Դժբախտաբար, վերջին տարիներին բնակչության շրջանում ավելացել են ուռուցքային հիվանդությունները, այդ թվում՝ դիմածնոտային շրջանի։ Եվ շատերը, ցավոք, դիմում են բժշկին այդ հիվանդությունների՝ արդեն ծայրահեղ փուլերում։
Բերանի խոռոչի վերուկոզ կարցինոման հազվագյուտ չարորակ նորագոյացություն է, որը բերանի խոռոչի այնպիսի պաթոլոգիկ ախտահարումների արդյունք է, ինչպիսիք են վերուկոզ լեյկոպլակիան և վերուկոզ հիպերպլազիան: Բերանի լորձաթաղանթի վրա սպիտակավուն կամ կաթնաշոռանման գոյացության հայտնաբերման դեպքում հիվանդների կողմից մասնագետին դիմելը կարևոր է հիվանդության վաղ հայտնաբերման և լիարժեք վիրաբուժական բուժման համար: Տվյալ դեպքում հիվանդը դիմել է ԵՊԲՀ «Հերացի» հիվանդանոցային համալիրի Դիմածնոտային վիրաբուժության և ԼՕՌ կլինիկա՝ 7-8 ամիս շարունակ ալվեոլյար ելունի լորձաթաղանթի վրա սպիտակավուն կաթնաշոռային զանգվածի առկայության գանգատներով։
Կլինիկայի ղեկավար, պրոֆեսոր Աննա Պողոսյանի փոխանցմամբ` դիտվել է նաև թշային շրջանի փափուկ հյուսվածքների ուռուցքային ինֆիլտրացիա և ենթածնոտային լիմֆադենոպաթիա։ Կատարվել է վիրահատություն՝ ստորին ծնոտի և ախտահարված փափուկ հյուսվածքների ռեզեկցիա և պարանոցային վերին և ստորին լիմֆոդիսեկցիա։
Վիրահատական միջամտությունից երկու տարի անց կատարվել է ստորին ծնոտի ատամնային իմպլանտացիա և պրոթեզավորում։