«Օմիկրոն» շտամը ներկայումս վարակի գերիշխող տարբերակն է համարվում աշխարհում, ի տարբերություն մյուս մուտացված տարբերակների այն ավելի մեծ արագությամբ է տարածվում։ Դրանով է պայմանավորված, որ մուտացիան կարող է դասակարգվել որպես մտահոգիչ տարբերակ։ Վերջին շաբաթների ընթացքում մենք ականատես ենք լինում նաև մահացության մակարդակի կտրուկ աճին ամբողջ աշխարհում: ԵՊԲՀ հիգիենիկ և հակահամաճարակային բաժնի պետ, համաճարակաբանության ամբիոնի դոցենտ Կարինե Պողոսյանի գնահատմամբ` «Օմիկրոնը» շատ արագ դուրս մղեց «Դելտա»-ին բարձր վարակելիության շնորհիվ:
«Շատ մտահոգիչ պատկեր ունենք, քանի որ ոչ բոլոր երկրներում է համաճարակի նոր ալիքը հասել գագաթնակետին։ «Օմիկրոն» շտամն ունի ավելի քան 50 մուտացիա, ԱՀԿ-ն ներկայումս հետևում է չորս տարբերակի՝ BA.1, BA.1.1, BA.2 և BA.3, վերջերս Մեծ Բրիտանիայում հայտնաբերվել է BA.2 կորոնավիրուսի օմիկրոն շտամի նոր ենթատեսակ: Որոշ մուտացիաներ թույլ են տալիս կորոնավիրուսին ավելի արագ թափանցել բջիջներ, իսկ որոշ մուտացիաներ «թաքցնում են» «Օմիկրոն» S-սպիտակուցը հակամարմիններից, որոնք առաջացել են հիվանդությունից կամ պատվաստումից հետո։ Այդ պատճառով ինկուբացիոն շրջանը կրճատվել է մինչև 3 օր»,- մանրամասնում է Կարինե Պողոսյանը:
«Օմիկրոն»-ը համեմատած կորոնավիրուսի մյուս տարբերակների հետ, այն վերարտադրվում է վերին շնչուղիներում, մինչդեռ հիվանդության ժամանակ թոքերին էական վնաս չի հասցվում, կարելի է ասել, որ «Օմիկրոն»-ով վարակվելիս հիվանդության ընթացքը կարող է լինել ասիմպտոմատիկից մինչև թեթև։
«Հիվանդությունը հիմնականում տևում է հինգից յոթ օր, ընդհանուր առմամբ այս շտամը հանգեցնում է ավելի քիչ հոսպիտալացման, սակայն չպետք է մոռանանք, որ դեռ շրջանառվում է նաև «Դելտա» շտամը»,- նկատում է համալսարանական մասնագետը` հավելելով, որ COVID-19-ի դեմ պատվաստանյութերը հիվանդության ծանր ընթացքից պաշտպանվելու ամենահուսալի միջոցն են։
Նրա փոխանցմամբ` կյանքեր փրկելու համար մենք պետք է ոչ միայն իմունականխարգելման ծածկույթը ապահովենք, այլև ամեն ինչ անենք վիրուսի տարածումը նվազեցնելու համար։
Սոցիալական հեռավորություն, դիմակներ, ձեռքերի հիգիենա, սենյակների օդափոխություն. այս և այլ միջոցառումները դեռ կարևոր են։ Միայն վարակի տարածումը կասեցնելու դեպքում հնարավոր է նվազեցնել նոր տարբերակների առաջացման ռիսկը:
Նոր շտամի ի հայտ գալով կորոնավիրուսը չի դադարել փոխազդել մարդու նյարդային և արյունային համակարգերի հետ: COVID-19-ով վարակված մարդկանց մոտ ամենից հաճախ խափանվում է այդ համակարգերի աշխատանքը։
««Հետքովիդային» սինդրոմը կարող է ախտորոշվել հիվանդությունից միայն երեք ամիս անց, այս երեք ամիսը դեռ չի անցել: «Հետկովիդային» վիճակն առաջացնում է աուտոիմուն, նյարդային համակարգի, ուղեղի աշխատանքի և տղամարդու վերարտադրության հետ կապված խնդիրներ: Պետք է մտածել հնարավոր հետևանքների մասին և կանխել «Հետքովիդային» համախտանիշի զարգացումը»,- նշում է Կարինե Պողոսյանը` հիշեցնելով, որ ներկա պահին մեր երկրում շրջանառվում են նաև այլ սուր շնչառական վարակիչ հիվանդություններ, որոնք կլինիկական դրսևորումներով նման են կորոնավիրուսային հիվանդությանը, ուստի պետք է անցնել լաբորատոր հետազոտություն, ինչպես նաև չզբաղվել ինքնաբուժմամբ, որը շատ դեպքերում բերում է ծանր հետևանքերի:
Վերջում նշենք, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը դիմակի կրումը վարակի փոխանցումը կանխարգելող կարևորագույն միջոց է համարում և այն պետք է կիրառել հակահամաճարակային այլ միջոցառումների հետ միասին, այն է՝ փակ տարածքների միջանցիկ օդափոխություն, սոցիալական հեռավորության պահպանում, ձեռքերի հիգիենա և այլն:
Դիմակները կիրառվում են և առողջ մարդկանց պաշտպանության, և վարակի հետագա փոխանցումը կանխելու նպատակով, և երկուսը միասին: