Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Կադրերի երիտասարդացումը ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի տարեկան հաշվետվության գլխավոր շեշտադրումն էր

Կադրերի երիտասարդացումը ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի տարեկան հաշվետվության գլխավոր շեշտադրումն էր

Ավարտին մոտեցող 2024 թվականը՝ բազմաթիվ օրակարգային հարցերով, խնդիրներով, պատմական հաջողություններով, հագեցած տարի էր բժշկական բուհի համար: Գիտական խորհրդի՝ դեկտեմբերի 18-ին հրավիրված նիստում այսպես սկսեց 2024 թվականի իր հաշվետվությունը ԵՊԲՀ ռեկտոր, պրոֆեսոր Արմեն Մուրադյանը։

«Եվս մեկ տարի աշխատեցինք միասին: Կարծում եմ, որ աշխատանքի բնույթը յուրաքանչյուրին հոգեհարազատ է։ Յուրաքանչյուրը մասնակից է իրադարձություններին», – ասաց ռեկտորը` հագեցած զեկույցը սկսելով կրթական հատվածից, անդրադարձ կատարելով դասախոսների կազմի կառուցվածքին, տարբեր ֆակուլտետների առաջադիմությանն՝ ըստ կիսամյակների, ամփոփիչ ատեստավորման արդյունքներին, ուսումնական բլոկի ֆինանսական ցուցանիշներին, կլինիկական օրդինատուրա ընդունելությանը, այդ թվում՝ ոչ պետական բուհերից ընդունելության ցուցանիշներին` շեշտադրելով, որ կրթության բնագավառում որակը պետք է գերակա լինի բոլոր ուղղություններում:

ԵՊԲՀ քոլեջում ներդրվել է «Ստոմատոլոգի օգնական» մասնագիտությունը, որը եզակի է տարածաշրջանում: Կյանքի է կոչվում egov.ysmu.am էլեկտրոնային համալսարանի ծրագիրը:  Հիմնական նեղ մասնագիտությունների ցանկում 2023-2024 ուս. տարում պահանջվածներից առաջատար են ճառագայթային ախտորոշումը, մաշկաբանությունը, կլինիկական լաբորատոր ախտորոշումը, սրտաբանությունը, մանկաբարձությունը:

Շրջանավարտների աշխատանքի անցնելու դինամիկան ներկայացնելիս արձանագրվեց, որ հիմնական մասնագիտական զբաղվածությամբ, ավարտելուց հետո ԵՊԲՀ շրջանավարտները մեծ պահանջարկ ունեն աշխատաշուկայում:

Ավարտին մոտեցող տարում բժշկական կադրերի դարբնոցը շարունակական մասնագիտական զարգացման դաշտում իրականացրել է 342 ծրագիր՝ 6292 ավագ և միջին մասնագետի ընդգրկմամբ, զուգահեռ լրացուցիչ մասնագիտացման և կատարելագործման ծրագրերին:  

Միջազգայնացումը մշտապես համալսարանի գործունեության առանցքում է։  Փետրվարին «Բուժական գործ» անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագիրը յոթ տարի ժամկետով ստացավ WFME միջազգային չափորոշիչներին համապատասխան ծրագրային հավատարմագրում՝ NCEQE (National Center for Educational Quality Enhancement) միջազգային հավատարմագրման կառույցի կողմից:

Այժմ բուհում բժշկական կրթություն է ստանում 2057 արտասահմանցի ուսանող աշխարհի 34 երկրից:

Գիտական կառուցամասում բուհի ղեկավարը խոսեց դրամաշնորհային ծրագրերի, Web of Science շտեմարանի ընդհանուր հրապարակումների, ըստ հեղինակների ազդեցության գործոն ունեցող պարբերականների հետազոտական հոդվածների, ասպիրանտների և հայցորդների, պաշտպանված ատենախոսությունների մասին:

Գիտության բնագավառում, ռեկտորի գնահատմամբ, ռեսուրսների հնարավորությունները թույլ են տալիս անել ավելին։

«Չհաջողված ծրագրերի դաշտում է գիտության բնագավառում ներուժն ամբողջովին չօգտագործելը», – նկատեց նիստի հիմնական զեկուցողը` կարևորելով ոլորտում իրացվելու հնարավորություն տալը նրանց, ովքեր իսկապես զբաղվում են գիտությամբ: Կադրային փոփոխությունները և երիտասարդացման քաղաքականությունն, ըստ նրա, այստեղ օրակարգային են:

Նշվածի համատեքստում փաստենք, որ ԵՊԲՀ գիտակոորդինացիոն խորհուրդը համալրվելու է երիտասարդ մասնագետներով, որոնք տարբեր բնագավառներում հասել են որոշակի հաջողությունների: ԵՊԲՀ-ն 2024 թվականին վարկանիշավորման հայտ է ներկայացրել TIMES HIGHER EDUCATION WORLD UNIVERSITY RANKINGS և QS համակարգերին:

Բուհն արժանացել է Հետազոտության ոլորտում մարդկային ռեսուրսների կառավարման գերազանցության մրցանակին (HRS4R) և ամրապնդել դիրքը ԵՄ գիտակրթական տարածքում, ինչը գրանցված հերթական հաջողությունների շարքում է:

Կլինիկական աշխատանքներում ծանրաբեռնված աշխատող երեք համալսարանական բուժհաստատությունում` «Հերացի», «Մուրացան» և «Միքայելյան» հիվանդանոցներում, Արմեն Մուրադյանը շեշտադրեց ավելացած կլինիկական հետազոտությունների թիվը, ինչպես նաև նյութատեխնիկական համալրումը, մասնավորապես՝ խոսքը գերժամանակակից սարքավորումների ձեռքբերման մասին է:

«Հերացի» համալիրում նոր սերնդի անգիոգրաֆը, իսկ «Միքայելյան»-ում համակարգչային տոմոգրաֆը տասնյակ այլ սարքերի կողքին նպաստել են պացիենտներին մատուցվող բժշկական օգնության և սպասարկման որակի լավացմանը, ֆինանսական մուտքերի ավելացմանը և գլխավորապես՝ ծառայությունների անխափան աշխատանքին։ 

Գլխավոր ձեռքբերումներին և առաջնահերթություններին անդրադառնալով և շեշտադրելով միջազգային ծրագրային հավատարմագրումը՝ Արմեն Մուրադյանը նշեց, որ կատարվել են ուսումնական պրոցեսի նյութատեխնիկական բարելավմանն ուղղված ծախսեր։ Ռեկտորի փոխանցմամբ՝ հավատարմագրումը միայն թղթային ձևակերպում չէր, այլ շարունակական աշխատանք, որն ուղղված է միջազգային կրթական դաշտում համալսարանի առաջատար տեղի ու դերի ամրապնդմանը։ 

Նշանակալի ձեռքբերումներից էր «Հերացի» ավագ դպրոցի շահագործումը։

541 աշակերտ և 63 ուսուցիչ ունեցող հանրակրթական հաստատությունը ոչ միայն վերակառուցվել է, այլև բուհի ղեկավարության ջանքերով պահպանվել է շենքի պատմական ֆասադը։

Հիմնանորոգում է իրականացվել հանրակացարանային տարածքներում, որի արդյունքում շեշտակի բարելավվել են 700 բնակչի կենցաղային պայմանները։ Շեշտադրվեց «Լանցետ» վիրաբուժական հմտությունների հարթակը, որը համախմբել է շուրջ 1200 մասնակցի և արժանացել հանրության ուշադրությանը։

Միասնական կենտրոնական ախտորոշիչ լաբորատորիայի ձևավորումը ևս ձեռքբերումների թվում է։

Արհեստական բանականությունը և թվային առողջապահությունը առաջնահերթ ուղղություն է համալսարանում։

Նոր գրադարանի ստեղծումը, որի մասին համալսարանականներն այս ընթացքում տեղեկանալու բազմաթիվ առիթներ են ունեցել, նույնպես ապագայի գերակա ծրագրերից է, այս ուղղությամբ ակտիվ աշխատանքների մեկնարկը տրված է, ստեղծվել է հանձնախումբ։

Լաբորատոր մասնաշենքում նոր գրադարանի ստեղծման, «Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտում ստոմատոլոգիական ստորաբաժանումների ձևավորմանն ուղղված գործընթացներին զուգահեռ ռեկտորը կարևորեց գալիք տարում պատմական նշանակություն ունեցող Անատոմիական մասնաշենքում վերանորոգման աշխատանքների իրականացումը։

 Ավագ սերնդի՝ ի դեմս Ֆիզիոլոգիայի ամբիոնի վարիչ Դրաստամատ Խուդավերդյանի, Նոմինացիոն կոմիտե դիմումի համաձայն, առաջիկայում համալսարանի բարձրագույն կառավարման խորհուրդը կքննարկի Հյուսվածքաբանության ամբիոնն անվանի բժիշկ-գիտնական Արտաշես Ազնաուրյանի անունով անվանակոչելու հարցը։

ԵՊԲՀ-ի կողմից Ամիրդովլաթ Ամասիացու «Օգուտ բժշկության»` շուրջ 300 տարի առաջ ընդօրինակված ձեռագրի նվիրաբերությունը Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտին տարեվերջյան բացառիկ իրադարձություններից էր։

Զեկույցում առավելապես շեշտադրված գաղափարի, կոնցեպտի քայլերի հաջորդականությանն անդրադառնալով՝ Արմեն Մուրադյանն ընդգծեց, որ գիտության ոլորտում երիտասարդացումը և աշխատավարձերի բարձրացումը՝ կրտսեր կոլեգաներին խրախուսելով իրականություն է դառնում։

2025 թվականի փետրվարից Ընդհանուր բժշկության ֆակուլտետի տեսական ամբիոններում ժամավճարի ֆոնդը կբարձրանա 36 տոկոս (ասիստենտից ամբիոնի վարիչ՝ նվազող բուրգի տեսքով)։

Շարունակելով երիտասարդացման քաղաքականության թեման՝ ռեկտորը տեղեկացրեց, որ երիտասարդ կադրերը կներգրավվեն կրթական, գիտական և ադմինիստրատիվ բլոկներում։

Մասնավորապես՝ Մարքեթինգի և զարգացման գծով պրոռեկտորի պաշտոնում Արա Ղազարյանին նրա առաջարկով կփոխարինի մինչ այդ Կարիերայի զարգացման կենտրոնի ղեկավար Խաչատուր Մարգարյանը։

Շնորհակալություն հայտնելով Շտապ օգնության և աղետների բժշկության ամբիոնի վարիչ, դոցենտ Արա Ղազարյանին կատարած աշխատանքի համար՝ տեղեկացվեց, որ նա կշարունակի զարգացման ծրագրերն ամբիոնում և «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցում, որի բուժական գծով տնօրենն է։ Բուհի շրջանավարտ, ուսանողական նախաձեռնությունների ակտիվ մասնակից Խաչատուր Ավետիսյանը նշանակվել է Դեղագիտական ֆակուլտետի դեկանի տեղակալ։ Սերնդափոխություն սպասվում է նաև Ընդհանուր վիրաբուժության ամբիոնում, որտեղ ամբիոնի ներկայիս վարիչ Զարեհ Տեր-Ավետիքյանի առաջարկով իրեն կփոխարինի արդեն մեծ փորձ ունեցող վիրաբույժ, նույն ամբիոնի դոցենտ Սևակ Շահբազյանը։

Այսպիսով, 2025 թվականին նախատեսվում է կառավարման համակարգի ISO 9001:2015 հավաստագրում` կրթագիտական և կլինիկական ողջ ծածկույթով, վիրաբուժական, թերապևտիկ և մանկաբուժական կլաստերներով հավատարմագրում` WFME հետբուհական կրթության միջազգային չափորոշիչներով, Ստոմատոլոգիական և Դեղագիտական ֆակուլտետների հավատարմագրում։

Տարեդարձի առթիվ ռեկտորը շնորհավորեց ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Միքայել Ադամյանին և «Հերացի» հիվանդանոցի գլխավոր բժիշկ Արեն Բաբլումյանին։ Նա բարձր գնահատեց Ադամյանի ներդրումը, նվիրումը համալսարանական բոլոր ծրագրերում։

Արմեն Մուրադյանը զարգացման տեսակետից 2024 թվականը դրական գնահատեց։

«Աշխատանքի ծավալը հսկայական է, և ես այսօր հանդես եկա բոլորիս անունից», – ասաց բարձրագույն ուսումնական հաստատության ղեկավարը՝ հավելելով, որ աշխարհի տեմպին հետևելով՝ պետք է ձգտել բաց չթողնել հնարավորությունները․

«Քիչ չեն լինի դժվարությունները, անկանխատեսելի իրավիճակները, մրցակցությունը, պահպանելով ստացած ժառանգությունը՝ պետք է ներդաշնակ զարգացում ապահովել՝ պատասխանատվություն կրելով համալսարանի նկատմամբ»։

Ամփոփելով ներկայացվող հագեցած տեղեկատվությունը՝ բուհի ղեկավարը շնորհավորեց բոլոր աշխատակիցներին․ հավաքարարներից, պահակախմբից, մինչև դեկաններ, ամբիոնի վարիչներ, նահապետներ, պրոֆեսորադասախոսական կազմ, աշխատակազմ, միջազգային գործընկերներ, գալիք տոների առթիվ՝ գնահատելով սրտացավ վերաբերմունքն աշխատանքին։

Առանձնակի ընդգծվեց նաև կլինիկական բնագավառի ներկայացուցիչների դերը, որոնք մեծ զբաղվածության հետևանքով հաճախ անում են ավելին՝ անցկացնելով ժամեր և օրեր հիվանդանոցային միջավայրում։

Տարին անկորուստ չէր։ Մեկ րոպե լռությամբ նիստի մեկնարկին Գիտական խորհրդի անդամները հարգեցին բժշկապետ, ուռուցքաբանության պրոֆեսոր Հայրապետ Գալստյանի հիշատակը։ Ռեկտորը կորուստների թվում առանձնացրեց այս տարվա մարտին կյանքից հեռացած ավագ ընկեր, ուսուցիչ, Կենսաքիմիայի ամբիոնի երկար տարիների վարիչ, պրոֆեսոր Միխայիլ Աղաջանովին։ Լավագույններին կորցնելը բնական, բայց ցավալի պրոցես է․ այսպես բնորոշեց պրոֆեսոր Մուրադյանը։

Պարզ մարդկային փոխհարաբերությունների ձևաչափում, կառուցողական, բարենպաստ մթնոլորտում գործելով, բոլոր նախաձեռնություններում ապագա բժիշկների՝ բժշկագիտության ապագան կերտողների ակտիվ դերակատարումն ակնկալելով՝ եզրափակվեց Գիտական խորհրդի այս տարվա վերջին նիստը։