Շարունակելով տատիկի՝ ՀՍՍՀ վաստակավոր բժշկուհի ԵՊԲՀ 1950 թվականի շրջանավարտ Ռոզա Հախինյան-Աթաբեկյանի մասնագիտությունը, Ընդհանուր բժշկության ֆակուլտետի 1-ին կուրսի ուսանողուհի Կարինե Աթաբեկյանը ջանք չի խնայում լավ մասնագետ դառնալու համար, ակտիվ մասնակցում է ուսանողական նախաձեռնություններին, ինչպես նաև ստեղծագործում է: Լույս է տեսել ապագա բժշկի՝ հեղինակային առաջին գիրքը, որտեղ ներկայացված է պատերազմի պատճառով ընդհատված սիրո պատմություն:
«Պատերազմի ծանր օրերի ընթացքն ինձ թելադրեց գրել այս գիրքը, որն անվանեցի «Անվերնագիր փորձություն»: Պատերազմում գլխավոր բանը, որը մենք զգում ենք, չկորցնելն է այն, ինչը մեզ ապրեցնում է։ Եվ, իրոք, շատերը 2020 թվականի չարաբաստիկ պատերազմի հետևանքով կորցրին այն ամենը, ինչն իրենց ապրեցնում էր: Կորցրեցինք նրանց, ովքեր սեր ու ջերմություն էին սերմանում, տարածում ու ջերմ ժպիտներ պարգևում»,- նշում է Կարինեն:
Մենախոսության ամբողջ ընթացքում, ճակատագրի հետ մտնելով երկխոսության մեջ, հեղինակը փորձում է ստանալ իրեն հուզող հարցերի պատասխանները:
Հիվանդանոցում կամավորության ընթացքում զինվորների վերապրածը տեսնելը, պատերազմի ծանր օրերի ընթացքը նրան թելադրեցին ստեղծագործական ներուժը կենտրոնացնել գիրք գրելու վրա:
«Ես առաջին կուրսի ուսանողուհի եմ, հետևաբար, որպես կամավոր՝ հիվանդանոցում բժշկական թիմին օգնելիս, իմ կատարած աշխատանքն ուղղակի չնչին մի գործ էր, եթե ոչ՝ ոչինչ: Անզորության զգացումը կրկնապատկեց իմ ձգտումն առ բժշկություն: Իմ ձգտումների իրականացումը չեմ պատկերացնում այլ տեղ, եթե ոչ բժշկական համալսարանում, որտեղ ստանում եմ կարևոր գիտելիքներ, ձեռք եմ բերում կյանքի փորձ»,- պատմում է ուսանողուհին, որը վստահ է՝ չնայած գիրքը բժշկական չէ, յուրաքանչյուր սովորող իրեն կգտնի գեղարվեստական տողերի արանքում, կվերապրի վերջին ամիսների կատարվածը, կխորհի ապագայի մասին: