«Կանխարգելենք հակամանրէային կայունությունը միասին». մեկնարկել է իրազեկման համաշխարհային շաբաթը

«Կանխարգելենք հակամանրէային կայունությունը միասին». մեկնարկել է իրազեկման համաշխարհային շաբաթը

Նոյեմբերի 18-24-ը Հակամանրէային կայունության իրազեկման համաշխարհային շաբաթն այս տարի անցկացվում է «Կանխարգելենք հակամանրէային կայունությունը միասին» խորագրով:

Մենք ապրում ենք հակաբիոտիկներից և հակամանրէային այլ դեղերից կախվածության դարաշրջանում, քանի որ դրանք լայնորեն կիրառվում են տարբեր ախտաբանական վիճակների բուժման համար: Ժամանակակից բժշկությունը դժվար է պատկերացնել առանց հակամանրէային դեղերի, սակայն տարիների ընթացքում դրանց հանդեպ մանրէների կայունության զարգացման հետևանքով կարևորագույն դեղերը դառնում են անարդյունավետ: 

Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության նախաձեռնության՝ յուրաքանչյուր տարի հայտարարվում է հակամանրէային իրազեկման շաբաթ, որի նպատակն է բարձրացնել բնակչության իրազեկվածությունը մանրէային վարակների և նրանցից բխող խնդիրների վերաբերյալ, որն էլ, իր հերթին, կնպաստի վարակների տարածման արագության նվազմանը:

Դեղերի հանդեպ կայունության ձեռքբերման արդյունքում հակաբիոտիկները և այլ հակամանրէային դեղամիջոցները դառնում են անարդյունավետ, իսկ վարակները դառնում են ավելի դժվար բուժվող կամ ընդհանրապես անբուժելի: Հետազոտողները գնահատել են, որ բակտերիաների հակամանրէային կայունությունը  առաջացրել է մոտ 1,27 միլիոն մահ 2019 թվականին:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն, եթե չիրականցվեն համապատասխան միջոցառումներ, մինչև 2050  թվականը աշխարհում կգրանցվի մոտ 10 միլիոն մահվան դեպք` պայմանավորված դեղակայուն վարակներով, իսկ դրանց տնտեսական վնասը կկազմի մոտ 100 միլիարդ դոլար:

«Հերացի»  վերլուծականի  դիտարկմամբ`  հակամանրէային միջոցների նկատմամբ կայունությունը ոչ միայն առողջապահության այլև գյուղատնտեսության, սննդամթերքի անվտանգության խնդիր է, քանի որ անասնաբուծության, անասնաբուժության, թռչնաբուծության, ձկնաբուծության ոլորտներում հակամանրէային դեղերը կիրառվում են ոչ միայն բուժական, այլև կանխարգելման և աճը խթանելու նպատակներով:

 Արդյունքում դեղերի մնացորդները կարող սննդամթերքի միջոցով անցնել մարդուն և առաջացնել կայունություն հակամանրէային միջոցների նկատմամբ:

Միջազգային տվյալների համաձայն` ամբողջ աշխարհում արտադրված հակաբիոտիկների 50%-ից ավելին օգտագործվում է գյուղատնտեսության ոլորտում` նաև որպես կերային հավելում:  

Հակամանրէային իրազեկման համաշխարհային շաբաթը նշվում է ամեն տարի՝ բարելավելու հակամանրէային կայունության վերաբերյալ իրազեկումն ու խնդրի կարևորության մասին ըմբռնումը հանրության կողմից բարձրացնելու համար՝ «Մեկ առողջություն» քաղաքականության շրջանակներում:

Այս տարվա կարգախոսն է՝ «Կանխարգելենք հակամանրէային կայունությունը միասին»:

Հայաստանը ևս անմասն չի մնում հակամանրէային դեղերի նկատմամբ կայունությամբ պայմանավորված խնդիրների հետ առնչվելուց և վերջինի դեմ պայքարը հանդիսանում է ոլորտի գերակայություններից մեկը:

Երևանի Մխիթար  Հերացու անվան պետական բժշկական համալսարանը նույնպես «մեկ առողջության» մոտեցման կողմնակից է և ակտիվորեն իրականացնում է հակամանրէային կայունության դեմ պայքարի քաղաքականություն թե՛ գիտական և թե՛ կլինիկական ոլորտներում: Մասնավորապես՝ համալսարանական «Հերացի» թիվ 1 և «Մուրացան» հիվանդանոցային համալիրները 2016 թվականին մասնակցել են հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության պլանային ախտորոշիչ համաճարակաբանական հսկողության մեխանիզմների ապացուցման նպատակով հետազոտությանը, որի  նպատական էր հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության համաճարակաբանական հսկողության համակարգի կատարելագործումը, բժշկական և  ռեֆերենս լաբորատորիայի  մանրէաբանական լաբորատորիաների  կարողությունների զարգացումը, ինչպես նաև մանրէաբանական լաբորատորիաների ախտորոշման և հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության լաբորատոր հետազոտությունների որակի բարելավումը:

Հիվանդանոցային համալիրների լաբորատոր ախտորոշիչ կենտրոնի մանրէաբանական լաբորատորիան ամեն տարի մասնակցում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական գրասենյակի և առողջապահական միջազգային այլ կառույցների և կազմակերպությունների կողմից անցկացվող որակի արտաքին գնահատման իրականացման գործընթացին և ստանում է «Որակի ճանաչման միջազգային հավաստագիր»:

Վերոնշյալի հետ մեկտեղ՝ ԵՊԲՀ հիվանդանոցային համալիրներում մշակման և ներդրման փուլում է բժշկական միջամտություններով պայմանավորված վարակների ախտորոշման, հայտնաբերման, հաղորդման գործընթացի, հակամանրէային դեղերի նպատակային  և արդյունավետ բուժման իրականացման, վարման մեթոդների կատարելագործումը:

Հորդորում ենք հանրությանը խուսափել հակամանրէային դեղամիջոցների ոչ նպատակային, անկանոն և առանց բժիշկի նշանակաման օգտագործումից, որը կարող է վնասել ձեր և ձեր սիրելիների առողջությանը: