Համալսարանական երեք հիվանդանոցի 2024 թվականի գործունեության հաշվետվությունն էր ապրիլի 30-ին հրավիրված Գիտական խորհրդի նիստի հիմնական քննարկվող նյութը:
Ձեռքբերումներից մինչև խնդիրներ ու անելիքներ` վերջին մեկ տարվա կտրվածքով ներկայացրեց Կլինիկական աշխատանքների գծով պրոռեկտոր Արմեն Մինասյանը:
ԵՊԲՀ-ի կազմում գործող «Հերացի», «Մուրացան» և «Միքայելյան» հիվանդանոցային համալիրները բազմապրոֆիլ վիրաբուժական և թերապևտիկ ծառայություններով բուժհաստատություններ են: Համալսարանական հիվանդանոցների կազմում գործում է երկու առողջության առաջնային պահպանման պոլիկլինիկա, ինչպես նաև հանրապետական նշանակության նորածնային վերակենդանացման, բժշկական գենետիկայի, մանկական էնդոկրինոլոգիայի, մանկական թունաբանության և մուկովիսցիդոզի կենտրոնները:
«Ուսումնասիրելով վերջին տարիների համալսարանական հիվանդանոցների բուժական գործունեությունը, կարելի է արձանագրել, որ նախորդ տարվա համեմատ երեք հիվանդանոցում նկատվել է ստացիոնար պացիենտների ընդհանուր թվի 9,2% աճ»,- թվային տվյալներով հագեցած ելույթում ասաց պրոֆեսոր Մինասյանը:
2023 թվականին երեք հիվանդանոցները ամբուլատոր կարգով սպասարկել է 103862 պացիենտ, իսկ 2024 թվականին՝ 121882, ինչը 17,3%-ով ավել է նախորդ տարվանից:
Շտապ օգնությամբ դիմելիությունը «Հերացի» և «Միքայելյան» հիվանդանոցներ նույնպես ավելացել է 8,4%-ով: 2024 թվականին 1,5 %-ով նվազել են նորածնային վերակենդանացման կլինիկայի սանավիացիայի ծառայության կողմից Երևանում սպասարկված կանչերը` կազմելով 127 կանչ, միևնույն ժամանակ 2%-ով ավելացել է մարզերի կանչերի քանակը` կազմելով 545 կանչ: Սանավիացիայի ծառայության կողմից կանչերի թիվը նշված ժամանակահատվածում 672-ն է:
Ընդհանուր առմամբ երեք հիվանդանոցներում աճել է վիրահատությունների ընդհանուր թիվը: Երեք հիվանդանոցներում ընդհանուր բուժաշխատողների թիվը 2024թ. կազմել է 1910, որից բժիշկ 716, բուժքույր՝ 682:
Այս հարցի առնչությամբ հարց հղեց ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը` հետաքրքրվելով, թե բժիշկների քանի տոկոսն է ուսումնական պրոցեսի մեջ ներգրավված:
Համալսարանական հիվանդանոցների կրթելու առանձնահատկությունը որպես չափորոշիչ ձևավորելն ու դիտարկելը նա առանձնակի կարևորեց: Թեմայի շուրջ ելույթներ ունեցան նաև Հետբուհական և շարունակական կրթության գծով պրոռեկտոր Գառնիկ Ավետիսյանը և Գիտության գծով պրոռեկտոր Կոնստանտին Ենկոյանը:
Հաջորդիվ` Կլինիկական աշխատանքների գծով պրոռեկտորն ուսումնական գործըթնացին անդրադառնալով նշեց, որ համալսարանում «Բուժական գործ» և «Ստոմատոլոգիա» կրթական ծրագրերի կլինիկական ամբիոնների դասապրոցեսը կազմակերպվում է համալսարանական երեք հիվանդանոցում և համալսարանի հետ պայմանագրեր կնքած 29 բժշկական կազմակերպությունում:
Փաստացի 3-6-րդ կուրսի ավելի քան 3000 ուսանողների շուրջ 60%-ը (1839 ուսանող) 1 օրվա ընթացքում հաճախումէ է համալսարանական հիվանդանոցներ:
«2023 թվականից ռեկտորի հանձնարարությամբ, Ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտորի հետ մշակվել է ամառային պրակտիկայի անցկացման, ինչպես նաև գործնական հմտությունների դասավանդման նոր մոդել: Այս փոփոխությունը հանգեցրեց նրան, որ ամառային շրջանում պրակտիկ հմտությունների դասավանդման ձևաչափը փոխարինվեց ուսումնական տարվա ընթացքում դասավանդման մոդելով: Արդյունքում՝ համալսարանի «Բուժական գործ» կրթական ծրագրով նախատեսված գործանական հմտությունների դասավանդման նոր ձևաչափով այն իրականացվում է բացառապես համալսարանական հիավնդանոցներում»,- նկատեց Արմեն Մինասյանը` հավելելով, որ նման փոփոխություններ նախատեսվում են նաև «Ստոմատոլոգիա» և «Ֆարմացիա» կրթական ծրագրերի հավատարմագրման շրջանակում, ինչի կապակցությամբ նախապատրաստական աշխատանքներ են կատարվում:
Շարունակվում են ուսանողների կամավորական աշխատանքները համալսարանական բժշկական հաստատություններում: Շարունակվում է համալսարանական կլինիկաների միջազգային համագործակությունն արտերկրյա այլ առաջատար կլինիկաների հետ:
2024 թվականի ապրիլին տեղի ունեցավ հայ-գերմանական «Սրտային անբավարարության գարնանային դպրոց» առաջին գիտաժողովը «Հերացի» համալիրի և Գերմանիայի Մագդեբուրգի համալսարանական հիվանդանոցի Սրտաբանության և անգիոլոգիայի կլինիկայի հետ համատեղ:
Համագործակցության շրջանակում 4 սրտաբան և 2 սրտաբանության ոլորտի բուժքույր մասնագիտական կատարելագործում անցան Մագդեբուրգի համալսարանական կլինիկայում:
Սրանով ամրապնդվեց նաև հետագա համագործակցության հիմքերը: 2024թ. նոյեմբերին տեղի ունեցավ Հայ-գերմանական ուռուցքաբանության դպրոցի 6-րդ հանդիպումը «Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտի Ընդհանուր ուռուցքաբանության ամբիոնի և Գերմանիայի Մյունսթերի համալսարանական կլինիկայի հետ համատեղ:
Քննարկվեցին ուռուցքաբանության ոլորտի բազմաթիվ արդի հարցեր: 2024թ. հունիսին «Մուրացան» համալիր այցելեց Մանկաբուժության և դեռահասների բժշկության գերմանական ասոցիացիայի 3 մանկաբույժ պրոֆեսոր, որոնք կիսեցին իրենց փորձը մեր մասնագետների հետ:
2025թ. փետրվարին կատարվեց կրկնակի այց:
Շարունակվում է «Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիրի և Շվեդիայի Յոնշոպինգի Ռիհով հիվադանոցի հետ սերտ համագործակցությունը: 2024թ.-ի ընթացքում 5 բժիշկ մասնագիտական կատարելագործում անցավ նշված հիվանդանոցում: Այս համագործակցությունը արդեն ավանդույթ է դարձել:
Պրոռեկտորն անդրադարձավ նաև ֆինանսական գործունեությանը` տեղեկացնելով, որ ավելացել է «Հերացի» և «Մուրացան» հիվանդանոցների պետական պատվերի բյուջեն:
Նույն երկու հիվանդանոցում աճել են վճարովի ծառայությունները:
Համալսարանական կլինիկաների կողմից իրականացված այլ ծրագրերի մասին խոսելով զեկուցողը նկատեց, որ 2023 թվականի ապրիլին Գիտական խորհրդի որոշմամբ ամրագրված ծրագրի դրույթներից նպատակ էր դրվել մշակել համալսարանական հիվանդանոցների կառուցվածքային, կազմակերպչական բարեփոխումներ և աշխատավարձի վարձատրման նոր մեխանիզմներ:
Այսպիսով, 2024 թվականի ընթացքում կատարվել են բազմաթիվ բարեփոխումներ, որոնց արդյունքում ոչ միայն վերակազմակերպվել և ստեղծվել են նոր կառուցվածքային ստորաբաժանումներ, այլև ավելացվել են նոր հաստիքներ և կրճատվել մի շարք հաստիքային միավորներ:
ԵՊԲՀ-ում կլինիկական հետազոտությունների կարողությունների բարելավման նպատակով գիտական մասի հետ համատեղ իրականացվել է ոլորտի բացերի ուսումնասիրություն:
2024-2025թթ. գիտակրթական հետազոտական աշխատանքների միասնական հարթակ ստեղծելու նպատակով իրականացվել են մի շարք քայլեր:
«Միքայելյան» հիվանդանոցում հաջողությամբ ավարտին է հասցվել երեք համալսարանական հիվանդանոցների միասնական լաբորատորիայի գործարկման աշխատանքները:
Միասնական լաբորատորիայում նախատեսվում է իրականացնել երեք հիվանդանոցների լաբորատոր ախտորոշիչ հետազոտությունները: Աշխատանքները կատարվում են փուլային կարգով: Համալսարանական երեք հիվանդանոցների գործող լաբորատորիաները, արդեն ստացել են որակի հավատարմագիր, համաձայն ՀՀ կառավարության որոշման պահանջների և արդեն գործում են որպես հավատարմագրված լաբորատորիաներ:
«Միքայելյան» հիվանդանոցի լաբորատորիան ստացել է որակի միջազգային ISO հավատարմագիր: Ավարտված է նաև «Հերացի» լաբորատորիայի թվայնացման գործընթացը:
Ընթացքում են «Մուրացան» և «Միքայելյան» հիվանդանոցների լաբորատորիաների թվայնացման գործընթացները:
Պրոռեկտորը հանգամանալից անդրադարձավ նաև հիվանդանոցների զարգացման ծրագրերի կատարողականին: Ամփոփելով, նա փաստեց, որ առաջիկայում ծրագրված աշխատանքները ևս քիչ չեն:
Դրանց թվում է համալսարանական կլինիկաներում ISO 9001:2015 կառավարման որակի չափորոշիչների ներդրումը, կլինիկաների թվայնացման գործընթացի շարունակումը:
Գիտակլինիկական հետազոտական աշխատանքների միասնական հարթակի կայացման գործընթացին, վերազինման, մի շարք այլ կարևոր պրոցեսներին զուգընթաց առանցքային է լինելու նաև ստոմատոլոգիական ծառայությունների բարեփոխումների ծրագիրն ավարտին հասցնելը (2025-2027թթ): Լ
Լսելով ծավալուն զեկույցը` Արմեն Մուրադյանը փաստեց, որ որակական ցուցանիշները բուժական հատվածում տեսանելի են հատկապես ապագա բժիշկների, ուսանողների համար:
Նա բարձր գնահատեց բուժաշխատողների նվիրումն ամենօրյա աշխատանքին։
Օրակարգում ներառված հարցերի համաձայն, Գիտական խորհրդի հաստատմամբ բուհում, Ընդհանուր բժշկության ֆակուլտետում կսահմանվի Վիրաբուժության թիվ 1 ամբիոնի բազմամյա պրոֆեսոր Վիկտոր Թադևոսի Ափոյանի անվան կրթաթոշակ:
Հարցը զեկուցեց Նոմինացիոն կոմիտեի նախագահ Վլադիմիր Շեկոյանը:
Առաջարկն ու նախաձեռնությունը նույն ամբիոնի ներկայիս ղեկավար, պրոֆեսոր Սուրեն Ստեփանյանինն է: Մայիսին մեծանուն բժիշկ-գիտնականի 95-ամյա հոբելյանն է:
«Ամփոփիչ ատեստավորման մասին» կանոնակարգի փոփոխությունը հաստատվեց Ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Լարիսա Ավետիսյանի, իսկ «Անձնակազմի և մարդկային ռեսուրսների կառավարման վարչության կանոնակարգը»` Անձնակազմի և մարդկային ռեսուրսների կառավարման վարչության պետ Վարազդատ Դանիելյանի ներկայացմամբ: