քանի որ ընտանիքից և տնից հեռու էր: «Սակայն այժմ ես շատ հայ ընկերներ ունեմ: Մարդիկ այստեղ շատ համագործակցող, օգնող և սիրալիր են: Հայաստանն այժմ իմ երկրորդ տունն է դարձել», – անկեղծանում է Սրիշթին: Ինչ վերաբերում է ապագա պլաններին, ուսանողուհին վստահ է, որ լավ հնարավորության դեպքում ընդմիշտ կմնա և կաշխատի Հայաստանում:
Սրիթի Սաքսենան սիրում է կարդալ, գրել, նկարել: Դեռ 1-ին կուրսում սովորելիս նա մասնակցել է ԵՊԲՀ-ում անցկացված «Լեզվի օրվան» նվիրված մշակութային միջոցառմանը: Բացի դրանից, նա հնդկերենով մի շարք պոեմների և հետաքրքիր նկարների հեղինակ է: Սրիշթիի պոեմները հիմնականում նվիրված են մորը, որին նա շատ է սիրում, սակայն կան նաև զգացմունքների թեմայով աշխատանքներ:
Անդրադառնալով վերջերս «Ամազոն» հայտնի կայքում հրապարակված իր առաջին վիպակին՝ Սրիշթին պատմում է, որ այն կոչվում է «Իմ կողքին»: «Դա սիրո պատմություն է՝ համեմված մի փոքր առեղծվածային տարրերով: Վիպակն իրական ընկերության, սիրո և դավաճանության մասին է», – ոգևորությամբ մանրամասնում է հնդիկ ուսանողուհին: Իսկ վերջում ընթերցողին ներկայացնենք ապագա վիրաբույժի ստեղծագործությունները:
Հեղինակ՝ Տաթևիկ Ղազարյան