Կանանց առողջությունն առանցքային դեր է խաղում հանրային առողջապահական համակարգում՝ հանդիսանալով բժշկական օգնության ընդհանուր մակարդակի, սոցիալական բարեկեցության և երկրի տնտեսական զարգացման զգայուն ցուցանիշ։
Վերջին տասնամյակներում աշխարհի գրեթե բոլոր երկրներում նշանակալի առաջընթաց է նկատվում կանանց առողջության ոլորտում։ Այնուամենայնիվ, չնայած բժշկության ձեռքբերումներին, 21-րդ դարում կանայք դեռևս բախվում են ոչ վարակիչ քրոնիկական հիվանդությունների (ՈՎՔՀ) բարձր տարածվածության, վերարտադրողական և հոգեկան առողջության հետ կապված խնդիրների հետ։
ԱՀԿ-ի (2023) տվյալներով՝ կանանց կյանքի սպասվող տևողությունը 2019 թվականին հասել է 73.3 տ․՝ համեմատած 2000 թվականի 66.8 տ․հետ, սակայն առողջ կյանքի սպասվող տևողությունը (63.7 տարի) հետ է մնում ՈՎՔՀ-ի բարձր տարածվածության պատճառով։ ՈՎՔՀ-ն այժմ կանանց մահացության հիմնական պատճառներից են՝ առաջ անցնելով նախկինում առաջնահերթ համարվող խնդիրներից, ինչպիսին է մայրական մահացությունը։
Մահացության կառուցվածքում առավել մեծ տեղ ունեն սիրտանոթային հիվանդությունները, որոնք տարեկան ավելի քան 17 միլիոն կնոջ կյանք են խլում (մահերի 35%-ը)։ Դրանց հաջորդում են ուռուցքային հիվանդությունները (13%) և քրոնիկական շնչառական հիվանդությունները (8%)։
Կրծքագեղձի և արգանդի վզիկի քաղցկեղները շարունակում են մնալ կանանց շրջանում առավել տարածված չարորակ նորագոյացությունները՝ ներկայացնելով լուրջ մարտահրավեր առողջապահական համակարգերի համար։ 2020 թվականի տվյալներով՝ աշխարհում գրանցվել է 2.3 միլիոն կրծքագեղձի քաղցկեղի դեպք, որոնք հանգեցրել են 685 000 մահվան, ինչպես նաև 604 000 արգանդի վզիկի քաղցկեղի դեպք, որոնցից 342 000-ը ավարտվել են մահվան ելքով։
Կրծքագեղձի քաղցկեղը 20-59տ․ խմբում հանդիսանում է կանանց շրջանում ուռուցքային հիվանդությունների հետևանքով մահացության առաջատար պատճառը։ Չնայած կանխարգելման և վաղ ախտորոշման արդյունավետ միջոցների առկայությանը, արգանդի վզիկի քաղցկեղից մահացության մակարդակը շարունակում է մնալ անարդարացիորեն բարձր։ Պապիլոմավիրուսի (HPV) դեմ պատվաստումը կանխարգելման առանցքային մեթոդներից է, սակայն գլոբալ մակարդակով պատվաստման ընդգրկվածությունը դեռևս մնում է ցածր՝ կազմելով ընդամենը 15%։
Վերարտադրողական առողջությունը նույնպես շարունակում է մնալ հիմնական խնդիրներից մեկը։ 2020 թվականին մայրական մահացության ցուցանիշը ողջ աշխարհում կազմել է 223 մահ՝ 100 000 կենդանի ծննդի հաշվով՝ նվազելով 34%-ով 2000 թվականի 339/100 000-ի համեմատ։ Սակայն մինչ օրս մայրական մահացությունը տարեկան ավելի քան 287 000 կնոջ կյանք է խլում՝ պատճառներով, որոնք հնարավոր կլիներ կանխել պատշաճ բժշկական սպասարկման դեպքում։
Բարձր եկամուտ ունեցող երկրներում մայրական մահացության մակարդակը միջինում կազմում է 12/ 100 000, մինչդեռ ցածր եկամուտ ունեցող երկրներում այդ ցուցանիշը հասնում է 545/ 100 000։
Ամեն տարի գրանցվում է 121 միլիոն չպլանավորված հղիություն, որոնցից 61%-ն ավարտվում է հղիության արհեստական ընդհատմամբ։ Ժամանակակից հակաբեղմնավորիչ մեթոդներին հասանելիություն ունեցող կանանց մասնաբաժինը կազմում է 76%։
Կանանց հոգեկան առողջության վիճակը նույնպես մտահոգություն է առաջացնում։ 2023 թվականի տվյալների համաձայն՝ դեպրեսիայով տառապում էր կանանց 5,7%-ը՝ համեմատած տղամարդկանց 3,7%-ի հետ, իսկ հետծննդյան դեպրեսիան ախտորոշվում էր ծննդաբերած կանանց 13%-ի շրջանում, մինչդեռ զինված հակամարտությունների գոտիներում այս ցուցանիշը հասնում է 20%-ի։ Կանանց շրջանում ինքնասպանությունների մակարդակը կազմում է 6,1/100 000, ինչը ընդգծում է հոգեկան առողջության պահպանման և կանխարգելման միջոցների ուժեղացման անհրաժեշտությունը։
Կանանց առողջությունը որոշվում է կենսաբանական, սոցիալական և էկոլոգիական գործոնների բարդ փոխազդեցությամբ, որոնցից շատերը բարձրացնում են հիվանդությունների ռիսկը և վատթարացնում դրանց ելքերը։
Կանանց առողջությունը Հայաստանի Հանրապետությունում
Հայաստանում կանայք կազմում են բնակչության 52․4%-ը, իսկ նրանց միջին կյանքի տևողությունը կազմում է 78․3 տարի։ Թեև կանանց առողջության ոլորտում կան որոշակի առաջընթացներ, ՈՎՔՀ-ի բարձր մակարդակը և վերարտադրողական ու հոգեկան առողջության խնդիրներին անբավարար ուշադրություն դարձնելը շարունակում են մնալ կարևոր մարտահրավերներ։
2023 թվականի տվյալների համաձայն՝ Հայաստանում կանանց մահացության առաջատար պատճառներն են եղել՝
• Սիրտանոթային հիվանդությունները, ներառյալ ինֆարկտը ու կաթվածները, որոնք կազմում էին բոլոր մահերի ավելի քան կեսը (53.3%)։
• Ուռուցքային հիվանդությունները (21.0%), որոնցից առավել տարածված են կրծքագեղձի և արգանդի վզիկի քաղցկեղը։
• Շնչառական համակարգի հիվանդությունները (8.6%), ներառյալ թոքերի քրոնիկական օբստրուկտիվ հիվանդությունները։
• Մարսողական համակարգի հիվանդությունները (4.9%), որոնցում առաջատար դիրքերում էին լյարդի ցիրոզը և ստամոքսի խոցային հիվանդությունը։
Շարունակում են արդիական մնալ նաև վերարտադրողական առողջության խնդիրները։ Հայաստանում մայրական մահացության մակարդակը կազմում է 27․0 դեպք՝ 100 000 կենդանի ծննդի հաշվով, ինչը ցածր է որոշ տարածաշրջանային երկրների համեմատ, սակայն այն դեռևս պահանջում է շարունակական բարելավում։ Մտահոգիչ ցուցանիշներից է առանց բժշկական ցուցումների աբորտների հաճախականությունը, որը վերարտադրողական տարիքի 100 000 կնոջ հաշվով կազմում է 808.6 դեպք։ Չնայած հակաբեղմնավորման ժամանակակից մեթոդների առկայությանը, վերարտադրողական տարիքի կանանց միայն 42,5%-ն է ակտիվորեն օգտագործում դրանք, ինչը վկայում է ընտանիքի պլանավորման հարցերում իրազեկվածության բարձրացման անհրաժեշտության մասին:
Հոգեկան խանգարումները նույնպես դառնում են ավելի հրատապ խնդիր Հայաստանում։ Վերջին տարիներին, հատկապես վերարտադրողական տարիքի կանանց շրջանում, ավելացել են դեպրեսիայի և տագնապային խանգարումների դեպքերը։ Հհոգեկան խանգարումների առաջնակի հիվանդացության ցուցանիշը կազմում է 190/100 000, ընդ որում դեպրեսիվ խանգարումները հանդիպում են 100 000 կնոջից 93-ի մոտ, իսկ տագնապային խանգարումները՝ 59-ի։
Վերլուծելով իրավիճակը Հայաստանում և աշխարհում՝ կարելի է առանձնացնել մի քանի հիմնական ուղղություններ կանանց առողջության պահպանման և հիվանդությունների կանխարգելման ոլորտում բարելավումներ իրականացնելու համար:
Միայն համակարգված և նպատակաուղղված մոտեցումը կարող է ապահովել կանանց առողջության և նրանց կյանքի որակի կայուն բարելավումը, ինչը կարևոր քայլ է կայուն զարգացման և մեր հասարակության առողջության համար։