ԵՊԲՀ ընդհանուր բժշկության ֆակուլտետի 6-րդ կուրսի ուսանող Շուշաննա Աթաջանյանը «Գրիգոր Արեշյանի անվան» կրթաթոշակառու է: Դեռ մանուկ հասակից բժշկի այցելելիս մեծ հետաքրքրությամբ է հետևել նրանց աշխատանքին՝ ցանկանալով իր ներդրումն ունենալ մարդկանց առողջացնելու գործում:Շուշաննան «Հերացի» ավագ դպրոցի շրջանավարտ է։«Ուրախ եմ, որ հենց այս դպրոցում եմ սովորել, քանի որ այն ամենին, ինչին հասել եմ մեծ ներդրում ունի «Հերացի» ավագ դպրոցը։
Դեռ մանկուց ցանկացել եմ իմ փոքրիկ ներդրումն ունենալ բժշկագիտության մեջ, հայտնաբերել մարդկանց անհանգստացնող առողջական խնդիրները, լուծել դրանք և դրանով բարձրացնել նրանց կյանքի որակը։ Բացի այդ, ինձ միշտ հետաքրքել է մարդու օրգանիզմում կատարվող գործընթացները, մեխանիզմները և դրանց բնականոն աշխատանքի գործում բժշկության դերը»,-ասում է անվանական կրթաթոշակառուն։ Որպես հետագա նեղ մասնագիտություն ընտրել է մանկաբարձություն֊գինեկոլոգիան։
«Տարբեր ցիկլային առարկաներ անցնելով՝ հասկանում ես, որ յուրաքանչյուրն էլ շատ հետաքրքիր է և կարևոր առողջ հասարակություն ունենալու համար, սակայն պրակտիկա անցնելով մանկաբարձ֊գինեկոլոգիական բաժանմունքում, շատ սիրեցի և կարևորեցի այդ ոլորտի բժիշների առօրյան և աշխատանքի նպատակը։ Այն է` պահպանել կանանց առողջությունը և մեծ ներդրում ունենալ հայրենիքին արժանի զավակներ լույս աշխարհ բերելու գործում»,-անկեղծանում է հերացիականը՝ նշելով, որ բժշկի մասնագիտությունը ամենախրթին և ամենապատասխանատու մասնագիտություններից է, քանի որ նրան է վստահվում մարդու կյանքն ու առողջությունը։
Նրա խոսքով՝ բժիշկը պետք է օժտված լինի այնպիսի հատկանիշներով, ինչպիսիք են նվիրվածությունը աշխատանքին, անընդհատ ինքնազարգանալու ձգտումը, պարտաճանաչությունը, համբերատարությունը և մարդասիրությունը։
Շատ կարևոր է նաև պատասխանատվության մեծ զգացումը և արագ կողմնորոշվելու ունակությունը։
Խոսելով անվանական կրթաթոշակառու լինելու և այդ ճանապարհին հանդիպած դժվարությունների մասին, Շուշաննա Աթաջանյանը ընդգծում է. «Ցանկացած գործով զբաղվելիս ձգտում եմ կատարելության, որքան հնարավոր է, իսկ դեպի կատարելություն տանող ճանապարհները երբեք էլ հեշտ չեն եղել։Ուստի բժշկագիտության մեջ զարգանալու համար ևս անհրաժեշտ է մեծ ջանասիրություն և ձգտում։
Ինչպես նաև շատ կարևոր է ճիշտ կազմակերպել առօրյան և կյանքում դնել առաջնահերթություններ։ Գիտակցելով բժշկի մասնագիտության մեծ պատասխանատվությունը պետք է անընդհատ ինքնակրթվել, զարգանալ և կատարելագործվել` արժանի լինելու բժշկի կոչմանը»։
Ամփոփելով խոսքը բարձր առաջադիմություն ունեցող ապագա բժիշկն ասում է՝ քանի որ փոքր տարիքից է որոշել դառնալ բժիշկ, այլ մասնագիտություններ երբեք չի դիտարկել և փոքրուց իրեն միշտ պատկերացրել է որպես բժիշկ. «Սակայն բազմակողմանի զարգացած լինելու համար անհրաժեշտ է նաև զբաղվել սիրելի հոբբիներով և ուսումնասիրել այլ ոլորտներ»։