ԵՊԲՀ մաշկաբանության և սեռավարակաբանության ամբիոնի և պրոֆեսոր Հ.Ա. Քալամքարյանի անվան մաշկավեներաբանության և մաշկի օպտիկական ախտորոշման ասոցիացիայի կողմից կազմակերպված «Երևանյան V դերմատոսկոպիական ընթերցումներ» ՄՄՕԱԱ միջազգային XIV գիտագործնական համաժողովի օրակարգը հագեցած էր:
Ոլորտի առաջատարները խոսեցին մասնագիտության վերջին հետազոտությունների արդյունքների‚ գիտությունից բխող ու շարունակաբար լրամշակվող լավագույն գործնական մոտեցումների մասին։ Համաժողովը գիտելիքների ընդարձակման և փոխանակության‚ անհատական և մասնագիտական աճի հնարավորություն ընձեռեց, որի ընթացքում մասնակիցները ծանոթացան առաջավոր տեխնոլոգիաների‚ կոսմետոլոգիական արտադրանքի ու նոր ծառայությունների հետ։
Ողջույնի խոսքով հանդես եկավ ԵՊԲՀ կենսաքիմիայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Միխայիլ Աղաջանովը: Լինելով ԵՊԲՀ մաշկաբանության և սեռավարակաբանության ամբիոնի վարիչ Խաչիկ Խաչիկյանի դասախոսը՝ նա կիսվեց իր սանի աշխատասիրության և նպատակասլացության մասին ջերմ հիշողություններով։ Աղաջանովն ընդգծեց, որ Խաչիկյանը մաշկաբանության ոլորտում մեծապես ներդրել է գիտական բաղադրիչ՝ հանդիսանալով նաև բազմաթիվ մենագրությունների հեղինակ։
ԵՊԲՀ մաշկաբանության և սեռավարակաբանության ամբիոնի վարիչ‚ պրոֆեսոր Խաչիկ Խաչիկյանը բացման խոսքից հետո ներկայացրեց միջոցառման հյուրերին։ նա
«Մեր այսօրվա համաժողովի օրակարգը բավականին հագեցած է բազմաթիվ հետաքրքիր թեմաներով։ Գիտական և կլինիկական մաշկաբանության վերաբերյալ հարցերում հայ և ռուս մաշկաբանների հայացքներում ավանդաբար շատ ընդհանրություններ կան։ Համաժողովին մասնակցելու համար գրանցել է շուրջ 300 մարդ։ Վստահ եմ՝ միջոցառումը կնպաստի Ռուսաստանի, Մոլդովայի և Հայաստանի միջև մաշկաբանության ոլորտում համագործակցության ընդլայնմանը։ Հույս եմ հայտնում, որ համաժողովի արդյունքները զգալի ներդրում կլինեն մեր մասնագիտության զարգացման գործում։ Նոր տեսակետներն ու հեռանկարային մտքերը թույլ կտան կատարելագործել բժշկական օգնության ցուցաբերումը մաշկաբանության ուղղությամբ», – նշեց նա՝ մասնակիցներին մաղթելով կառուցողական երկխոսություն, արդյունավետ աշխատանք և փոխգործակցություն։
Այնուհետև մասնակիցները հանդես եկան մասնագիտական ելույթներով՝ գործընկերների հետ կիսվելով իրենց փորձով և գիտելիքներով:
Միջոցառման ամբողջական ծրագրին, զեկուցողներին և թեմաներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ: