«Իմունականխարգելման եվրոպական շաբաթ»-ի շրջանակում անցկացվեց բժիշկների լայն ընդգրկմամբ հավաստագրված կոնֆերանս՝ «Իմունականխարգելման նվաճումներն այսօր և ապագայում. Մարդկայնորեն հնարավոր» թեմայով։
«Հերացի» վերլուծական կենտրոնի ղեկավար, Համաճարակաբանության ամբիոնի վարիչ Մերի Տեր-Ստեփանյանը, ողջունելով ներկաներին, շեշտեց, որ Հայաստանում ավելի շատ իրազեկման, քան պատվաստանյութերի հասանելիության խնդիր կա։ «Եթե բուժաշխատողներն իրենց անձնական օրինակով, խոսքով ու վստահությամբ խոսեն պատվաստումների կարևորության մասին, համոզված եմ, որ բնակչությունն ավելի վստահ կգնա պատվաստման»,– ասաց նա՝ հիշեցնելով, որ տարակուսելը անհիմն է, քանի որ ըստ ԱՀԿ տվյալների՝ պատվաստումների շնորհիվ 50 տարվա ընթացքում փրկվել է 154 մլն կյանք, կամ՝ 1 րոպեում՝ 6 երեխա։
«Հերացի» վերլուծական կենտրոնի ղեկավարը ընդգծեց ԵՊԲՀ կլինիկական իմունոլոգիայի և ալերգոլոգիայի ամբիոնի ներկայացուցիչների մասնակցության կարևորությունը։
«Շատ հաճախ բախվում ենք այն խնդրին, որ քաղաքացիները ալերգիան ներկայացնում են որպես պատվաստման հակացուցում։ Եվ այսօր հնարավորություն է ստեղծվել այդ հարցերի պատասխանները ստանալ հենց սկզբնաղբյուրից, և նրանք կկիսվեն իրենց սեփական փորձով»,– հավելեց նա։
Կոնֆերանսը մեկնարկեց ԵՊԲՀ այցելու դասախոս, ՀՀ ԻԱՓԽԽ ղեկավար, Եվրոպական իմունականխարգելման փորձագիտական խորհրդատվական խմբի անդամ, բ.գ.թ. Արման Բադալյանը «ՄՊՊ պատվաստումային գործընթացի քաղաքականության վերանայումը Հայաստանում. հիմնավորումներ, ապացուցահեն տվյալներ» թեմայով զեկույցով։
«Իմունականխարգելումը բժշկագիտության մեջ ամենամեծ ձեռքբերումներից է։ Դրա ուղղություններից մեկն էլ օնկոլոգիական խնդիրների վերաբերյալ պատվաստանյութերի ստեղծումն է, որոնց թիվը դեռ մեծ չէ, սակայն արդյունավետությունն ակնհայտ է»,– նշեց մասնագետը։
Նա անդրադարձավ մարդու պապիլոմավիրուսային վարակի դեմ պատվաստումների 1 դեղաչափով անցնելու նպատակահարմարությանը։
«Մեկ այց, մեկ պատվաստում՝ դա ամենաբաղձալի տարբերակներից մեկն է, որին միշտ ձգտում ենք իմունականխարգելման գործընթացում»,– մեջբերեց ԵՊԲՀ այցելու դասախոսը՝ հիշեցնելով, որ թիրախային խումբը 13-14 տարեկան աղջիկներն են, ինչպես նաև 9 տարեկան և բարձր անձինք, որոնք ունեն իմունային անբավարարություն կամ ՄԻԱՎ։
Աշխարհում տարեկան գրանցվում է արգանդի պարանոցի քաղցկեղի մոտ 604 հազար նոր դեպք, որոնցից 342 հազարը՝ մահվան ելքով։ ՄՊՎ-ի բարձր ռիսկի քաղցկեղածին տեսակներից՝ արգանդի պարանոցի քաղցկեղի առաջացման մոտ 71%-ը պայմանավորված է 16-րդ և 18-րդ տեսակներով, այդ թվում՝ Հայաստանում։
Կլինիկական իմունոլոգիայի և ալերգոլոգիայի ամբիոնի վարիչ, «Հերացի» համալսարանական հիվանդանոցի ալերգոլոգիայի և իմունոլոգիայի կլինիկայի ղեկավար Արմինե Հակոբյանը ներկայացրեց «Հետպատվաստումային ալերգիկ ռեակցիաների դրսևորումները» թեմայով զեկույցը։
«Կա թյուր կարծիք, որ պատվաստումներն առաջացնում են բազմաթիվ ալերգիկ ռեակցիաներ։ Պատվաստանյութից ալերգիկ ռեակցիաներ շատ հազվադեպ են առաջանում։ Հատկապես COVID-19 պատվաստանյութի դեպքում՝ 1,5 մլն պատվաստումների հաշվով գրանցվել են ընդամենը 1-3 հետպատվաստումային ալերգիկ ռեակցիաներ, որոնք չեն ավարտվել մահվան ելքով»,– նշեց նա՝ ավելացնելով, որ այն կարծիքը, թե պատվաստումները բարձր ալերգիկ ռիսկեր ունեն և հակացուցված են ալերգիկ անձանց, չափազանցված է։
Նա հիշեցրեց, որ հատկապես երեխաների շրջանում կարող են ի հայտ գալ հետպատվաստումային ռեակցիաներ։ Այստեղ կարևորվում է տարբերակել ալերգիկ ռեակցիաները պատվաստումից զարգացած նորմալ կողմնակի ազդեցություններից։
«Պատվաստանյութը դեղորայք է, իսկ ցանկացած դեղորայք կարող է առաջացնել անբարենպաստ կողմնակի ազդեցություններ։ Սակայն պատվաստանյութերը շատ ավելի հազվադեպ են նման ազդեցությունների պատճառ դառնում, քան, օրինակ՝ հակաբիոտիկները կամ ցավազրկող դեղերը»,- մասնագիտական փորձով շեշտեց կլինիկայի ղեկավարը։
Համաճարակաբանության ամբիոնի ավագ դասախոս Նաիրա Մելքոնյանը շարունակում էր կոնֆերանսը «Պոլիոմիելիտի համաճարակաբանական դիտարկումը և իմունականխարգելումը հետհամավարակային փուլում» թեմայով զեկույցով։
«Իմունականխարգելման եվրոպական շաբաթը նշվում է ամեն տարի և նպատակ ունի բնակչությանը ևս մեկ անգամ իրազեկել պատվաստումներով կանխարգելվող վարակների վտանգների, բարդությունների, տարածվածության ու ներկայիս համաճարակային իրավիճակի մասին՝ ընդգծելով պատվաստումների կարևորությունը, որպեսզի բնակչությունը լինի զգոն, չերկմտի և չխուսափի պատվաստումներից»,– ասաց նա։
Ավագ դասախոսը շեշտեց, որ իմունականխարգելումն առողջապահական համակարգի կարևորագույն ներդրումներից է, որի շնորհիվ կանխվում են կյանքին սպառնացող բազմաթիվ հիվանդություններ։
«Աշխարհում իրականացվում են պատվաստումներ ավելի քան 30 վարակիչ հիվանդությունների դեմ, որոնց շնորհիվ տարեկան փրկվում է 3.5-5 միլիոն մարդու կյանք, կամ՝ յուրաքանչյուր 1 րոպեում՝ 6 մարդ։ Վերջին 30 տարում մանկական մահացությունը 30%-ով նվազել է նաև հենց պատվաստումների շնորհիվ»,– նշեց նա՝ ավելացնելով, որ մեր երկրում իրականացվում են պատվաստումներ 20 վարակիչ հիվանդությունների դեմ՝ հիմնականում պլանային, ինչպես նաև համաճարակաբանական ցուցումների դեպքում։
«Հետքովիդային ժամանակահատվածում չափազանց կարևոր է պատվաստված լինել, քանի որ վարակիչ մի շարք հիվանդություններ ակտիվացել են։ Այսօր կա պոլիոմիելիտի, դիֆթերիայի, կարմրուկի, կապույտ հազի տարածման վտանգ»,– եզրափակեց նա։
«ՄՊՊ պատվստանյութի վերաբերյալ իրազեկվածության մակարդակը ուսուցիչների և բժիշկների շրջանում» թեմայով զեկույցը ներկայացրեց Համաճարակաբանության ամբիոնի դասախոս Կուլիյա Օհանը՝ անդրադառնալով մարդու պապիլոմավիրուսի պատվաստման նկատմամբ երկմտանքի մասին՝ ներկայացնելով Հայաստանում վիճակագրությունը պատվաստման և սքրինինգի հետ կապված:
«Կներկայացնեմ երկու վերլուծություն՝ կատարված 2017-2018թթ. բժիշկների շրջանում, իսկ մյուս ուսումնասիրությունը շատ թարմ է՝ 2025 թ. մարտ-ապրիլ ամիսներն կատարված ուսուցիչների շրջանում: Մենք փորձում ենք հասկանալ, թե ինչու է մարդու պապիլոմավիրուսի պատվաստման դիմելիությունը ցածր տոկոս կազմում: Հիմնական պատճառը գիտելիքի բացն է, մենք աշխատում ենք լրացնել այդ բացը արշավների, իրազեկման միջոցով»,-ընդգծեց դասախոսը:
Կլինիկական իմունոլոգիայի և ալերգոլոգիայի ամբիոնի դասախոս, Միքայելյան համալսարանական հիվանդանոցի ալերգոլոգ-իմունոլոգ Մերի Խաչատրյանը գործընկերներին ներկայացրեց «Պատվաստումների առանձնահատկությունները իմունային անբավարարությունների և ալերգիկ հիվանդությունների ժամանակ» թեմայով զեկույցը:
Մասնագետը շեշտեց, թե երբ է պետք զգուշանալ պատվաստումներից երբ ոչ: «Պատվաստումների մասին անհիմն վախերը հանգեցնում են տվյալ պատվաստանյութերը չստանալուն, իսկ դա հետագայում կարող է առաջացնել ինֆեկցիոն բարդություններ: Իմ զեկույցի նպատակը իրազեկվածության բարձրացումն է: Անհիմն վախերի փոխարեն անհրաժեշտ է դիմել համապատասխան մասնագետների, հասկանալ՝ արժե տվյալ դեպքում զգուշանալ, թե ոշ, քանի որ պատվաստանյութ չստանալու պատճառով կարող են գլուխ բարձրացնել բազմաթիվ հիվանդություններ»,-հավելեց ալերգոլոգ-իմունոլոգը:
Հերթական կարևոր՝ «Իմունականխարգելման ոլորտում թվային հարթակի մշակման նվաճումները» թեմայով զեկույցը ներկայացրեց էլեկտրոնային առողջապահության ԱՐՄԵԴ համակարգի Բժշկական գործընթացների կառավարման բաժնի ղեկավար Աննա Արծրունին, «Dr.LEX արհեստական բանականության գործիքի ինտեգրման նվաճումները և հեռանկարները ԱրՄեդ թվային առողջապահական ազգային հարթակում» թեմայով խոսեց նույն համակարգի կլինիկական տվյալների վերլուծաբան Սիլվի Մսրյանը: