Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Ինքնազարգացման կարևոր պայմաններից մեկը բժշկի համար նաև գիտական մտածելակերպ ունենալն է. ԵՊԲՀ ասպիրանտ

Ինքնազարգացման կարևոր պայմաններից մեկը բժշկի համար նաև գիտական մտածելակերպ ունենալն է. ԵՊԲՀ ասպիրանտ

Շարունակում ենք ընթերցողներին պատմել ԵՊԲՀ սովորողների մասին՝ այս անգամ ներկայացնելով Միքայելյան վիրաբուժության ինստիտուտի և «Ուիգմոր Քլինիք»-ի դիմածնոտային և դեմքի պլաստիկ վիրաբույժ, դիմածնոտային վիրաբուժության ամբիոնի ասպիրանտ Արթուր Խաչատրյանին։

 Բարձր առաջադմություն ունեցող ուսանողը ծնվել է Արագածոտնի մարզի Թալին քաղաքում՝ բժիշկների ընտանիքում։ Սովորել է Թալինի թիվ 1 միջնակարգ դպրոցում, որն  ավարտել է գերազանց առաջադիմությամբ և ոսկե մեդալով։ Ընդունվելով Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան,  դեռ ուսանողական վաղ տարիներից հետաքրքրված է եղել դիմածնոտային վիրաբուժությամբ, մասնակցել է վիրահատությունների և հերթապահությունների «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքում՝ բաժանմունքի այդ ժամանակվա վարիչ՝  Արթուր Պապիկյանի գլխավորությամբ։

Դիմածնոտային վիրաբուժության օրդինատուրան ավարտելուց հետո ընդունվել է ասպիրանտուրա։ ԵՊԲՀ երիտասարդ հետազոտողների միության հիմնադիր անդամ է։ 2019 թվականին ճանաչվել է լավագույն երիտասարդ դիմածնոտային և դեմքի պլաստիկ վիրաբույժ։ Առաջինն է Հայաստանում ներդրել դենտինային փոխպատվաստանյութի կիրառմամբ ծնոտոսկրերի ոսկրային դեֆեկտների վերականգման մեթոդը, որը նաև  նրա գիտական հետազոտության թեման է։ Բազմաթիվ պատվոգրերի արժանացած երիտասարդ բժիշկ-գիտնականը վերապատրաստումներ է անցել Գերմանիայում, Իսպանիայում, Հունաստանում և Ռուսաստանում։

«Երբևէ երկմտանք չեմ ունեցել բժշկի մասնագիտության ընտրության հարցում, դեռ մանկուց ինձ համար այդ մասնագիտությունը եղել է ամենաարժանապատիվը և ամենաոգեշնչողը։ Կարծիքս առ այսօր չի փոխվել։  Երբեք չէի կարող մտածել, որ կյանքիս որևէ ժամանակահատվածում հետաքրքրված կլինեմ կամ կզբաղվեմ նաև գիտությամբ, քանի որ միշտ ունեցել եմ  բացառապես պրակտիկ կլինիկական մտածելակերպ և գործելաոճ։ Սակայն շատ բան փոխվեց, երբ կլինիկական մի նոր մեթոդի շուրջ սկսեցի սեփական ուսումնասիրություններս կատարել և հասկացա, որ առանց գիտական մտածելակերպի հնարավոր չէ լուրջ ձեռքբերումներ ունենալ բժշկության ոլորտում։ Ընտրածս հետազոտության նյութը ոչ միայն հավանության արժանացավ գիտական ղեկավարիս՝ Արթուր Պապիկյանի կողմից , այլև նրա հանձնարարականով ընդլայնվեց հետազոտության ծավալը։ Գիտության հետ կապված տատանողական մտածելակերպս ամբողջովին վերացավ, երբ հանդիպում ունեցա ԵՊԲՀ պրոռեկտոր, պրոֆեսոր Կոնստանտին Ենկոյանի հետ, ում՝ դեպի գիտություն ներգրավելու և գիտության հանդեպ սեր առաջացնելու շնորհը, վերացրեց բոլոր կասկածներս»,- պատմում է ԵՊԲՀ երիտասարդ գիտնականը։

«Գիտական հետազոտության թեման վերաբերվում է աուտոգեն դենտինային փոխպատվաստանյութի և թրոմբոցիտներով հագեցած ֆիբրինի համատեղ կիրառմամբ՝ ծնոտոսկրերի ոսկրային դեֆեկտների վերականգմանը։ Այլ կերպ ասած մենք օգտագործում ենք հեռացման ենթակա սեփական ատամը և սեփական արյունը  ծնոտոսկրերի տարբեր դեֆեկտների վերականգման նպատակով։ Հետազոտությունն ունի նաև փորձարարական մաս՝ փորձարարարկան կենդանիների վիրահատական միջամտությունների իրականացմամբ, որն արդեն գրեթե ավարտված է և արդյունքները գոհացնող են»,- մանրամասնում է Արթուրը։

 Երիտասարդ հետազոտողը ցանկանում է իր աշխատանքով փոքրիկ ներդրում ունենալ դիմածնոտային վիրաբուժության և Հայաստանում գիտության ոլորտում նորագույն մեթոդների զարգացման գործում։ Լինելով պրակտիկ բժիշկ միանշանակ վստահ է, որ բժշկությունն առանց գիտության չի կարող զարգանալ։

Իր ապագա գործընկերներին խորհորդ է տալիս միշտ հետևել և ակտիվ մասնակցել գիտական հետազոտություններին և չունենալ միայն պրակտիկ մտածելակերպ, քանի որ ինքնազարգացման կարևոր պայմաններից մեկը բժշկի համար նաև գիտական մտածելակերպ ունենալն է։