Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Կլինիկական խորհրդի նիստ անցկացվեց

Կլինիկական խորհրդի նիստ անցկացվեց

Կլինիկական խորհրդի նիստը մարտի 24-ին մեկնարկեց խորհրդի կազմի փոփոխության ներկայացմամբ և հաստատմամբ` Կլինիկական աշխատանքների կազմակերպման վարչության պետ Դավիթ Մելիք-Նուբարյանի զեկուցմամբ:

Ռեկտորի խորհրդական Իզաբել Աբգարյանը ներկայացրեց «ԵՊԲՀ գիտական և ակադեմիական անձնակազմին ներկայացվող աֆիլացիայի պահանջները» Գիտական խորհրդի 2023թ. մարտի 16-ի որոշումը:

Աֆիլիացիայի պահանջները ԵՊԲՀ-աշխատող փոխադարձ իրավունքների և պարտականությունների ամբողջություն է, որը նպատակ ունի ապահովել մի կողմից բուհի մարդկային ռեսուրսների կայունությունը, մյուս կողմից հիմնական աշխատողների կատարած աշխատանքների շարունակական խրախուսումը:

Արձագանքելով քննարկվող հարցի մասին հնչած տեսակետներին` ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանն ընդգծեց, որ համալսարանի ներուժը հսկայական զարկ է տալիս բժշկագիտության զարգացմանը մեր երկրում` տասնամյակներ շարունակ նպաստելով ժողովրդի առողջության պահպանմանը։

Այս հարցի հիմքում նրա գնահատմամբ` աշխատակիցների համար ոչ թե խոչընդոտների, այլ բժշկական բուհի հստակ ճանապարհի, ուղենիշի սահմանումն է։

«Կլինիկական խորհրդի նիստում հանդիպում ենք տարին մեկ անգամ, որպեսզի քննարկենք կատարված աշխատանքներն ու առաջիկա ծրագրերը»,-ընդգծեց ռեկտորը։

Նիստի առանցքում էր համալսարանական երեք հիվանդանոցային համալիրի` 2022 թվականին կատարված աշխատանքների ամփոփիչ համեմատական հաշվետվությունը:

ԵՊԲՀ «Հերացի», «Մուրացան» և «Միքայելյան» հիվանդանոցներում աճել են վճարովի ծառայություններից մուտքերը:

Հիվանդանոցների ղեկավարները, ըստ կլինիկաների, անդրադարձան հիմնական ցուցանիշներին, հաջողություններին, խնդիրներին և անելիքներին:

Ներանոթային ուլտրաձայնային, ունիվերսալ էխոսրտագրության համակարգ, կարդիոմոնիտորինգային նոր համակարգի ներդրում ինտենսիվ թերապիայի բաժանմունքում և ինտենսիվ թերապիայի ծառայությունում, բրոնխոսկոպիկ նոր սարքի ձեռքբերում և կիրառում, ուլտրաձայնային սարք` երեք տվիչով, հեղուկ թթվածնի կայան. TAVI 3 միջամտություն աորտալ փականի էնդովասկուլյար պրոթեզավորում. վերոթվարկյալը «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի գլխավոր բժիշկ Արեն Բաբլումյանը ձեռքբերում և նվաճում համարեց:

Կարճ ժամանակ առաջ հիվանդանոցում Պաթանատոմիական համաժողով է անցկացվել։

Քննարկվեց համալսարանական թիվ 1 և թիվ 3 ստոմատոլոգիական կլինիկաների առանձնացման հարցը համալիրի կազմից։ Հնչեցին համալսարանական մասնագետների կարծիքները։

Ռեկտորը նշեց, որ հարցին նաև Գիտական խորհրդում անդրադարձ կկատարվի։

«Մուրացան» հիվանդանոցային համալիրի գլխավոր բժիշկ Հռիփսիմե Ապրեսյանի զեկույցում ևս ձեռքբերումներ շեշտադրվեցին:

Գաստրոսկոպիկ համակարգ (նորածնային և մանկական գաստրոսկոպներ), սպիրոմետրիայի սարք, բարձր հաճախականությամբ արհեստական շնչառության սարքավորումներ, ուլտրաձայնային ախտորոշման սարք, բիոքիմիական և սերոլոգիական անալիզատորներ, այն սարքավորումներն են, որոնցով արդեն «Մուրացան»-ում բուժառուները հետազոտվելու հնարավորություն ունեն:

«Մուրացան» պոլիկլինիկայի կողմից սպասարկվող բնակչության թիվը հատել է 25 000-ը` փոքր պոլիկլինիկայից դառնալով միջին։

Հռիփսիմե Ապրեսյանը խոսեց նաև իմունականխարգելիչ պատվաստումների, Բարոթերապիայի ծառայության մասին։

«Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտի տնօրեն Էդուարդ Բարսեղյանի կողմից ներկայացված ձեռքբերումների թվում էր ժամանակակից բրոնխոսկոպով, ինչպես նաև Էնդոուլտրաձայնային սարքավորմամբ համալրումը: Վերանորոգվել և վերազինվել է մեկ վիրահատարան: Լաբորատոր բաժնում ներդրվել է 56 նոր հետազոտություն. բաժինը համալրվել է 2 նոր սարքավորումով: Հիվանդանոցի տարածքում ստեղծվել է ուսանողական հանրակացարան` 122 տեղով, որը ոչ միայն օտարերկրացի ուսանողների համար  կացարան է, այլև համալսարանական կամպուսի մի մաս, որտեղ ապագա բժիշկները կարող են առավել մոտ լինել հիվանդանոցին և հիվանդանոցային միջավայրին։

Շեշտադրվեց ինստիտուտում նյարդաբանական և նյարդավիրաբուժական ծառայության զարգացման հարցը։ Հարցի շուրջ հանձնարարվեց ոլորտի առաջատար մասնագետներին անհրաժեշտ քայլեր ձեռնարկել։ 

Հիվանդանոցների գլխավոր պատասխանատուները խոսեցին նաև գիտական գործունեության` կլինիկական հետազոտությունների, վերջին տարվա ընթացքում տպագրված գիտական հոդվածների և թեզիսների մասին: Ուսումնական գործունեությունը համալսարանական հիվանդանոցների գործունեության անքակտելի մասն է:

Հիվանդանոցներն ուսումնական բազաներ են, բժիշկները նաև ԵՊԲՀ տարբեր ամբիոնների դասախոսներ, հենց կրթական, ուսումնական բաղադրիչն է համալսարանական հիվանդանոցներն առողջապահության ոլորտում առաջատար դարձնում:

2022 թվականին երեք հիվանդանոցում իրականացվեց բուհի մեկդարյա հոբելյանին նվիրված «100 տարի ժողովրդի թիկուքին» ծրագիրը, որի շրջանակում 100 օր հարյուրավոր քաղաքացիների առաջատար բժիշկների կողմից անվճար խորհրդատվություն և անհրաժեշտության դեպքում բուժօգնություն տրամադրվեց, այդ թվում` վիրահատական միջամտություններ, հետվիրահատական հետազոտություններ:

Բուժանձնակազմի կատարելագործումը, սպասարկման որակի բարձրացումը, ներհիվանդանոցային էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրումը, գործիքների և սարքավորումների թարմացումը, վերանորոգման աշխատանքները, արտերկրի կլինիկաների հետ համագործակցությունը երեք բուժհաստատությունում էլ առաջիկա անելիքների թվում է:

Որպես առաջիկա ծրագրեր` մատնանշվեց ըստ նեղ մասնագիտացումների համապատասխան դպրոցների ստեղծումը, որոնք հնարավորություն կտան սովորողներին խորապես թրծվել ընտրված բժշկագիտական ուղղություններում:

«Համալսարանական հիվանդանոցները ոչ միայն հիվանդների բուժման համար են, այլև հիվանդի մահճակալի կողքին նաև կրթելու գործառույթ ու առաքելություն են իրականացնում»,- նշեց Կլինիկական աշխատանքների գծով պրոռեկտոր Արմեն Մինասյանը։

Նա ընդգծեց, որ վերջին երկու տարին լիարժեքորեն չի ներկայացնում հիվանդանոցային գործունեությունը` հաշվի առնելով կորոնավիրուսային համավարակը և պատերազմը։

Նախքան այս, վերջին Կլինիկական խորհրդի նիստը բուհում հրավիրվել էր 2019 թվականին։ Առաջիկայում հիվանդանոցային գործունեության մասին պրոռեկտորն ապրիլի վերջին առավել համապարփակ կզեկուցի Գիտական խորհրդի նիստում։ 

«Մեր աշխատանքի կենտրոնում ապագա բժիշկներն են, որոնք տեսնելով մեր օրինակը կամ ցանկանում են դառնալ բժիշկ կամ ոչ, կամ որոշում են մնալ և աշխատել հայրենիքում կամ ոչ։ Ապագայի հանդեպ պատասխանատվությունը ձևավորվում է հենց բժշկական բուհում։ Իհարկե, կարող են լինել խնդիրներ, թերություններ, անգամ միջանձնային հարցեր, սակայն լինելով համալսարանական՝ մենք տարբերվում ենք»,- ամփոփելով նիստ ասաց Արմեն Մուրադյանը:

Նա առանձնահատուկ շնորհակալություն հայտնեց երեք հիվանդանոցների բուժանձնակազմերին` բժիշկներին, բուժքույրերին, մայրապետերին, հենց այս պահին հերթապահողներին։

Հավելեց, որ հիվանդանոցների զարգացման գործում մեծ է նաև Կլինիկական աշխատանքների գծով պրոռեկտոր Արմեն Մինասյանի դերը, հատկապես «Մուրացան» հիվանդանոցի՝ որպես հանրապետության թիվ 1 մանկական բժշկական կենտրոն լինելու գործում: