Այս ուսումնական տարվանից աղջիկները հնարավորություն կունենան կրթությունը շարունակելու ԵՊԲՀ ինտերնատուրա բուժական գործ զինված ուժերում մասնագիտությամբ:
Ծրագրին կարող են դիմել Ընդհանուր բժշկության, ինչպես նաև Ստոմատոլոգիական ֆակուլտետի շրջանավարտները:
Ստոմատոլոգիական ֆակուլտետի շրջանավարտ Վիկտորյա Մաթևոսյանը ծրագրի առաջին դիմորդն է, ում երդման արարողությունը այսօր տեղի ունեցավ Ռազմաբժշկական ֆակուլտետում:
«ԵՊԲՀ շրջանավարտները պայմանագիր են կնքելու Պաշտպանության նախարարության հետ՝ մեկ տարի ինտերնատուրայում սովորելու համար, որի ժամանակ նրանք դառնում են զինծառայող, շարքային սերժանտ: Նրանք մեկ տարի գործնական հմտություններ ձեռք կբերեն Պաշտպանության նախարարության տարբեր տեսակի ռազմաբժշկական հաստատություններում, հոսպիտալումներում, որից հետո կստանան ինտերնի դիպլոմ և հնարավորություն կունենան ծառայելու զինված ուժերում»,- մանրամասնում է Ռազմաբժշկական ֆակուլտետի պետ, գնդապետ Վարդան Ծատուրյանը:
Պայմանագրի համաձայն՝ ինտերնատուրան ավարտած աղջիկները զինված ուժերում ծառայելու են երկու տարի, իսկ հետագայում ցանկության դեպքում կարող են երկարացնել ծառայությունը: Այս ծրագիրը հնարավորություն է տալու նաև զինված ուժերում ծառայելուց հետո ուսումը անվճար շարունակել կլինիկական օրդինատուրայում և աշխատելու հոսպիտալային օղակում:
Վիկտորյա Մաթևոսյանը, խոսելով ինտերնատուրա դիմելու մասին, նշում է՝ դեռ փոքր հասակից զինվորական համազգեստը հոգեհարազատ է եղել իրեն, ուստի նման հնարավորությունը չի կարողացել բաց թողնել:
«Ծրագրի մասին տեղեկացա մեր կուրսի ավագից, շատ ոգևորված էի: Իմ ցանկությանը ծնողներս կողմ եղան: Դեռ մանկուց այս համազգեստն ինձ հոգեհարազատ է եղել. հայրս ծառայում է, ուստի որոշեցի դիմել ծրագրին, ծանոթացա մանրամասներին, ծրագրի առավելություններին: Շատ ուրախ եմ իմ որոշման համար»,-ընդգծում է Ռազմաբժշկական ֆակուլտետի ինտերնը՝ շեշտելով, որ ռազմական բժշկի մասնագիտությունը սեր և նվիրում է պահանջում, ինչպես նաև հավատ, որը ուժ է տալիս: