Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Կլինիկական օրդինատորի համար մանկաբուժությունն ավելին է քան մասնագիտություն

Կլինիկական օրդինատորի համար մանկաբուժությունն ավելին է քան մասնագիտություն

Նուշիկ Շիրինյանը սովորում է «Մանկաբուժություն» մասնագիտությամբ կլինիկական օրդինատուրայի 3-րդ կուրսում: Կլինիկական օրդինատուրան անցնում է «Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիրի Մանկաբուժության թիվ 1 ամբիոնում, զուգահեռաբար աշխատում է Երևանի շտապօգնության ծառայությունում՝ որպես գծային բրիգադի բժիշկ։

«Շտապօգնության բժշկի աշխատանքը սկսել եմ 2020 թվականի ապրիլից, երբ համաճարակը դեռ նոր էր սկսվել և չէինք կարող պատկերացնել, թե ինչ դժվար ժամանակներ են սպասվում… Անկախ նեղ մասնագիտացումից՝ միշտ ցանկացել եմ աշխատել «Շտապօգնությունում», քանի որ սիրում եմ աշխատանքի բնույթը՝ անկանխատեսելիություն, արագ կողմնորոշվելու և գործելու կարողություն, բուժօգնության կարիք ունեցող պացենտին առաջինը հասնելու հնարավորություն, երբ քո աշխատանքի արդյունքում պահպանվում է նրա առողջությունը, կանխվում հաշմանդամությունը և, իհարկե, փրկվում կյանքեր»,- պատմում է ԵՊԲՀ մասնագիտական և շարունակական կրթության կենտրոնի սովորողը:

Ինչպես շատ ապագա մասնագետներ, Նուշիկ Շրինյանը ևս կորոնավիրուսային  համավարակի օրերին աշխատել և աշխատում է ծանրաբեռնված, քանի որ պացենտների մի մասը գտնվում էին ծանր և ծայրահեղ ծանր վիճակում, մահճակալային ֆոնդը խիստ ծանրաբեռնված էր, նրանց բուժօգնությունն անհրաժեշտ էր ապահովել տնային պայմաններում, որն առավել բարդացնում էր աշխատանքը: Միաժամանակ բուժանձնակազմի բարձր հիվանդացությունը, դրա հետևանքով մարդկային ռեսուրսների սղությունը, ֆիզիկական խիստ լարվածությանն ավելացնում էին հոգեբանական ծանրաբեռնվածությունը:

«Այս ամենի հետ մեկտեղ չէր կարող տուժել ուսումնառությունը կլինիկական օրդինատուրայում, քանի որ «Մուրացան» համալսարանական հիվանդանոցում Մանկավարժական թիվ 1 կլինիկայում բուժօգնություն էին ստանում Covid-19-ով վարակված նորածինները, որը ստիպում էր առավել պատասխանատվությամբ վերաբերվել աշխատանքին»,- նշում է կլինիկական օրդինատորը:

Նրա գնահատմամբ՝ թվում էր, թե համավարակից ավելի դժվար ժամանակաշրջան հնարավոր չէ պատկերացնել, երբ սկսվեց պատերազմը. Covid-19-ի հերթական ալիք և վիրավոր զինծառայողների մեծ քանակ, որոնք ունեին բուժօգնության և սահմանամերձ շրջաններից ու Ստեփանակերտից Երևան տեղափոխվելու անհրաժեշտություն։

«Երբ հարց առաջացավ՝ կմեկնեմ արդյո՞ք Արցախ, անգամ չեմ մտածել կամ երկմտել, քանի որ ունեի հնարավորություն օգնություն ցուցաբերելու մեր երկրի սահմանները պահպանող և հանուն մեր բոլորի իրենց կյանքը վտանգած և վիրավորում ստացած զինծառայողներին: Այդ պահին երևի չէի էլ գիտակցում հնարավոր վտանգը, որոշումս հստակ էր։ Արցախի Հանրապետության տարածքում, երբ անդադար լսում ես ռմբակոծության ձայները, տեսնում երկինք բարձրացող պայթյուններից առաջացած ծուխը, զգում ես, թե ինչ կարող է լինել: Բայց անգամ դա չէր կարող համեմատվել 18-ամյա զինվորին օգնելու ցանկության հետ։ Արցախ մեկնել եմ բավականին հաճախ՝ յուրաքանչյուր հերթապահության ժամանակ՝ ամեն հաջորդ այցին ավելի մեծ պատրաստակամությամբ»,- հիշում է ապագա մանկաբույժ:

Պատերազմական օրերին եղել են օրեր, որ ռմբակոծության պատճառով չեն կարողացել վերադառնալ Երևան, 1-2 օր ստիպված են եղել պատսպարվել բունկերներում՝ մինչև իրավիճակի համեմատաբար կայունանալը։

Բժիշկ դառնալու որոշումը կայացրել է՝ գիտակցելով մասնագիտության կարևորությունը, պատասխանատվությունը, բարդություններն ու բնավորության որոշ գծերը, որը կարծում է՝ հնարավորություն կտա լավ մասնագետ դառնալ։

«Նեղ մասնագիտությունն ընտրելիս այլ տարբերակ չեմ ունեցել. մանկաբուժությունն ինձ համար միայն մասնագիտություն չէ, աշխատանքս ինձ հաճույք է պատճառում. երբ ծանր վիճակում գտնվող փոքրիկը ժպտում է քեզ և յուրաքանչյուր առավոտ սպասում քո այցին: Իմ կարծիքով՝ կարևորագույն մասնագիտություններից մեկն է, չէ՞ որ աշխատանքն ուղղված է ամենակարևոր էակների առողջության պահպանմանը և ապագա առողջ սերունդ ունենալուն»,- մանրամասնում է սովորողը՝ հավելելով, որ հսկայական է «Մուրացան» հիվանդանոցային համալիրի  աջակցությանը, մասնագիտացման ձեռք բերման հարցում, որտեղ նա հերթապահել է դեռ ուսանողական տարիներից։

Խոսելով ուսումնառության մասին նկատում է, որ  ԵՊԲՀ-ի շնորհիվ հնարավորություն է ունեցել նաև մասնագիտական գիտելիքներ ստանալ Ն. Ի. Պիրոգովի անվան ռուսական ազգային հետազոտական բժշկական ինստիտուտում՝ փոխանակային ծրագրի շրջանակում։