Եվրոպայի խորհրդի «Մարդու իրավունքների պաշտպանությունը կենսաբժշկության մեջ II» ծրագրի շրջանակում առաջին անգամ ԵՊԲՀ աշխատակիցների համար Բուժաշխատողների էթիկայի հանձնաժողովի գործունեության վերաբերյալ կարողությունների զարգացման երկօրյա դասընթաց անցկացվեց:
Հուլիսի 4-ից 5-ն անցկացված միջոցառմանը ներկա էին համալսարանական հիվանդանոցների կլինիկաների ղեկավարները, բժիշկներ, ինչպես նաև բուհի պրոֆեսորադասախոսական անձնակազմի, այլ ստորաբաժանումների ներկայացուցիչներ։
Հանդիպումը նպատակ ուներ բարձրացնել իրազեկվածության մակարդակը Բուժաշխատողների էթիկայի հանձնաժողովի գործառույթների, ինչպես նաև հանձնաժողովների էթիկական և մարդու իրավունքների եվրոպական և ազգային սկզբունքների վերաբերյալ իրազեկվածության մակարդակը։
Մասնակիցներին առցանց ողջունեց Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների և կենսաբժշկության բաժնի ղեկավար Լորանս Լվոֆֆը՝ առանձնակի կարևորելով համատեղ անցկացվող այս միջոցառումը՝ շնորհակալություն հայտնելով ԵՊԲՀ-ին, ռեկտոր Արմեն Մուրադյանին, բուհի ներկայացուցչական մասնակիցներին։
Լորանս Լվոֆֆը շեշտեց, որ այս համագործակցությունը կարևոր է Եվրոպայի խորհրդի համար։
2024 թվականի մայիսի 16-ին Հայաստանը ստորագրեց Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների և կենսաբժշկության (Օվիեդոյի) կոնվենցիան, որը իրավական պարտադիր ուժ ունեցող միակ միջազգային գործիքն է, որը կիրառելի օրենդրական շրջանակ է սահմանում և՛ ամենօրյա բժշկական պրակտիկայի, և՛ առողջապահության և կենսաբժշկության մեջ նոր տեխնոլոգիաների ներդրման համար: Կոնվենցիան մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Եվրոպայի խորհրդի կողմից մշակված օրենսդրական փաթեթի բաղկացուցիչ մասն է և սահմանում է կարգավորումներ այնպիսի կարևոր հարցերի վերաբերյալ, ինչպիսիք են պացիենտի իրազեկված համաձայնությունը ցանկացած բժշկական միջամտության համար, բժշկական գաղտնիքի պահպանման անհրաժեշտությունը, ֆինանսական շահի արգելքը օրգանների և/կամ հյուսվածքների փոխպատվաստման ընթացքում, գենետիկ ժառանգության պահպանումը, վերարտադրողական առողջության պահպանման ոլորտում էթիկական ասպեկտների պահպանումը, պտղի սեռի խտրական ընտրության արգելքը և այլն։ Կոնվենցիան նաև հայտնի է որպես պացիենտների իրավունքների պաշտպանության եզակի իրավական փաստաթուղթ։
Առողջապահության և կենսաբժշկության ոլորտում մարդու իրավունքների և էթիկական սկզբունքների պաշտպանությունը Հայաստանի Հանրապետության և Եվրոպայի խորհրդի համագործակցության առաջնահերթ ոլորտներից է և ամրագրված է Եվրոպայի խորհրդի՝ Հայաստանի համար իրականացվող գործողությունների 2023-2026թթ․ ծրագրում։
Հագեցած ծրագրի մեկնարկային մասում Օվիեդոյի կոնվենցիային և դրա լրացուցիչ արձանագրություններին, Եվրոպայի խորհրդի աշխատանքը մարդու իրավունքների և կենսաբժշկության ոլորտում թեմային անդրադարձավ Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակը ներկայացնող, «Մարդու իրավունքների պաշտպանությունը կենսաբժշկության մեջ II» ծրագրի ղեկավար Մերի Կատվալյանը՝ նշելով, որ Եվրոպայի խորհրդի դերը առանձնահատուկ է իրավունքահեն մոտեցմամբ։
Նրա փոխանցմամբ՝ կարևոր է հատկապես այն, որ արդեն 75-ամյա պատմություն ունեցող այս կառույցի կողմից ընդունված օրենսդրական շրջանակը ոչ միայն եվրոպական, այլև համաշխարհային մակարդակում անդրադարձ է օրենսդրությանը, միջազգային ստանդարտներին։
ԵՊԲՀ առողջապահական ծրագրերի ազգային գիտահետազոտական՝ «Հերացի» վերլուծական կենտրոնի ղեկավար Մերի Տեր-Ստեփանյանի հավելմամբ՝ կենսաբժշկության նորմերում և էթիկայի նորմերի ներդրումը բժշկության մեջ ունի առանցքային նշանակություն:
«Այսօր մենք մեր առօրյա պրակտիկայում առնչվում ենք խնդիրների՝ բժիշկ-բուժաշխատող, բժիշկ-կոլեգա, պացիենտ-բժիշկ և երրորդ անձ փոխհարաբերություններում: Երկօրյա դասընթացների շրջանակում մենք քննարկելու ենք էթիկայի նորմերը, դրանց առնչվող խնդիրները, առօրյայում ծագած հարցերը: Ուզում եմ արժևորել այս միջոցառումը, որովհետև հույս ունեմ՝ ինքներդ կիրառելու եք ձեռք բերած գիտելիքը ձեր առօրյա պրակտիկայում»,- ասաց միջոցառման համակազմակերպիչ Մերի Տեր-Ստեփանյանը:
Հաջորդիվ Բուժաշխատողների էթիկայի հանձնաժողովի նախագահ, ԵՊԲՀ ռեկտորի խորհրդական Իզաբել Աբգարյանը ողջունելով դասընթացի մասնակիցներին, իր գործընկերներին, խոսեց բուժաշխատողների էթիկայի կանոնների եվրոպական և ազգային ստանդարտների մասին։ Նա տեղեկացրեց, որ այս տարվա ընթացքում, Եվրոպայի խորհրդի գործունեության շրջանակում բազմաթիվ են եղել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բուժաշխատողների հետ հանդիպումները, որոնք շատ արդյունավետ գնահատեց։
Իր ղեկավարած Բուժաշխատողների էթիկայի հանձնաժողովը, որը ձևավորվել է շուրջ մեկ տարի առաջ, անկախ, հասարակական հիմունքներով գործող մարմին է, որը քննում է բուժաշխատողների կողմից մասնագիտական էթիկայի կանոնների խախտման դեպքերը։
Հանձնաժողովի գործունեության մեջ ներգրավված են բժիշկներ, իրավաբաններ, գիտնականներ, հոգեբաններ և պացինետների իրավունքների պաշտպանության զբաղվող հասարակական կազմակերպության ներկայացուցիչներ։
Հանձնաժողովի քննությանը ենթակա են բուժաշխատողների էթիկայի կանոնների խախտումները՝ բուժաշխատող-պացիենտ, բուժաշխատող-բուժաշխատող, բուժաշխատող-երրորդ անձ հարաբերություններում և հանրային առողջապահության ոլորտում։
Իզաբել Աբգարյանի խոսքով՝ մեկ տարին բավականաչափ մեծ ժամանակահատված չէ լիարժեք վերլուծելու համար հանձնաժողովի աշխատանքը, սակայն այս ընթացքում արդեն իսկ հանձնաժողովը դիմումներ է ստացել, քննության առել, որոշումներ ընդունել և վարույթների իրականացման միջոցով բացահայտել առողջապահության ոլորտում առկա մի շարք խնդիրներ ու բացեր։
Հանձնաժողովի գործունեության վերաբերյալ համալսարանականների հարցերը բազմաթիվ էին․ սկսած դիմելու ընթացակարգից, ավարտված քննվող դեպքերով։
«ՅՈՒՆԵՍԿՈ»-ի կենսաէթիկայի միջազգային հանձնաժողովի անդամ, «Champalimaud» հիմնադրամի էթիկայի կոմիտե, «Champalimaud» հիմնադրամում մարդու իրավունքների պաշտպան Պաուլա Մարտինո դա Սիլվան կրկին առցանց բուժաշխատողների էթիկայի հանձնաժողովների հիմնական սկզբունքները ներկայացրեց։
Ելույթներ ունեցան, ներկաների հարցերին պատասխանեցին «Մարդու իրավունքների պաշտպանությունը կենսաբժշկության մեջ II» ծրագրի ազգային փորձագետ Կարինե Աբրահամյանը, ինչպես նաև Էթիկայի հանձնաժողովի անդամները։
Այս ծրագրի ազգային փորձագետ Հայկ Մամիջանյանի ներկայացրած մասնագիտական նյութը վերաբերում էր հանրային խոսքին և հանրային բանավեճի հմտությունների կարևորությանը բուժաշխատողների էթիկայի հանձնաժողովի որոշումների հաղորդակցման հարցում, հռետորական արվեստին, գրագետ հաղորդակցմանը։
Թե՛ առաջին, թե՛ երկրորդ օրը դասընթացն անցավ ինտերակտիվ մթնոլորտում, հարցուպատասխանի ձևաչափում՝ տեսական և գործնական բաղադրիչով։