Ամերիկահայ անվանի բժիշկ, Ամերիկյան ուրոլոգիական ասոցիացիայի անդամ, ուրոլոգիայի պատրիարք Կարո Դերձակյանի ավանդը մեր երկրում ուրոլոգիայի զարգացման գործընթացում անգնահատելի է։
Հայրենիքին` նոր սարքավորումների ձեռքբերման, երիտասարդ մասնագետների պատրաստման և նրանց առաջընթացին նպաստելու գործում անուրանալի ներդրում ունեցած ականավոր բժիշկը ԵՊԲՀ-ում մասնակցում էր Հայկական ուրոլոգիական ասոցիացիայի 24-րդ տարեկան համագումարին, որի շրջանակում էլ զրուցել ենք նրա հետ` հիշելով մեր երկրի հետ ուրոլոգիայի բնագավառում նրա գործակցության սկիզբը:
Հայաստանցի և սփյուռքահայ ուրոլոգների համագործակցության պատմությունը, կարելի է ասել, մեկնարկեց դեռևս 1968 թվականից։
«Լիբանանում (ծնողներս Ուրֆայից են) ընդունվել էի համալսարան՝ բժշկական ֆակուլտետ, ծնողներս ի վիճակի չէին ուսմանս ֆինանսական ծախսերը հոգալու։ Դիմեցի «Գյուլբենկյան» բարեգործական հիմնադրամին, որն առաջադեմ ուսանողներին տրամադրում էր կրթաթոշակներ։ Ինձ հրավիրեցին գրասենյակ՝ պայմանագիր ստորագրելու։ Չորս տարվա ուսման համար ինձ պետք է նպաստ տրամադրեին․ բավականին մեծ գումար էր, որը ես երբեք չէի ունեցել։ Վախեցա, գործավարին հարցրի․ «Իսկ ե՞րբ պետք է վերադարձնեմ այս գումարը։ Նա պատասխանեց․ «Տղա՛ս, մեզ վճարելու խնդիր չկա, բայց եթե մի օր առիթ կունենաս ազգիդ և հայրենիքիդ օգտակար լինելու, դա կլինի մեր վարձատրությունը»։ Այս խոսքերը մեխի պես մնացին մտքումս», – պատմում է Կարո Դերձակյանը։
1986 թվականին՝ շուրջ 20 տարի անց, Հարավային Կալիֆորնիայում բժշկական տարեկան ձեռնարկի շնորհանդեսին էր տիկնոջ հետ։ «Հայաստանից նոր վերադարձած մի բժշկի հետ խոսեցինք ուրոլոգիայի ոլորտի մասին, նա ասաց․ «Շատ գնահատելի կլինի, եթե Ձեզ պես սփյուռքահայ ուրոլոգը գա Հայաստան և իր փորձով փոխանակվի»։ Միանգամից հիշեցի գործավարի խոսքերը։ Տիկինս էլ` Սիլվին, փոքր տարիքում Հայաստանում եղել էր (Երուսաղեմից որպես առաջադեմ աշակերտ էին ուղարկել), նայեցի իրեն, համաձայնություն տվեց, պատասխանեցի․ «Անպայման»։ Ինձ ասացին․ «Վստահ ե՞ս, Հայաստանում շատ գործ կա անելու», իսկ ես արձագանքեցի․ «Գործից չեմ վախենում»։ Այդպես սկիզբ դրվեց համագործակցությանը», – մանրամասնում է առաջատար մասնագետը։ Այնուհետև Կարո Դերձակյանը ստացավ պաշտոնական հրավեր Խորհրդային Միության ժամանակաշրջանում փոխվարչապետ Կարլեն Դալլաքյանից և նամակ Հանրապետության գլխավոր ուրոլոգ, պրոֆեսոր Իվան Աղաջանյանից։ «Դրանց կից նամակներ ևս կային, որտեղ նշվում էր, որ ցանկալի կլիներ՝ ինձ հետ տանեի որոշակի անհրաժեշտ գործիքներ, որոնց պակասը կար երկրում», – հավելում է նա։
1987 թվականի ապրիլին ընտանիքով (երկու երեխաների հետ, որոնցից յուրաքանչյուրը հիմա 40-ին մոտ է), Կարո Դերձակյանն առաջին անգամ եկավ մեր երկիր։
«Եվ իսկապես ցնցիչ փորձառություն էր․ տիկինս հիշեցնում է, որ անդադար նայում էի չորս կողմս՝ չհավատալով, որ վերջապես հայրենիքում եմ։ Սկսեցինք մեր աշխատանքները, իմ ծրագրով պետք է կենտրոնանայինք ներմիզուղային ճանապարհով գործողությունների վրա, սրա համար 8-10 աշխատանքային օր ունեի։ Օրական 16-18 ժամ աշխատում էինք, որպեսզի հայ մասնագետները բավականաչափ փորձ հավաքեին։ Աստիճանաբար փորձի փոխանակումը տեղի ունեցավ, և պետք է ասեմ, որ շատ ուշիմ ու արագ սովորող մասնագետներ էին այստեղ», – վստահեցնում է ամերիկահայ ուրոլոգը։
Արդյունքում արդեն ամեն տարի՝ մինչև 2019 թվականը (COVID-19 համավարակը), Կարո Դերձակյանն այցելում էր Հայաստան։
«Առաջին 10-15 տարվա ընթացքում աշխատում էինք «Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտում, որովհետև ամբիոնն այնտեղ էր տեղակայված», – պատմում է նա։
2005 թվականին աշխատանքների ոսպնյակն ուղղվեց դեպի այն ժամանակ «Սուրբ Ներսես» («Իզմիրլյան») բժշկական կենտրոն, որտեղ նոր ծրագիր պետք է մեկնարկեր։ «ՀՀ ԱՆ գլխավոր ուրոլոգ-խորհրդատու Արթուր Գրաբսկին նոր էր ավարտել ռեզիդենտուրան, ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանն այն ժամանակ Հանրապետական հիվանդանոցում էր գործունեություն ծավալում, բայց բոլորս միասին էինք աշխատում, այսինքն՝ որևէ նախընտրություն չկար, միակ նպատակը ոլորտի առաջխաղացումն էր», – ընդգծում է Կարո Դերձակյանը։
Ամերիկահայ մասնագետը հովանավորել է նաև հայաստանցի բժիշկների այցերը Միացյալ Նահանգներ։ «Ինքը՝ պրոֆեսոր Աղաջանյանը, մեր տանը մնաց 3 ամիս․ ամեն առավոտ մեքենայով տանում էի նրան ամերիկյան հիվանդանոցներ, ծանոթացնում աշխատանքներին», – վերհիշում է բժիշկը, որն ամերիկյան ընկերությունների հետ պայմանավորվել էր հայաստանյան հիվանդանոցներին լազերներ տրամադրելու համար, ինչպես նաև հիմնել էր աուդիո-վիզուալ ուսուցողական կենտրոն՝ համակարգչի վրա գործողություններ կատարելու համար։
Հայ բժիշկները, նրա խոսքով, շատ արագ սովորեցին և այսօր վաղուց կայացած մասնագետներ են՝ ուրոլոգիական բաժանմուքնների ղեկավարներ, դասախոսներ:
«Երբ որ պատը կառուցվեց, պետք էր այն գեղեցկացնել՝ ներկել և փայլեցնել, այդպես ստեղծվեց Հայկական ուրոլոգիական ասոցիացիան (ՀՈՒԱ), անցկացվում էին ամենամյա ժողովներ։ Մեկնարկեցինք նաև 2-3 տարվա ռեզիդենտուրայի ծրագիր, որը նախկինում չկար։ Ոլորտում հսկայական ոստյուն արվեց, և այժմ տարածաշրջանում բարձր սյունակի վրա ենք ժամանակակից տեխնոլոգիաներով», – շեշտում է Կարո Դերձակյանը՝ միաժամանակ հավելելով, որ անհրաժեշտ է զարգացնել ոլորտը նաև մարզերում։
Այժմ արդեն հայրենիքին, բժշկագիտության` ուրոլոգիայի բնագավառում կարևոր աջակցություն ցուցաբերած փորձառու մասնագետը քաղում է իր հանրօգուտ գործունեության պտուղները՝ աստիճանաբար տեղը զիջելով երիտասարդ մասնագետներին, ինչպես որ ժամանակին պրոֆեսորները հիացմունքով և վստահորեն իրենց տեղը զիջեցին նրան։