Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Հունգարահայ պատվիրակության հետ քննարկվեցին համագործակցության հարցեր

Հունգարահայ պատվիրակության հետ քննարկվեցին համագործակցության հարցեր

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը հյուրընկալեց հունգարահայ պատվիրակության անդամներին, որոնց թվում էին Հունգարիայի խորհրդարանում հայ համայնքի խոսնակ, պատգամավոր Նիկողոս Ակոպյանը, Հունգարիայի հայկական ինքնավարության նախագահ Իշտվան Ցարվանը, հայկական մշակութային կենտրոնի տնօրեն Ալեքս Ավանեսյանը և «Ուրարտու» հայկական թատրոնի տնօրեն Արթին Դիրամերյանը։

Ողջունելով հյուրերին՝ Միջազգային գործունեության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Երվանդ Սահակյանը ներկայացրեց 100-ամյա բուհի հիմնադրման պատմությունը, ֆակուլտետները, հիվանդանոցները, «Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնը»։

2000 թվականից հունգարական օրենսդիր մարմնում աշխատող մեր հայրենակից Նիկողոս Ակոպյանը ներկայացրեց հայ երիտասարդ բժիշկների համար Բուդապեշտում վերապատրաստվելու հնարավորությունները և Հունգարիայի կառավարության կողմից տրամադրվող կրթաթոշակները, մասնավորապես՝ սպորտային բժշկության և վնասվածքաբանության ոլորտներում։

Նիկողոս Ակոպյանն անդրադարձավ նաև հայ համայնքի պատմությանը՝ նշելով, որ հայերը Հունգարիայում հաստատվել են դեռևս չորս դար առաջ և հանդիսանում են Եվրոպայի ամենահին համայնքներից մեկը։

Ընդունելով համագործակցության առաջարկը՝ պրոռեկտոր Երվանդ Սահակյանը նշեց, որ բժշկական բուհում պատրաստվում են և՛ վնասվածքաբաններ, և՛ վերականգնողական բժշկության մասնագետներ:

«Մենք համագործակցում ենք Եվրոպայի առաջատար բուհերի հետ։ Ուրախ կլինենք կապեր հաստատել նաև Բուդապեշտի բժշկական համալսարանի հետ», – ասաց պրոռեկտորը։

Կողմերը պայմանավորվածություն ձեռք բերեցին՝ աշխատանքային կարգով քննարկելու առաջարկի իրագործումը։