Լյովա Ծառուկյանը 2018թ. ընդունվել է ԵՊԲՀ-ի ընդհանուր բժշկության ֆակուլտետ անվճար հիմունքներով։ Սովորում է գերազանց առաջադիմությամբ։ Ուսումնական գործընթացում իր հաջողությունների գրավականը իմացածով չբավարարվելն է, անընդհատ նոր գիտելիքներ ձեռք բերելու ցանկությունը։
«Մեծ ներդրում ունեն նաև իմ դասախոսները, որոնք առանց ջանք ու եռանդ խնայելու մեզ են փոխանցում իրենց տարիների ընթացքում ձեռք բերած գիտելիքները և հմտությունները: Մեծ ձեռքբերում եմ համարում նաև,որ վերջերս մեզ հնարավորություն ընձեռնվեց ընկերներով կյանքի կոչել բազմաբովանդակ մի նախագիծ՝ «Բժշկի ուղի»-ն,որն իր էությամբ աննախադեպ լինելով թույլ է տալիս մեզ՝ ապագա բժիշկներիս ավելի ներկայանալի լինել տարբեր բնագավառներում»-պատմում է Լյովան:
Դեռևս մանկուց բժշկին համարել է կերպար, որն անկախ հանգամանքներից պատրաստակամ է ձեռք մեկնել և աջակցել դժվարին պահին: Բժշկի մասնագիտությունն ընտրելու ցանկությունն էլ ավելի խորացավ դպրոցական տարիներին, երբ նոր էր սկսում ուսումնասիրել բնագիտական առարկաներ: Մարդկանց հետ շփվելու կարողությունը և օգնելու ցանկությունը ևս նպաստեցին այս ազնվագույն մասնագիտության ուղին ընտրելու համար։
«Ընտանիքումս բժիշկներ չկան՝ թեև ծնողներս միշտ ցանկացել են որ լինեմ բժիշկ. բարեբախտաբար մեր ցանկությունները համընկան և ես այսօր այստեղ եմ։ Կարևորագույն փաստը,որ կարող ենք արձանագրել, այն է, որ բժշկական համալսարանն ամեն ինչ անում է և ցույց է տալիս,որ օրեցօր բուհում կատարվող փոփոխությունները ունեն մի նպատակ՝ ուսումնական պրոցեսը դարձնել էլ ավելի որակյալ և արդյունավետ, ժամանակակից չափանիշներին համապատասխան»,- ասում է ապագա բժիշկը:
Դժվարությունները նրա գնահատմամբ` ամենուր են, բայց շատ կարևոր է ոչ միայն ուղղակի բարձրաձայնել դրանք, այլ գտնել լուծումներ, ունենալ առաջարկներ այդ դժվարությունները հաղթահարելու համար։ Խիստ կարևոր է նաև ճիշտ մոտեցում ցուցաբերելը, քանզի միայն խոչընդոտները հաղթահարելով կարող ենք հաջողությունների հասնել։
Ուսանողի խոսքով` առօրյան համալսարանում անցնում է շատ հետաքրքիր, չնայած առկա բավական ծանր ուսումնական գործընթացին բուհը կյանքով լի է,
իսկ անընդհատ կազմակերպվող միջոցառումներն ու ծրագրերը էլ ավելի գունեղ են դարձնում ու նոր շունչ հաղորդում մեր ուսանողական կյանքին։
«Բարեբախտաբար կարող եմ ասել՝ որ երբևէ լիկվիդ չեմ ունեցել։ Դպրոցական տարիներից էլ ավելի կարևոր եմ համարում գիտելիքը, ոչ թե թվանշանը։ Թվանշանը իմ համար տվյալ պահին գիտելիքները իմի բերելու և ճիշտ կողմնորոշվելու արդյունքն է։ Ուստի նախընտրում եմ առաջնորդվել ոչ թե թվային գնահատականներով,այլ ավելի շատ համալրել գիտելիքներիս պաշարը»,- նշում է նա։
Բժշկության բոլոր ճյուղերը շատ հետաքրքիր են իր համար: Դեռևս չի կողմնորոշվել մասնագիտական ճյուղի ընտրության հարցում, բայց նախընտրությունը տալիս է վերարտադրողական առողջությանը:
«Կարծում եմ առավելագույնս կարող եմ օգտակար լինել հենց այս ոլորտում։ Ընտանիքն այսօր վեհագույն արժեք է և ինձ համար մեծագույն երջանկություն կլինի,որ կարողանամ իմ մասնագիտական գիտելիքները կիրառելով օգնության կարիք ունեցող ընտանիքներին մանկան խինդ պարգևել»,- շեշտում է Լյովան, որի նախասիրությունները բազմաբնույթ են։
Սիրում է կարդալ. առավել շատ հետաքրքրում են փիլիսոփայությունն ու հոգեբանությունը, քանի որ մարդը գոյությունից ի վեր որպես անհատականություն շատ յուրահատուկ է և կարողանալ ամբողջությամբ հասկանալ մարդ էակին շատ դժվար է։ Մեծ է հետաքրքրությունը նաև դեպի երաժշտությունը՝ հատկապես դասական։ Այդ է պատճառը,որ վերջերս իրագործվեց վաղեմի երազանքներից մեկը և հիմա նվագում է դաշնամուր։
Բժշկի ուղին ընտրած երիտասարդը կարևորում է նպատակասլացությունը, աշխատասիրությունը, ցանկությունը լինել արհեստավարժ ու պիտանի մասնագետ և, ամենակարևորը, կարեկցանքը։
«Պետք է միշտ գիտակցես,որ կարող ես ավելին, քո առջև դնես ավելի բարձր նշաձողեր և ձգտես դրանց։ Դասախոսները միշտ փորձել են մեզնից կերտել բժշկի մի այնպիսի կերպար, որը պետք է լինի բարության և պրոֆեսիոնալիզմի մարմանվորում։ Սպիտակ խալաթը կրելուց հետո այլևս պետք է տեղ չգտնեն անձնական զգացումներն ու մտորումները, ամբողջությամբ պետք է նվիրվես աշխատանքիդ և անշահախնդրորեն գործի անցնես բժշկելու քո առաքելությանը»,- հավելում է ապագա մասնագետը` շեշտելով, որ միայն այն ժամանակ, երբ կկարողանան կարեկցել հիվանդին, հասկանալ աշխատանքի ամբողջ պատասխանատվությունը և միտվել հաղթահարելու ծագող խնդիրները, կարող են վստահաբար ասել, որ հասել են սահմանված նպատակին։