Հունիսի 27-ին ԵՊԲՀ-ում անցկացվեց գիտագործնական հանդիպում-սեմինար՝ «Կլիմայի փոփոխության և շրջակա միջավայրի ազդեցությունը նեյրոզարգացման ու նեյրոատիպիկության վրա» թեմայով։
«Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» ծրագրի Նորարարությունների մրցակցային հիմնադրամի շրջափուլով իրականացվող «Ուղեղի վիզուալիզացիայի լաբորատորիա» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում ԵՊԲՀ «ՔՈԲՐԵՅՆ» ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոնի կողմից կազմակերպված միջոցառումը համախմբել էր ոլորտային տարբեր մասնագետների: Վերջիններս անդրադարձ կատարեցին կլիմայական և էկոլոգիական փոփոխությունների ազդեցությանը աուտիզմի սպեկտրի խանգարումների (ԱՍԽ) զարգացման վրա՝ ընդգծելով խնդրի բժշկական, հոգեբանական, իրավական և սոցիալական ասպեկտները:
Միջոցառման մասնակիցներին ողջունելուց հետո ԵՊԲՀ գիտության գծով պրոռեկտոր, «ՔՈԲՐԵՅՆ» կենտրոնի գլխավոր գիտաշխատող, պրոֆեսոր Կոնստանտին Ենկոյանը ներկայացրեց ԵՊԲՀ հիգիենայի և էկոլոգիայի ամբիոնի հետ իրականացված մեծածավալ հետազոտության արդյունքները՝ ամփոփելով դրանք «Շրջակա միջավայրի որոշ գործոնների ազդեցությունը ՀՀ-ում աուտիզմի տարածվածության վրա» վերնագրով զեկույցում: Պրոֆեսորն անդրադարձավ շրջակա միջավայրի գործոնների ազդեցությանը բնակչության նեյրոզարգացման ցուցանիշների վրա՝ ներկայացնելով Հայաստանի մարզերում իրականացված ուսումնասիրությունները և դրանց արդյունքում արձանագրված առանձնահատությունները՝ ըստ տարածաշրջանների:
Հաջորդիվ, ԵՊԲՀ «ՔՈԲՐԵՅՆ» կենտրոնի նեյրոգիտության լաբորատորիայի հայցորդ, հանրային առողջության մասնագետ Մերի Մխիթարյանը ներկայացրեց միջավայրային գործոնների դերն ԱՍԽ զարգացման գործընթացում՝ առանձնացնելով ԱՍԽ հիմնական բնութագրիչները, համաճարակաբանությունը և էթիոլոգիան:
Մանկական հոգեբույժ, «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի մանկական բաժանմունքի վարիչ Սոֆի Գարաքյանը հանդես եկավ զեկույցով՝ նվիրված շրջակա միջավայրին և էպիգենետիկ խոցելիությանը ԱՍԽ ունեցողների շրջանում: Նա ներկայացրեց ԱՍԽ «կարմիր դրոշակները», տարածված միֆերը, աուտիզմի հետազոտման հիմնական մեթոդներն ու ռիսկի գործոնները:
Հաջորդ զեկուցողը՝ «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի բուժական գծով փոխտնօրեն Գևորգ Փաշիկյանը, ներկայացրեց ԱՍԽ ունեցող մեծահասակների վրա արտաքին միջավայրի գործոնների ազդեցությունը՝ քննարկելով ԱՍԽ հիմնական ախտանիշներն ու ախտորոշիչ չափանիշները, ԱՍԽ ուշ ախտորոշման հետևանքները, մեծահասակների շրջանում ԱՍԽ ախտորոշելու դժվարությունները և ախտորոշման գործիքների ցանկը:
Միջոցառման վերջին զեկույցը վերաբերում էր ԱՍԽ ունեցող երեխաների շրջանում սննդային վարքի առանձնահատկություններին: Զեկույցում բժիշկ-դիետոլոգ Լիդիա Այվազյանը խոսեց սննդընդունման ժամանակ ԱՍԽ ունեցող երեխաների վարքային դրսևորումների, ծնողների կողմից կիրառվող դիետաների, դրանք ընտրելիս զգուշավորության կարևորության, ինչպես նաև ԱՍԽ ունեցող երեխաների ու դեռահասների շրջանում ավելորդ քաշի և ճարպակալման ռիսկերի մասին:
Եզրափակելով միջոցառումը՝ պրոֆեսոր Ենկոյանը շնորհակալություն հայտնեց մասնակիցներին՝ ընդգծելով նման հարթակների կարևորությունը ինպես մասնագիտական փորձի փոխանակման, այնպես էլ հանրության իրազեկվածության բարձրացման տեսանկյունից: