Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Ինչպիսի՞ն է լինելու բժշկության ապագան․ բացահայտում է ԵՊԲՀ պատվավոր դոկտոր Կարինե Սարգսյանը

Ինչպիսի՞ն է լինելու բժշկության ապագան․ բացահայտում է ԵՊԲՀ պատվավոր դոկտոր Կարինե Սարգսյանը

Ապագա բժիշկները ԵՊԲՀ պատվավոր դոկտոր, պրոֆեսոր Կարինե Սարգսյանի հետ ինտերակտիվ ձևաչափով քննարկեցին արհեստական բանականության ազդեցությունը բժշկության ապագայի վրա։

Ռեկտոր Արմեն Մուրադյանը, ողջունելով մեծ ճանաչում վայելող բժիշկ-գիտնականին, նշեց․ «Մեր շրջանավարտն այսօր աշխարհում ներկայացնում է բժշկական համալսարանը և հանդիսանում է խոշոր բիոբանկերի հիմնադիր, խոշոր համալսարաններում դեկան և վերջապես մեր համալսարանի պատվավոր դոկտոր։ Մեր հայրենակցին դիմում են աշխարհի համալսարանները»։

Բուհի ղեկավարը պատմեց, որ համագործակցությունը սկսվել է դեռևս COVID-19 համավարակից առաջ, երբ քննարկվում էին արհեստական բանականության օգուտները, բժշկության համար դրա ընձեռած հեռանկարները։

«Համավարակից հետո ամբողջ աշխարհում առողջապահության ոլորտում տեղի ունեցան հսկայական փոփոխություններ: Ավտորիտար բժշկությանը փոխարինեց ապացուցողական բժշկությունը, այս պահին վերջինը փոխարինվում է պերսոնիֆիկացված բժշկությամբ։ Արդյո՞ք արհեստական բանականությունը կկարողանա իր դերակատարումն ունենալ այս ամենում», – հարց հղեց Արմեն Մուրադյանը։

Նրա խոսքով՝ պետք է այս գործիքը շատ զգույշ կիրառել։

Աշխարհի խոշոր պետությունները, նրա փոխանցմամբ, շատ լուրջ քննարկումներ են ծավալում այս հարցի վերաբերյալ․ արդյո՞ք սա կառավարելի գործընթաց է։

«Կարևոր է ճիշտ կիրառել և ճիշտ բժշկության մեջ ներառել արհեստական բանականությունը։ Ձեր սերունդը սա պետք է կարողանա ճիշտ օգտագործել։ Արհեստական բանականության հետ կապված սրընթաց զարգացումներ են սպասվում, և ձեր ճիշտ մոտեցումները բժշկության մեջ կարող են ձևավորել նոր շեմ լրջագույն հիվանդությունների, մասնավորապես՝ քաղցկեղի, համաճարակների, սիրտանոթային հիվանդությունների հաղթահարման առումով», – ընդգծեց ռեկտորը։

Կարինե Սարգսյանը սեփական օրինակով ուսանողներին կոչ արեց երբեք չդադարել երազել․ «Մեծ երազանքներ ունեցեք․ մեծ երազանքները բերում են մեծ հաջողությունների։ Մի վախեցե՛ք երազել։ Սրանից ուղիղ 20 տարի առաջ ես այս համալսարանում նստած լացում էի, քանի որ չէի հասկանում՝ ինչ է բիոքիմիան»։

Պրոֆեսորը ներկայացրեց 2023 թվականին լույս տեսած «Ապագա բանականություն. աշխարհը 2050 թվականին» գիրքը, որը կարճ ժամանակում դարձել է բեսթսելեր։

«Գիրքը ոչ միայն նրա մասին է, թե ինչպես արհեստական բանականությունը կգա աշխարհ, այլև նրա մասին, թե ինչպես մարդկային բանականությունը կարող է օգնել, որպեսզի մեր աշխարհը մնա բարի, մարդկային ու մարդակենտրոն, ոչ թե տեխնոլոգիակենտրոն», – նշեց նա։

Արհեստական բանականությունը, մասնագետի համոզմամբ, սովորում է մեզնից։ «Եթե մենք սխալներ ենք գործում, արհեստական բանականությունը վերցնում և ավելի է սրում դրանք։ Արհեստական բանականությունը մեր հայելին է։ Ոչ թե արհեստական բանականությունն է մեծ վտանգ, այլ մարդկային հիմարությունը», – վստահեցրեց Կարինե Սարգսյանը։

Ինչպիսի՞ն է լինելու բժշկության ապագան։

Հարցին պրոֆեսորը պատասխանեց՝ կրակի օրինակը վկայակոչելով․ «Ինչպես որ կրակն ենք սանձել, այնպես էլ պիտի արհեստական բանականության գործիքները սանձենք։ Պետք է այնպես անենք, որպեսզի բժիշկը միշտ լինի կարևոր դերում, իսկ դրա համար բժիշկը պետք է ճիշտ տիրապետի գործիքին», – շեշտեց նա։

ԵՊԲՀ շրջանավարտը և պատվավոր դոկտորը կոչ արեց ուսանողներին զբաղվել գիտությամբ, քանի որ այն բժշկության ամենահետաքրքիր մասն է։

Կարինե Սարգսյանը հակիրճ անդրադարձավ նաև եվրոպական և ամերիկյան առողջապահական համակարգերի առանձնահատկություններին, նմանություններին և տարբերություններին։

Իսկ հանդիպման ավարտին նա ապագա բժիշկներին 3 կարևոր խորհուրդ տվեց․
1․ Երբեք չհանձնվել,
2․ Ամեն օր որևէ նոր բան սովորել,
3․ Միշտ գտնել համախոհներ։

Ուսանողների, դասախոսների մասնակցությամբ կայացած հանդիպման հյուրը ղեկավարում է Լոս Անջելեսի Cedars-Sinai բժշկական կենտրոնի քաղցկեղի գիտական գործունեությունը։ Հանդիսանում է Նոբելյան մրցանակակիրների խորհրդատու, TEDx-ի եռակի խոսնակ, Եվրոպական Միության, Davos Digital-ի, Համաշխարհային տնտեսական ֆորումի (World Economic Forum), ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի ամենամյա խոսնակ՝ հանդես գալով ապագան կառուցելու վերաբերյալ ոչ ստանդարտ գաղափարներով։

Հիմնադրել է աշխարհի խոշորագույն կլինիկական բիոբանկերից մեկը` Ավստրիայի Գրացի բժշկական համալսարանի Միջազգային Բիոբանկը, որի գործադիր տնօրենը և կրթության կառավարման տնօրենն էր (2007-2019թթ․), Գրացի բժշկական համալսարանի «Մարդակենտրոն արհեստական ինտելեկտ և մեքենայական ուսուցում» մագիստրոսական ծրագրի գիտական տնօրեն և դասախոս, գիտահետազոտական, կրթական ծրագրերի, կենսանմուշների ուսումնասիրման ծրագրերի գլխավոր պատասխանատու։

Կարինե Սարգսյանը դասախոսում է 19 երկրում և փորձագիտական աջակցություն է ցուցաբերում աշխարհի մի շարք երկրներում։ Նա գիտական ֆուտուրոլոգիայի համաշխարհային առաջատարներից է։

Նշենք, որ բոլորովին վերջերս պաշտոնապես հրատարակվեց պրոֆեսոր Կարինե Սարգսյանի, ԵՊԲՀ ռեկտոր, պրոֆեսոր Արմեն Մուրադյանի և ԱՀԿ Քաղցկեղի հետազոտության միջազգային գործակալության (IARC) Լաբորատոր ծառայության և բիոբանկի խմբի ղեկավար Զիսիս Կոզլակիդիսի համահեղինակած “Digitalization of Medicine in Low- and Middle Income Countries” («Բժշկության թվայնացումը ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում») գիրքը, որի գլուխների մոտ 1/4-րդ մասը հեղինակել են բժշկական համալսարանի մասնագետները։

Աշխատության լույս ընծայումն աշխարհի ամենաբարձր վարկանիշ ունեցող ակադեմիական հրատարակչության՝ Springer Nature-ի հետ համագործակցության արդյունք է․ ԵՊԲՀ թիմի այս մեծ նվաճումը հատուկ աջակցություն և ֆինանսավորում է ստացել Springer Nature-ի և Առողջապահութան համաշխարհային կազմակերպության կողմից:

Գիրքը մեծ հետաքրքրություն առաջացրեց դեռևս նախնական հայտարարության ժամանակ, ուստի այն այժմ բաց հասանելի է․ հղումը կարող եք գտնել ստորև՝  https://link.springer.com/book/10.1007/978-3-031-62332-5