Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

«Կիրառել ուղեղի հնարավորություններն ի օգուտ, ոչ թե ի վնաս մարդկանց»․ կայացավ Ստեֆան Արթինյանի դասախոսությունը

«Կիրառել ուղեղի հնարավորություններն ի օգուտ, ոչ թե ի վնաս մարդկանց»․ կայացավ Ստեֆան Արթինյանի դասախոսությունը

ԵՊԲՀ «Քոբրեյն» կենտրոնի գիտելիքի և տեխնոլոգիաների փոխանցման գրասենյակը հյուրընկալեց իտալահայ տնտեսագետ Ստեֆան Արթինյանին։

Ստեֆան Արթինյանը մասնագիտացած է ուղեղի մարզման ոլորտում, հավաստագրված է Neuroleadership ինստիտուտի, StandOut Strengths Coaching-ի և ADP-ի դուստր ձեռնարկության՝ The Marcus Buckingham Company-ի կողմից:

Նա նաև հավաստագրված է որպես պրոֆեսիոնալ մարզիչ (PCC)՝ Միջազգային քոուչ ֆեդերացիայի կողմից (ICF): Նա աշխատել է 30 երկրի գրեթե 300 առաջատարների հետ:

Ողջունելով “Neuroplasticity: Getting Your Brain on Your Side” խորագրով աշխատանքային հանդիպման մասնակիցներին՝ Գիտության գծով պրոռեկտոր Կոնստանտին Ենկոյանը նշեց․ «Մեր այսօրվա հյուրը նեյրոգիտնական չէ, նա մասնագիտությամբ տնտեսագետ է, որը հետագայում շատ է աշխատել նեյրոգիտնականների հետ, և առաջացել է «նեյրոառաջնորդություն» գաղափարը։ Նա կարողանում է օգնել խոշոր ընկերություններին սկզբում գտնել առաջնորդության հատկանիշներով օժտված մարդկանց, ապա զարգացնել նրանց այդ հմտությունները։ Նա աշխատել է այնպիսի ընկերությունների հետ, ինչպիսիք են Facebook, Google, Chevron, Exxon Mobil»։

Նմանատիպ միջոցառումների նպատակն, ըստ պրոռեկտորի, կարող է առաջին հայացքից թվալ ոչ գիտական, որովհետև խոսվում է քոուչինգի մասին․ թե ինչպես կարելի է, հասկանալով և օգտագործելով ուղեղի գործառույթները, գտնել ճիշտ մարդկանց, սկսել զարգացնել նրանց կարողություններն ու հնարավորությունները։ «Այսօրվա դասախոսությունը ոչ ստանդարտ է, այն ֆունդամենտալ գիտության, տնտեսագիտության և կրթության տեխնոլոգիաների որոշակի խառնուրդ է», – հավելեց Կոնստանտին Ենկոյանը։

Սթեֆան Արթինյանի խոսքով՝ դասախոսությունը նեյրոպլաստիկության հիմնական սկզբունքների և մարդկային զարգացմանը դրանց առնչության մասին է։ «Որպես պրոֆեսինալ մարզիչ՝ ես օգնում եմ մարդկանց բարելավելու իրենց իսկ մտածողությունը։ Այս մոտեցումը հիմնված է նեյրոգիտության ոլորտի վերջին հետազոտությունների տվյալների վրա, մասնավորապես՝ «նեյրոպլաստիկություն» հասկացության, համաձայն որի՝ մեր ուղեղը նոր կապեր է հաստատում ողջ կյանքի ընթացքում։ Վերջին 20-25 տարվա ընթացքում մենք հավատում էինք, որ ուղեղը պլաստիկ էր և նոր կապեր էր ստեղծում միայն մանկության և ոչ չափահասության տարիքում։ Այսօր մենք պարզել ենք, որ ուղեղի նեյրոնները նոր կապեր են հաստատում մարդու ողջ կյանքի ընթացքում։ Սա հրաշալի հնարավորություն է՝ սովորելու ամբողջ կյանքի ընթացքում։ Բայց, միևնույն ժամանակ, նմանատիպ մոտեցումն ունի նաև որոշակի թերություններ․ եթե մենք զարգացնում ենք վատ սովորություններ կամ սահմանափակ համոզմունքներ, նեյրոպլաստիկությունը կարող է ամրապնդել դրանք։ Ես փորձում եմ օգնել մարդկանց կիրառել ուղեղն ի օգուտ, ոչ թե ի վնաս իրենց», – ընդգծեց մասնագետը։

«Քոբրեյն» կենտրոնի գիտելիքի և տեխնոլոգիաների փոխանցման գրասենյակի պատասխանատու Մարիամ Մովսիսյանը նկատեց, որ բժշկագիտական հանրության մեջ ևս ուսանողները և գիտնականներն ինչ-որ չափով պետք է ունենան առաջնորդական ունակություններ։ «Մեր մասնագետը դա բնութագրում է հենց ուղեղի հնարավորությունների և յուրահատկությունների տեսանկյունից՝ ուղղորդելով մեզ ավելի լավ օգտագործել մեր ուղեղի հմտությունները», – նշեց նա։

Այսպիսի հանդիպումների կարևորությունը, Մարիամ Մովսիսյանի փոխանցմամբ, հենց նրանում է, որ կարողանանք նպաստել երիտասարդների կարիերայի աճին և փափուկ հմտությունների ձեռքբերմանը։

Միջոցառմանը ներկա էր շուրջ 30 գիտնական և սովորող ՀՀ տարբեր բուհերից և գիտական ինստիտուտներից։