Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Ինչպես է թվային աշխարհն ազդում երեխաների զարգացման վրա. դասախոսել է պրոֆեսոր Ռուզաննա Օհանջանյանը

Ինչպես է թվային աշխարհն ազդում երեխաների զարգացման վրա. դասախոսել է պրոֆեսոր Ռուզաննա Օհանջանյանը

Բժշկական մայր բուհում երկու դասախոսությամբ հանդես եկավ կլինիկական հոգեբան, Սան Ֆրանցիսկոյի, Կալիֆոռնիայի ԱՄՆ հոգեբանների ասոցիացիայի անդամ, Հայկական առողջապահության ասոցիացիայի տնօրենների խորհրդի անդամ, ԵՊԲՀ պատվավոր պրոֆեսոր Ռուզաննա Օհանջանյանը:

Ընդհանուր բժշկության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողների, ամբիոնի աշխատակիցների և այլ հետաքրքրված անձանց համար նախատեսված դասախոսությունների ժամանակ Բժշկական հոգեբանության ամբիոնի պատվավոր պրոֆեսորը ներկայացրեց «Զարգացման առանձնահատկություններ թվային աշխարհում» և «Գերանտոհոգեբանության արդի խնդիրները» թեմաները:

«Հարգելի՛ գործընկերներ, ուրախ եմ, որ մեր այն թեզերը՝ ըստ որի մեր այցելու պրոֆեսորները ժամանեն Հայաստան, բժշկական համալսարան, կիսվեն իրենց փորձով, փաստացի կյանքի է կոչվում: Դոկտոր Օհանջանյանն ունի մեծ ճանապարհ և ուրախ ենք նրան այստեղ տեսնելու, կարևոր թեմաներ քննարկելու: Թվային մանկությունը շատ արդի թեմա է, շատ կարևորում եմ, որ դուք այն լսելու եք ոչ թե հանրամատչելի կոնտեքստում, այլ փորձագետի կողմից, փորձագետի աչքերով:  Շատ կարևոր է, որ այստեղ ուղեղի զարգացման տեսանկյունից է խոսվելու, ուշադրություն է դարձվելու դրա հետ առնչվող նեյրոզարգացման հիվանդությունների վրա»,- նախքան դասախոսության մեկնարկը, ողջունելով ներկաներին, ասաց ԵՊԲՀ Գիտության գծով պրոռեկտոր Կոնստանտին Ենկոյանը:

Ռուզաննա Օհանջանյանը դասախոսությունը սկսելով նշեց՝ «Երբ ինձ հրավիրեցին դասախոսելու, մտածեցի, թե որ թեմաները կլինեն առավել կարևոր և հետաքրքիր, արդիական և կանգնեցի այս երկու թեմայի վրա: Երեխայի զարգացումը տեխնոլոգիական աշխարհում շատ կարևոր հարց է: Երեխայի առաջին երեք տարին է ամենակարևորը զարգացման մեջ, ինչպես է այս թվային աշխարհն ազդում նրանց զարգացման, հույզերի, զգացմունքների վրա: Առաջ եթե երեխան ձեռքը ձգեր՝ կուզենար հաղորդակցվել մոր հետ, ոչ թե հեռախոսի, իսկ այսօր հեռախոսն ավելի շատ տեղ է զբաղեցնում երեխայի կյանքում, ավելի հետաքրքիր է նրանց համար, ինչը շատ մեծ խնդիր է»:

Պրոֆեսորի մյուս թեման ևս կարևոր էր:  Նա ներկայացրեց, թե ինչպես է փոխվել մեր հասկացողությունը հասակի վերաբերյալ, որքան կարևոր է մեր ազգի, միջավայրի արժեհամակարգն այս առնչությամբ:

«Մարդիկ, երբ մեծանում են նրանք նույնը չեն, ինչպիսին կլինեին 20 տարի առաջ նույն տարիքում, այսինքն 60 տարեկանը նույնը չէ, ինչ-որ 25 տարի առաջվա նույն տարիքի անձը: Ավելի առողջ են, առույգ, կյանքով լեցուն: Դասախոսության նպատակն այն է, որպես ապագա բժիշկներ կարողանան հասկանալ, ընդունեն, այլ տեսանկյունից վերաբերվեն մեծահասակներին, քանի որ բժիշկը էքսպերտ է: Երբ բժիշկն ասում է՝ Դուք մեծ մարդ եք, ոչինչ, այդպես պետք է լինի, դա մի բան է, իսկ երբ բժիշկը ասում է՝ Դուք դեռ կարող եք շատ բան փոխել, շատ բաներ ձեր կյանքում ունենալ, դա լրիվ այլ բան է: Դա հնարավորություն է տալիս մի նոր բան սովորելու, հիմա շատ ընդունված է, երբ մարդիկ գնում են թոշակի նոր բան են սովորում, նկարել են սովորում, սոցիալական կյանքի մեջ են մտնում, ինչը ազդում է ուղեղի աշխատանքի, ակտիվության վրա»,-նշեց պրոֆեսոր Օհանջանյանը՝ շեշտելով, որ երբ մենք ուղեղը ակտիվ չենք պահում ուղեղի ֆուկցիաները քչանում են:

Նրա խոսքով՝ պետք է մարդկանց բացատրել, որպեսզի այլ հայացքով դիտարկեն իրենց տարիքը, իրենց առողջությունն ու կյանքը:

«Կարևոր է, որ այս մենթալիտետը մեր հասարակության մեջ մտցնենք և դա պետք է սկսել բժշկի սենյակից»,-հավելեց պրոֆեսորը: