Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Հայաստանցիների 43%-ը տեղյակ չէ առողջության համապարփակ ապահովագրության ներդրման առավելությունների մասին

Հայաստանցիների 43%-ը տեղյակ չէ առողջության համապարփակ ապահովագրության ներդրման առավելությունների մասին

«Հերացի» վերլուծականը շարունակում է առողջության համապարփակ ապահովագրությանն առնչվող հրապարակումների շարքը, որի նպատակն է բարձրացնել մարդկանց իրազեկվածությունն բարեփոխման նպատակների, առավելությունների և հնարավոր ռիսկերի վերաբերյալ:

Ցանկացած լայնածավալ բարեփոխման հաջողության գրավականն է հանրային լայն աջակցությունը: Այդ համատեքստում հետաքրքիր են առկա սոցիոլոգիական հարցումների տվյալները, որոնք վկայում են, որ Հայաստանի բնակչության 63%-ը, իսկ 18-35 տարեկանների խմբում՝ 74%-ը, տեղյակ չէ սպասվող ռեֆորմի մասին: Դեռ ավելին, հարցվածների 43%-ը իրազեկ չեն առողջության համապարփակ ապահովագրության ներդրման առավելությունների մասին: Եվ, որպես հետևանք, մարդկանց 58%-ը չի համաձայնվել ավելի շատ հարկ վճարել ապահովագրական համակարգի ներդրման համար:

Բժշկական ապահովագրության մասին խոսելիս, հաճախ կենտրոնանում ենք ներդրման հետևանքով առաջացող ֆինանսական բեռի, հնարավոր խնդիրների և անհաջողության հավանականության վրա, շրջանցելով դրա նպատակները և ձեռքբերումները՝ թե՜ անհատի, թե՜ հասարակության, թե՜ պետության համար:

Ինչպես արդեն նշել ենք առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հիմնական նպատակն է պաշտպանել բնակչությունը առողջության պահպանման հետևանքով առաջացող ֆինանսական ռիսկերից, որոնք առաջանում են երբ բժշկական ծառայությունների դիմաց մարդիկ վճարում են սեփական գրպանից՝ վերջինների ստացման վայրում: Մասնավորապես, տնային տնտեսությունների կողմից իրականացված ուղղակի վճարումների ծավալը Հայաստանում կազմել է ընդհանուր առողջապահական ծախսերի 78.7%-ը, որը Առողջապահության համաշխարհային կազմակերպության Եվրոպական տարածաշրջանի 53 երկրերի շրջանում ամենաբարձ ցուցանիշն է:

Դեռ ավելին, ընդունված է համարել, որ եթե առողջապահության համակարգն ուղղակիորեն ֆինանսավորվում է տնային տնտեսությունների կողմից ավելի քան 30%-ով, ապա դա համարվում է վտանգի գոտի, որն ազդում է ընտանիքների բարեկցության և աղքատացման հավանականության վրա՝ առաջացնելով մասնագիտական գրականության մեջ «աղետալի ծախսեր» կոչվող երևույթը: Տերմինի ընտրությունը պատահական չէ, քանի որ բժշկական ծառայությունների արժեքն հաճախ անհամադրելի է լինում ընտանիքների եկամուտների հետ և վերջինները ստիպված են լինում վաճառել իրենց անշարժ և շարժական գույքը՝ փաստացի կորցնելով այն, ճիշտ այնպես, ինչպես օրինակ՝ երկրաշարժի ժամանակ:

Աշխարհի բնակչության շուրջ 12,7%-ը կամ 930 միլիոն մարդ բախվում է աղետալի ծախսերի հիմնախնդրին առողջապահական ծախսերը սեփական գրպանից հոգալու պատճառով: Ցավոք, նման ընտանիքներ կան նաև Հայաստանում: Այսպես, ԵՊԲՀ գիտնականների կողմից արված հետազոտության համաձայն, միայն Երևանում տնային տնտեսությունների 2.1%-ը ենթարկվել է նման ազդեցության: The Lancet, հեղինակավոր գիտական պարբերականում տպագրված հոդվածի համաձայն համապետական ցուցանիշն էլ ավելի բարձր է՝ 16%: Արդյունքում, բնակչության 3%-ը հատել է աղքատության գիծը հայտնվելով անապահովության ճիրաններում:

Եվրոպական միության երկրներում, որոնց մեծամասնությունում գործում է առողջության համապարփակ ապահովագրության համակարգը, աղետալի ծախսերի ցուցանիշը գրեթե երկու անգամ ավելի ցածր է Հայաստանում գրանցված ցուցանիշից, ընդ որում մի շարք երկրներում (օրինակ՝ Իսպանիայում, Սլովենիայում, Իռլանդիայում և այլն) այն կազմում է ընդամենը շուրջ 2%:

Անհրաժեշտ է հիշել, որ ոչ մի թվային ցուցանիշ չի կարող փոխանցել այն ապրումները, որոնք ունենում են երկընտրանքի առջև կանգնած մարդիկ. բուժման ծախսերը հոգալու համար վաճառել ծանր աշխատանքով վաստակած ունեցվածքը, թե մնալ կորցնել առողջությունը:

Սոցիալական համերաշխության սկզբունքից ելնելով, անհրաժեշտ է ձգտել բացառել նման ընտրությունը մեր պետության մեջ, իսկ յուրաքանչյուրին հասանելի առողջապահությունն անհրաժեշտ է դիտարկել որպես սոցիալական բարիքներից մեկը, որն ամեն անհատ ստանում է Հայաստանի քաղաքացիության հետ միասին: