Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Հունվարը` գլաուկոմայի իրազեկման ամիս

Հունվարը` գլաուկոմայի իրազեկման ամիս

Գլաուկոման աստիճանաբար զարգացող տեսողական նյարդի ախտահարում է, որը պայմանավորված է նյարդը կազմող բջիջների՝ ցանցենու հանգուցային բջիջների արագացված ապոպտոզով: Կազմաբանորեն այն դրսևորվում է տեսանյարդի սկավառակի ախտաբանական գոգավորմամբ (ակնահատակի զննում) և, գործառնական առումով, տեսողական դաշտի խանգարմամբ, որը կարող է ուշ փուլում հանգեցնել կուրության։

Ըստ ԱԱԻ Առողջություն և առողջապահություն տարեգրքի 2024 թվականի տվյալների` ՀՀ բնակչության (15 տարեկան և բարձր) կյանքում առաջին անգամ ախտորոշված գլաուկոմայի դեպքերի թվաքանակը 2023թ.-ին գրեթե կրկնապատկվել է 2010թ.-ին գրանցված դեպքերի թվի համեմատ և եռապատկվել 2005թ.-ի համեմատ (2005թ.-850 դեպք, 2010թ.-1695 դեպք, 2023թ.-3149 դեպք): ՀՀ բնակչության գլաուկոմայով ընդհանուր հիվանդացության թիվը (15 տարեկան և բարձր) 2023թ.-ին կազմել է 11.940, որը 3.3 անգամ ավելի է 2005թ.-ին գրանցված թվից (3603): 2023թ.-ին բնածին գլաուկոմա արձանագրվել է 0-2 տարեկան թվով 7 երեխաների մոտ: 2023թ.-ի տարեվերջյան տվյալների համաձայն 11940 գլաուկոմա ախտորոշում ունեցող անձանցից դիսպանսերային հսկողության տակ են գտնվել 9028 քաղաքացի:

Գլաուկոման մշտական կուրության առաջացման հիմնական պատճառ է։ Այն երբեմն անվանում են  «տեսողության թաքուն գող», քանի որ այն չունի ակնհայտ ախտանիշներ և տեսողության մինչև 40%-ը կարող է կորսվել նախքան մարդը դիմի բժշկական օգնության:

Գլաուկոմային տեսողական նեյրոպաթիայի ախտաֆիզիոլոգիական մեխանիզմները դեռ լիովին բացահայտված չեն: Այնուամենայնիվ, հստակ հայտնի են գլաուկոմայի զարգացման կամ վատթարացման բարձր ռիսկի հետ կապված բազմաթիվ գործոններ:

Ամենատարածված և ամենաբուժելի ռիսկային գործոնը ներակնային ճնշման բարձրացումն է (ներակնային հիպերտոնիա): Այլ գործոններ, ինչպիսիք են տարիքը, սև մաշկը, գլաուկոմայի ընտանեկան պատմությունը, կարճատեսությունը, զարկերակային ճնշման տատանումները, էքսֆոլիատիվ (նստվածքային) կամ գունակային (պիգմենտային) տարածման համախտանիշները (աչքի առաջային խցիկի անոմալիաները՝ ծիածանաեղջերաթաղանթային անկյունում նստվածքի կամ գունականյութի կուտակմամբ) քաջ հայտնի են, բայց դրանց դեպքում ավելի դժվար կամ գրեթե անհնար է բուժական միջամտությունը:

Գլաուկոմայի ներկայիս բուժումը, անկախ մեթոդից, ներակնային ճնշման նվազեցումն է՝ միակ ռիսկի գործոնը, որը հնարավոր է շտկել: Առկա բուժումները գործում են՝ կա՛մ նվազեցնելով ջրային հեղուկի արտադրությունը (հեղուկ, որը զբաղեցնում է աչքի առջևի մասը և նախասահմանում ներակնային ճնշման մակարդակը), կա՛մ հեշտացնելով դրա արտահոսքը աչքից: Առաջին շարքի բուժումը դեղորայքային է: Գոյություն ունեն դեղամիջոցների մոտ 4 կամ 5 դաս՝ ազդեցության տարբեր մեխանիզմներով, որոնք սովորաբար կիրառվում են տեղային եղանակով (աչքի կաթիլներ):

Հիվանդության ստուգման միակ միջոցը լայնացած աչքի համապարփակ հետազոտություն անցնելն է: Գլաուկոման վաղ ախտանիշներ չունի:

Յուրաքանչյուրը կարող է գլաուկոմա ունենալ, բայց որոշ մարդիկ ավելի մեծ ռիսկի են ենթարկվում, ռիսկի գործոններն են.

  • 40 տարեկանից բարձր տարիքը
  • Սևամորթ/աֆրոամերիկացի լինելը
  • Ասիական ծագումնաբանությունը
  • Իսպանական կամ լատինաամերիկյան գենետիկան
  • Ընտանիքում գլաուկոմայի պատմության առկայությունը
  • Ստերոիդային դեղեր ընդունելը
  • Շաքարային դիաբետը, զարկերակային գերճնշումը և միգրենը
  • Կարճատեսության բարձր աստիճանը

Համաշխարհային մասշտաբով գնահատվում է, որ 60 միլիոն մարդ գլաուկոմայի հետևանքով ունի օպտիկական նյարդի վնասում և մոտ 8.4 միլիոն մարդ կուրացել է գլաուկոմայի հետևանքով:

Այս հիվանդությունն ավելի տարածված է աֆրոամերիկացիների և իսպանախոս բնակչության շրջանում:  Այդ խմբերի ներկայացուցիչների մոտ գլաուկոմայի զարգացման հավանականությունը 6-8 անգամ ավելի մեծ է, քան կովկասցիների մոտ։

Աչքի կանոնավոր հետազոտությունները հատկապես կարևոր են այս բարձր ռիսկային խմբերի համար:  Շաքարային դիաբետի և բաց անկյունային գլաուկոմայի (գլաուկոմայի ամենատարածված տեսակը) կապը տարիներ շարունակ հետաքրքրել է հետազոտողներին:  Շաքարային դիաբետ ունեցող մարդկանց մոտ երկու անգամ ավելի հավանական է, որ գլաուկոմա զարգանա, քան նրանց մոտ, ովքեր դիաբետ չունեն:  Նմանապես, բաց անկյունային գլաուկոմա ունեցող անձը ավելի հավանական է, որ դիաբետ ունենա, քան աչքի այս հիվանդություն չունեցող անձը:

Գլաուկոմայի ախտանիշների ժամանակին հայտնաբերման և վաղ շրջանում համապատասխան բուժում սկսելու դեպքում առկա է տեսողության պահպանման մեծ հավանականություն,  այդ պատճառով 40 տարեկանից սկսած շատ կարևոր է աչքի համալիր հետազոտություն իրականացնելը:

Եղեք առողջ և իրազեկված: