Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

«Երկարատև Քովիդ». հանրային առողջության նոր մարտահրավեր

«Երկարատև Քովիդ». հանրային առողջության նոր մարտահրավեր

Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում նկատվում է COVID-19 համավարակի նահանջ, ինչը հանգեցնում է նաև դրա՝ առողջապահության առաջնահերթությունների շարքից դուրս մղվելուն:

Սակայն, թեև հիվանդացությունը նոր կորոնավիրուսային հիվանդությամբ նվազում է, ի հայտ է եկել նոր հիմնախնդիր, որին «Հերացի» վերլուծականն արդեն անդրադարձել էր՝ այսպես կոչված  Long COVID կամ «Երկարատև Քովիդ»:

 Այն հանդիպում է հիվանդությունը հաղթահարած մարդկանց շրջանում և դրսևորվում բազմաթիվ ախտանշաններով:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության գնահատականի համաձայն` COVID-19-ով վարակվել է ավելի քան 600 միլիոն մարդ, որոնցից գրեթե 6,5 միլիոնը մահացել են:

Միևնույն ժամանակ, նոր կորոնավիրուսային հիվանդությունը հաղթահարած մարդկանց 10-20%-ի մոտ հիվանդության ախտանշանները պահպանվում են տևական ժամանակ՝ ներառյալ շնչառության դժվարացումը, հոգնածությունը, կոգնիտիվ դիսֆունկցիան և այլն:

«Երկարատև Քովիդ»-ի  ախտորոշման համար առայժմ թեստավորման հնարավորություն չկա, վերջինիս հստակ պատճառները դեռևս բացահայտված չեն:

 Այն առանձնահատուկ մարտահրավերներ է ստեղծում գիտնականների, հանրային առողջապահության մասնագետների և որոշումներ կայացնողների համար, որոնք պետք է ձգտեն, որպեսզի տվյալ երկրի հասարակությունն առաջ շարժվի՝ հաղթահարելով համավարակի հետևանքները:

Այսպես, համաձայն Էնթոնի Ֆաուչիի՝ վարակիչ հիվանդությունների գծով ԱՄՆ գլխավոր փորձագետի․

««Երկարատև Քովիդ»-ի դեպքում ցավալին, դժվարը և հիասթափեցնողն այն է, որ առկա են դրա բազմաթիվ տարրեր, որոնք չեն տեղավորվում հայտնի կամ ճանաչելի պաթոգեն գործընթացների մեջ: Օրինակ՝ եթե ​​մարդը խիստ հոգնած է և անկարող է աշխատել, չկա լաբորատոր հետազոտություն, ռենտգեն, համակարգչային շերտագրություն կամ ՄՌՏ հետազոտություն, որը կհայտնաբերի ախտահարումը և կախտորոշի հոգնածության պատճառը»:

Նրա խոսքով` մասնագետները մինչ այժմ չգիտեն, թե ինչու է ուղեղը մթագնում:

 Ինչպե՞ս է պատահում, որ մեկը, որն ինտելեկտուալ առումով շատ սրամիտ է և շատ եռանդուն, հանկարծ, նոր կորոնարովիրուսային հիվանդությամբ վարակվելուց հետո, ավելի քան կես ժամ չի կարողանում կենտրոնանալ որևէ բանի վրա: Իսկ ինչպե՞ս է ստացվում, որ պրոֆեսիոնալ մարզիկներն այլևս մարզվելու կարողություն չեն ունենում։

 

Ֆաուչին նշում է, որ սրանք բոլորն առեղծվածներ են, որոնք անհրաժեշտ է հնարավորինս մոտ ապագայում բացահայտել: 

«Մյուս հետաքրքիր փաստն այն է, որ ախտանշաններն ավելի ցայտուն են հոգեբանական խնդիրներ ունեցող մարդկանց մոտ՝ դեպրեսիա և այլն։ Հետևաբար անհրաժեշտ է առաջնահերթ հետազոտել այս խմբի մարդկանց», – նկատում է փորձագետը:

ԱՀԿ-ն մի քանի հիմնական տարր է շեշտադրում, որոնք անհրաժեշտ են երկարատև COVID-19-ի դեմ տարվող աշխատանքներն առաջ մղելու համար:

 Առաջին տեղում պացիենտների հետ տարվող աշխատանքների ընդլայնումն է՝ վերջինների ձայնն առավել լսելի դարձնելու նպատակով և հիվանդության դեմ պայքարի արդյունավետ քաղաքականություն ձևավորելու համար:

 Հաջորդը համապարփակ տվյալների հավաքագրումն է՝ իրավիճակը հասկանալու և գնահատելու համար, ինչպես նաև միջազգային համագործակցության ամրապնդումը՝ երկրների միջև տեղեկատվության փոխանակումն առավել ինտենսիվ դարձնելու նպատակով:

Հարկ է նշել, որ աննուղակի տվյալները վկայում են, որ «Երկարատև Քովիդ»-ը արդի խնդիր է նաև Հայաստանի համար, քանի որ եթե ընդհանուր մահացությունն աստիճանաբար կայունանում է՝ վերադառնալով մինչքովիդյան ցուցանիշներին, ապա մահացությունը շնչառական օրգանների հիվանդություններից շարունակում է մնալ բարձր:

Մասնավորապես, Վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն 2022թ. հունվար-օգոստոսին այն գերազանցել է նախորդ տարվա համանուն ցուցանիշը 5.6%-ով:

Կորոնավիրուսի ազդեցությունը մարդկանց առողջական վիճակի վրա գնահատելու նպատակով ԵՊԲՀ հանրային առողջության և առողջապահության կազմակերպման ամբիոնը նախաձեռնել և իրականացնում է «Կորոնավիրուսային հիվանդության ՊՇՌ կեղծ բացաասական արդյունքների առողջապահական, բժշկական և համաճարակաբանական հետևանքների գնահատում» հետազոտությունը, որի արդյունքները կարևոր ներդրում կարող են լինել խնդրի լուծման ռազմավարության որոշման ընթացքում: